Կուզենայի, որ ինձ հիշեն այնպես, ինչպես հիմա ճանաչում են. Արսեն Ջուլֆալակյան
-Արսեն, վերելքներն ու վայրէջքներն սպորտում անխուսափելի են: Այս տարվա աշխարհի առաջնությունը ձախողված էր քեզ համար: Ի՞նչ հետևություններ ես արել:
- 2015 թվականը, հենց աշխարհի առաջնությունը ինչ-որ տեղ աննորմալ դասավորվեց ինձ համար, բայց տարվա մյուս մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, հաղթանակած եմ դուրս եկել: Չհասկացա` ինչ եղավ: Մինչ օրս էլ չեմ կարող բացատրել, թե ինչն էր այդ ամենի պատճառը: Սակայն պատճառներից մեկը կնշեմ այն, որ պարտություններից հետո շատ արագ էին հաջորդ գոտեմարտերը: 45 րոպեում 3 գոտեմարտ եմ անցկացրել, որից մեկը նախորդ տարվա 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հետ էր: Ինձ համար և կարծում եմ բոլորի համար բավականին բարդ մրցակից: 4:0 պարտվում էի և հաղթեցի 4:7 հաշվով: Ինչ ունեի-չունեի տվեցի այդ գոտեմարտին: Ընդամեը 15 րոպե ունեի վերականգնվելու համար, որը՝ չբավարարեց: Այդ 15 րոպե բավարարեց միայն հաջորդ մրցակցի հետ 3 րոպե գոտեմարտելու համար: Գիտակցությունս արդեն լիարժեք չէր, հասկանում էի՝ ինչ է կատարվում, բայց չէի կարող ոչինչ անել: Պետք է լինել գորգում, պետք է լինել պրոֆեսիոնալ մարզիկ՝ խորությամբ հասկանալու, թե որքան բարդ է: Երբեմն ասում են՝ ինչպե՞ս կարող էր նման մարզիկն այսպիսի հնարք բաց թողնել. անհավատալի մի բան: Խնդիրն այն էր, որ մարմինդ չի ենթարկվում քեզ: Մոտ մեկ ամիս ցանկություն չկար ինչ-որ բան անելու, սակայն հետո հասկանում ես, որ դեռևս ոչինչ կորցված չէ: Մեր նպատակն Օլիմպիական խաղերն են: Ոչ մի նստվածք չի մնացել աշխարհի առաջնությունից հետո, ամեն ինչ հաղթահարված է:
-Առջևում վարկանիշային 3 մրցաշար կա, ինչ ես կարծում, քեզ կհաջողվի՞ հենց առաջին փորձից ուղեգիր ձեռք բերել:
-Բնականաբար, փորձելու եմ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել առաջին իսկ փորձից: Այդ ամենը կարևոր է այն առումով, որ շատ ավելի ժամանակ կունենամ նախապատրաստվելու Օլիմպիական խաղերին և կվերականգնվի այն անթերի վստահությունը, որը կար մինչ այդ: Պետք է թե ես, թե իմ մարզիչները ճիշտ մոտենանք, թե որ մրցաշարին կմասնակցենք:
-Արսեն, հնարավո՞ր է, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո հեռանաս մեծ սպորտից:
-Իսկապես ոչինչ չեմ կարող ասել: Տարիքս թույլ տալիս է շարունակել: Բայց հիմա չեմ ուզում խոսք տալ, ասել: Դեռ վերջին չհասած՝ նախապես գնահատական տալը սխալ գործ է: Ավելի լավ է վերջնական արդյունքը ունենանք և հետո հասկանանք, պետք է յուղալի վերջակետ դնել, թե շարունակել:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: