Հայերեն   English   Русский  

Օգտակար սենյակային բույսեր


  
դիտումներ: 14239

Հնուց անտի մարդը ձգտել է բույսերով զարդարել իր տունը: Նա իրեն մեկ միասնական ամբողջություն է զգացել բնության հետ և նրա մի մասնիկը տուն տարել: Բույսերին դիմել է ապաքինվելու համար:

Բայց այդ ձգտումը ավելի շատ բնազդային է եղել: Ներկայումս գիտնականները պարզել են, որ բացի գեղագիտական նշանակությունից, բույսերը մի ուրիշ օգտակար գործառույթ էլ ունեն` բարելավում են օդի բաղադրությունը և մաքրում մթնոլորտը:

Տնային բույսերը քիչ օգուտ չեն տալիս փակ շինությունների միկրոկլիմայի մաքրման առումով: Դրանք թթվածին են արտադրում և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց: Բացի այդ, զվարթացնող հոտը, որ արձակում են մեծ քանակությամբ թռչող ֆիտոնցիդներ զատող սենյակային եթերայուղային բույսերը, լավացնում է մեր ինքնազգացողությունը և պաշտպանական ուժերը: Հարկ է հիշել, որ բույսերը, գոլորշիացնելով տերևների մակերեսից խոնավությունը, բնակարանների չափազանց չոր օդը խոնավացնում են (խոնավությունը կարելի է շատ հեշտ բարձրացնել, եթե բույսը սենյակում տակառիկում դնենք): Մի խոսքով, նրանք առողջացնում են, բարելավում օդը` տանը ստեղծելով մարդու համար բարենպաստ միկրոկլիմա: Այդ ամենը նպաստում է օրգանիզմի դիմադրողականությանը վարակների նկատմամբ, հետևաբար կարևոր առողջարար նշանակություն ունի:
Առավել ցայտուն է սպիտակ բծավոր բեգոնիայի, հոտավետ պելարգոնիայի. սպիտակ օլեանդրի, գարնանային պրիմուլայի, առաձգական ֆիկուսի, տնային խորդենու և այլ տնային բույսերի ֆիտոնցիդների համամանրէային ազդեցությունը: Դրանք միանգամայն օգտակար են թե´ հիվանդների (օրինակ` վերին շնչուղիների և թոքերի հիվանդություններ ունեցողների), թե´ առողջների համար: Վերին շնչուղիների հիվանդությունների հակում ունեցողների համար դրական ազդեցություն է ունենում նաև այն ֆիտոնցիդներ շնչելը, որոնք արտադրում է սենյակային կիտրոնը: Այդ բույսը բարենպաստ է ազդում նաև սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների վրա: Բույսերի բույրը, գրգռելով քթի հոտառության ընկալիչները, ռեֆելկտոր ճանապարհով կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցություն է թողնում` պայմանավորված է բույսի տեսակով և կարող է լինել հանգստացնող, բթացնող (ընդհուպ մինչև թմրեցնող ազդեցությունը), խթանող և, վերջապես, գրգռող: Իմանալով այդ առանձնահատկությունները` կարելի է դրանք նպատակային աճեցնել տանը: Այսպես, եթե ինչ-որ մեկի նյարդային համակարգի գրգռողականությունը բարձր է, ապա օգտակար է տանը հոտավետ խորդենի (պելարգոնիա) ունենալ: Այդ հոտը լավացնում է քունը, բացի այդ իջեցնում է հիպերտոնիկների ճնշումը: Երիցուկի, դաղձի, վարդի, պարտեզային մանուշակի, նարնջի և կիտրոնի հոտերը թարմացնում են օդը և բարենպաստ ազդում մարդու հուզական վիճակի վրա` լավացնելով տրամադրությունը և խթանելով աշխատունակությունը:
Ծաղիկների միջոցով կարելի է հաճելի անկյուն ստեղծել բնակարանում` յուրօրինակ օազիս, որում հաճույքով կանցկացնեք ձեր ազատ ժամանակը: Սենյակային բույսերը կարող են վերափոխել ինտերիերը, կզարդարեն և կկենդանացնեն այն:

Հիշեք, որ որոշ բույսեր (խորդենին, պրիմուլան, կալենդուլան ևն) կարող են ալերգիա առաջացնել` սուր հարբուխի (ռինիտի), լուսավախության, ինքնազգացողության վատթարացման, գլխացավի, մաշկի ցանի դրսևորմամբ, իսկ ավելի արտահայտված դեպքերում` ասթմոիդ բրոնխիտի նոպաների և բրոնխիալ ասթմայի: Նման բույսերը հարկ է հեռացնել բնակարանից:

Ի՞նչ բույսեր ընտրել

խորդենի

Խորդենի
Ամենատարածված տնային ծաղիկը խորդենին է (պելարգոնիա): Այն յուրահատուկ սենյակային բժշկի դեր է կատարում նյարդային հիվանդությունների, հատկապես` նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, տարբեր ծագումների նևրոզների, անքնության դեպքում: Խորդենու գլխավոր ազդող բաղադրիչը գերինոլն է: Այն հակամանրէային և հակավիրուսային հատկություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Խորդենու պատրաստուկները դաբաղող, արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող, հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն են թողնում: Ժողովրդական բժշկության մեջ խորդենու արմատը և տերևներն օհտագործում են տարբեր արտաքին և ներքին արյունահոսությունների, գաստրիտների, բրոնխիտների, երիկամաքարային հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի դեպքում:
Խորդենու եփուկը կամ թուրմն օգտագործում են ստոմատիտի, անգինայի դեմ բերանի խոռոչի ողողման համար, որպես թրջոցներ` էկզեմայի, խոցերի, խուղակների, դերմատիտների բուժման համար, մազաթափության դեպքում` գլուխը լվանալու համար: Տերևների եփուկն օգտագործում են ոսկրերի կոտրվածքների դեպքում, լոգանքի համար: Խորդենու եփուկը և թուրմը պատրաստում են հետևյալ համամասնությամբ. 2-4 թեյի գդ. չոր տերևները 2 բաժակ եռացրած ջրում:

Հալվե

Հալվե
Բոլորին է հայտնի այս բույսը` դարահալվեն, որը դարեր շարունակ օգտագործվում է որպես տնային բժիշկ: Դարահալվեն (ծառանման հալվե) մի շարք հատկություններ ունի, որոնք օգտակար են առողջության համար. հակաբորբոքային, լեղամուղ, հակամանրէային, ամոքիչ, հակաայրվածքային: Այն ուժեղացնում է մարսողական գեղձերի սեկրեցիան, լավացնում ախորժակը, կանոնավորում մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները և իմունառեակտիվ հնարավորությունները, ուժեղացնում վերականգնողական գործընթացները վնասված հյուսվածքներում:
Հալվեն նշանակում են անեմիայի, ճառագայթային վնասվածքների, արագ զարգացող կարճատեսության, կոպերի բորբոքման, ստամոքսի խոցի, բրոնխիալ ասթմայի, քրոնիկ փորկապությամբ ուղեկցվող գաստրիտների, ֆարինգիտների, լարինգիտների դեպքում, դեզինտերիայից հետո, ինչպես նաև` որպես ընդհանուր ամրապնդող և իմունիտետի բարձրացման միջոց: Սովորաբար այդ նպատակով հալվեի հյութը հավասար չափաբաժնով խառնում են մեղրի հետ և ընդունում մեկ երրորդ թեյի գդալ օրը երեք անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` վրայից տաք կաթ խմելով: Բուժման ժամկետը 3 շաբաթ է, այնուհետև` 10 օր ընդմիջում:
Թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի, այրվածքների, թարախապալարների ու ֆուրունկուլների դեպքում հալվեն ընդունում ենք արտաքինից ողողման և թրջոցների ձևով, օրը երկու անգամ` փոխելով հալվեի հյութով թրջած վիրակապը: ճառագայթային ծագմամբ գլխի դերմատիտների դեպքում հալվեի հյութով կոմպրեսները վերացնում են գլխացավը, արագացնում հյուսվածքի վերականգնումը և մազերի աճը:
Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների, դերմատիտների դեպքում նշանակում են ողողումներ ջրի հետ խառնած հալվեի հյութով (1:1 հարաբերակցությամբ): Երեք անգամ քթի մեջ հալվեի հյութ կաթեցնելուց հետո (5-8-ական կաթիլ, 3-5 ժամ ընդմիջումով) դադարում է հարբուխի զարգացումը:
Հալվեի հյութ պատրաստելու համար պոկեք 2-4 տարեկան բույսի կողային ընձյուղները, ստորին և միջին տերևները, կենսաբանական ակտիվությունը ուժեղացնելու համար 10-14 օր պահեք սառնարանի ստորին դարակում, այնուհետև մսաղացով աղացեք, ճզմեք, քամեք 3-4 շերտ թանզիֆով և ստացված հյութը 3 րոպե եռացրեք: Օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո, քանի որ հյութն արագ կորցնում է իր ակտիվությունը:
Հարկ է հաշվի առնել, որ հալվեն ունի նաև հակացուցումներ: Հալվեի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի և երիկամների հիվանդությունների, ծանր սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, ստամոքսի սուր խանգարման, արգանդի և թութքի արյունահոսությունների, հղիության մեծ ժամկետի դեպքում, ինչպես նաև 40-նն անց մարդկանց:

Կալանխոե

Կալանխոե
Այս բույսն անվանում են տնային բժիշկ: Այն փափուկ հյութեղ տերևներ ունի: Դրանցից հյութ են քամում, որը հաջողությամբ կիրառվում է վերքերի, այդ թվում և թարախային վերքերի, երկար ժամանակ չփակվող տրոֆիկ խոցերի, պառկելախոցերի, կարմիր քամու բորբոքումների բուժման համար: Կալանխոեի հյութը օգտագործվում է նաև տոնզիլիտների, հայմորիտների, ստոմատիտների, պարադոնտոզների, գինեկոլոգիական հիվանդությունների (էրոզիաների, արգանդի վզիկի բորբոքումների ևն) բուժման նպատակով:
Հյութը ստանալու համար անհրաժեշտ է կալանխոեի տերևները 7 օր պահել մութ տեղ, 5-10 ջերմաստիճանում, այնուհետև լվանալ և անցկացնել հյութքամիչով: Բուժիչ ազդեցություն է թողնում նաև կալանխոեի քսուքը, որը պատրաստում են կալախոեի 40 մասից, լանոլինի 60 մասից և հավասար քանակությամբ վերցրած (0,25-ական մաս) ֆուրազոլիդոնից և նովոկաինից: Քսուքը կարելի է նախապես պատրաստել, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի արտակարգ իրավիճակների կամ անհետաձգելի օգնության դեպքում:


Դաղձ (անանուխ)

Դաղձ (անանուխ)
Ձեր պատուհանին դուք կարող եք դաղձ աճեցնել, որը ամառանոցատերերը սովորաբար իրենց բանջարանոցը քաղհանելիս անխնա պոկոտում են: Եթե աշնանն այն տնկեք ծաղկամանում և դնեք պատուհանին, ապա արդեն ցուրտ դեկտեմբերին կտեսնեք նուրբ բաց կանաչ տերևները, որոնք թարմ ու սուր հոտ ունեն:
Դաղձը լայնորեն կիրառվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ: Այն օրգանիզմի վրա ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցություն է թողնում, լավացնում ախորժակը և մարսողական գեղձերի սեկրեցիան: Շատ տնտեսուհիներ գիտեն, թե այն ինչ հիանալի խոհարարական հավելում է:
Եթե դաղձ եք աճեցրել ձեր պատուհանին, ապա Նոր տարուն կարող եք դրանից շատ պարզ ու տարաշխարհիկ ուտեստ պատրաստել` շաքարացված դաղձ. դաղձի տերևներն ընկղմում ենք հարած սպիտակուցի մեջ, ապա` 1-2 րոպե եռացող շաքարաջրի մեջ, դասավորում ափսեի մեջ և թեթևակի չորացնում: Ձեր հյուրերը հաճելիորեն կզարմանան` փորձելով այդ քաղցրավենիքը:





Կիտրոն

Կիտրոն
Տնային կիտրոնն արժե աճեցնել ոչ միայն պտուղների համար: Բուժիչ հատկություն ունեն նաև դրա հոտավետ տերևները: Դրանք 85 տարբեր բուժիչ նյութեր են արձակում: Այն սենյակում, որտեղ գտնվում է կիտրոնը, օդը գրեթե ստերիլ է: Եթե սենյակում կիտրոն աճի, ապա շատ ախտածին մանրէներ, որոնք գոյատևում են այդ սենյակում, կկորցնեն բազմանալու ունակությունը: Կիտրոնը բոլորին հայտնի է որպես C վիտամինի պահեստ, սակայն նրա մեջ առկա են նաև այլ վիտամիններ (P, PP, B1), ինչպես նաև տարբեր միկրոտարրեր:
Կիտրոնով թեյը ուժեղ հյութամուղ միջոց է, ուստի ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և բարձր թթվայնությամբ ստամոքսի դեպքում հարկ է հիմնականում ձեռնպահ մնալ կիտրոն օգտագործելուց: Այն լավ է ավելացնել ուտեստներին անաղ և քիչ աղի դիետաների ժամանակ:
Առողջ և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար (բժշկի հետ խորհրդատվությունից հետո) կարելի է պատրաստել այսպես կոչված կիտրոնի կաթ: Դրա համար հարկ է մեկ կիտրոնի հյութ քամել, լցնել հարիչի մեջ, ավելացնեկ մեկ բաժակ սառը կաթ, 3-4 թեյի գդալ շաքարավազ, հարել և ստացված խառնուրդը սառեցնել: Այդ օգտակար զովացնող ըմպելիքը լավ է խմել ձողիկով:
Որպես կանոն, հողի վրա զարգանում են միկրոսկոպիկ սնկեր, որոնք սպիտակ նստվածք են առաջացնում հողի մակերեսին: Հենց այդ սնկերն են ամենահզոր ալերգենները և կարող են բրոնխիալ ասթմայի նոպա, ալերգիկ ռինիտ (հարբուխ), կոնյուկտիվիտ (աչքերի բորբոքում) և այլ ալերգիկ դրսևորումներ հրահրել: Այդ դեպքերում հարկ է հրաժարվել սենեկային բույսերից:
Մահճակալի մոտ կարելի է դնել սովորական խորդենու կոմպոզիցիա (տարբեր գույնի ծաղիկներով) և հոտավետ խորդենի: Այն բարենպաստ ազդեցություն կունենա քնի վրա: Իսկ մրտենու (միրտա), նիվենու (էվկալիպտ) և հազրեվարդի (ռոզմարին) կոմպոզիցիան բրոնխոլիտիկ, հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն կունենա:

Սենյակային բույսերը մաքրում են օդը
Բոլորն էլ գիտեն, թե ինչ կարևոր է օդի մաքրությունը տանը, և ինչքան տարածված երևույթ է օդի աղտոտումը բնակարանների ներսում:
ՆԱՍԱ-ի գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդու առողջության վրա սենյակային բույսերի ազդեցությունը պարզելու համար և հայտնաբերել են, որ սովորական սենյակային բույսերը կարող են լավացնել օդի որակը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տնային բույսերը կարող են 24 ժամվա ընթացքում հեռացնել օդի վնասակար թույների գրեթե 87%-ը: Ուրեմն ի՞նչ է պետք: Մոտ 160 քմ տարածք ունեցող տան համար աճեցրեք 15-18 սենյակային բույս` 15-20 սմ տրամագծով ծաղկամաններում:
Սենեկային բույսերը կօգնեն հեռացնելու տարբեր թունավոր արտազատումներ, ներառյալ` ամիակը, ֆորմալդեգիդը, շմոլ գազը, բենզոլը, քսիլոլը և տրիքլորէթիլենը: Ստորև ներկայացնում ենք այդ առումով ամենաօգտակար բույսերի ցանկը: Եվ հիշեք` ինչքան առողջ է բույսը, այնքան ավելի շատ օգուտ կտա այն ձեր առողջությանը:

Հինգ ամենաօգտակար տնային բույսերը
1. Պատատուկ (պլյուշչ)
2. Ֆիկուս
3. Ձարխոտ (պապորոտնիկ)
4. Քրիզանթեմ
5. Արմավենի (պալմա)





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: