Նոր բացահայտումներ Նեֆերտիտի թագուհու գերեզմանի մասին
Բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվսը այս տարվա օգոստոս ամսին տեսություն է հրապարակել այն մասին, որ եգիպտական թագուհու վերջին հանգստավայրը կարող է գտնվել Եգիպտոսի ամենահայտնի փարավոնի` Թութանհամոնի դամբարանում: Նրա տեսությունը մեծ ոգևորություն է առաջացրել աշխարհի եգիպտագետների շրջանում` նրանց դրդելով նոր ուսումնասիրություններ կատարել տարածքում: Իր տեսությունն ապացուցելու համար Ռիվսը ռադիոլոգիական և ջերմային հետազոտություն է իրականացրել: Դրա նախնական արդյունում հնարավոր է եղել եզրակացնել, որ դամբարանի հյուսիսային պատի ետևում տարածք կա, որը հնագետների համոզմամբ վկայում է մեկ այլ դամբարանի առկայության մասին:
Ըստ Եգիպտոսի հնագիտության նախարար Մամդուհ Էլդամաթիի` դամբարանի ներսում աշխատանքները կսկսվեն միայն այն բանից հետո, երբ ռադիոլոգիական և ինֆրակարմիր ճառագայթներով անցկացված հետազոտություններից ստացված տվյալները վերլուծվեն ճապոնացի փորձագետների կողմից:
Նեֆերտիտին, ով պատկանում էր 18-րդ թագավորական ընտանիքին, Եգիպտոսում իշխել է Ք.ա. 14-րդ դարի կեսերին իր ամուսնու` Ամենհոտեպ թագավորի հետ: Թագուհու ոչ այնքան համեստ անունը նշանակում է «գեղեցկուհին եկավ»: 12 տարի կառավարելուց հետո Նեֆերտիտին այլևս չի հիշատակվում պատմության մեջ: Որոշ եգիպտագետներ կարծում են, որ նա շարունակել է կառավարել այլ անվան տակ, մյուսներն էլ կարծում են, որ թագուհին պարզապես մահացել է: