Հայերեն   English   Русский  

Անհերքելի ապացույցներ կան, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով


ՖԲ-գրառում


  
դիտումներ: 173593

«25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին»... Դեռևս անցյալ տարի համացանցում տեղադրվեց (ռուսերեն բնագրով) հայ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) «25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:

Ինչպես գիտենք, դա Հայաստանի Հանրապետության բուն տարածքները հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի զիջած հիմնական պայմանագիրն է հանդիսանում` այն իրավական հենքը, որի վրա հետագայում դրվեց ողջ Հարավային Կովկասի սահմանազատումը` ի վնաս Հայաստանի: Այդ պայմանագրի մասին խորհրդային տարիներին Հայաստանում արգելված էր խոսել, քանի որ այդ ամենն արվել էր` մեծապես վնասելով մեր երկրի շահերը, իսկ դրա անդառնալի հետևանքները ամբողջությամբ մենք հիմա ենք զգում` թե տարածքային, և թե բնակչության ռեսուրսների սակավության առումով:

Ըստ Լ.Էյրամջյանցի, այդ պայմանագիրը և նրան կից գաղտնի արձանագրությունները քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մոսկվայի պայմանագրի ուղղակի շարունակությունը հանդիսացավ նույն Սովետական Ռուսաստանի հովանավորությամբ ամիսներ անց կնքնված Կարսի պայմանագիրը, և բնական է, որ նույն գործառնությունն իրականացնող այդ երկու պայմանագրերն էլ ունեցել են նույն գործողության ժամկետը: Այսպիսով, տարածաշրջանի բոլոր իր խնդիրները Թուրքիան 1921-ին հեշտությամբ և առանց ոչ մի խոչընդոտի լուծեց ռուսների միջոցով՝ յուրատեսակ ձևով գրավ դնելով հայկական տարածքները: Մինչդեռ Հայաստանը մինչ հիմա այդպես էլ ոչ մի կերպ իր վերաբերմունքը չի արտահայտել այդ պայմանագրերի վերաբերյալ:

Լ.Էյրամջյանցը գրում է, որ, ըստ թուրքական աղբյուրի, դեռևս 1925 թ. Թուրքիայում ՌԽՖՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել էր չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը` ուղեկցելով այն միակողմանի կարգով իրականացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հայտարարությունով։ Միաժամանակ դեսպան Վինոգրադովը բանավոր զրույցի ժամանակ ասել էր. «Մենք չենք կարող 25 տարի սպասել և ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրել ենք, որովհետև այն ժամանակ թույլ ենք եղել... Իսկ հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»։ Ինչին արձագանքել էր Թուրքիայի այն ժամանակվա հայտնի պետական գործիչ Իսմեթ Ինյոնյունը, ասելով. «Նոր երկիրը» պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»։

Ինչպես նշում է Լ.Էյրամջյանցը, 1945-ին այդ հարցն իրոք արդեն շատ մոտ է եղել հանգուցալուծման` հօգուտ ԽՍՀՄ-ի: Նա գրում է. «Այդ փաստի պատմական հավաստիությանը կասկածել պետք չէ, քանի որ դա զուգադիպում էր Թուրքիային պատերազմ հայտարարելու ԽՍՀՄ-ի մտադրությանը, և անկախ Անկարայի դիվանագիտական պարզունակ խաղից ու «վերջին պահին» Գերմանիային պատերազմ հայտարարելուց՝ խորհրդային զորքերի համար ապահովվում էր գործողության իրավական կողմը, որից հետո նրանք իրոք պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք...»։

Հոդվածում բերվում է նաև մի այսպիսի հետաքրքիր փաստ. երբ 1945-ին Հայկական և Վրացական ԽՍՀ-ների ներկայացուցիչները մամուլում հրապարակված իրենց կոչում պահանջեցին ետ վերադարձնել Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, Արդահանն ու Արտվինը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ավելի ուշ կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն պատասխանել էր հետևյալը. «Մենք իհարկե գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է, և պատրաստ ենք սկսելու սահմանագծումը, սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնություններն այդ հարցում... Լավ կլիներ, որ դուք Խորհրդային Միությունում նախ իրար մեջ պարզեիք ու հետո նոր բաժանեիք դեռ չսպանված արջի կաշին»։

Լևոն Էյրամջյանցի հոդվածը կարող եք կարդալ այս հղումով: http://maxpark.com/community/1804/content/699945 Հոդվածը գրվել է 2001-ին և կրում է 1990-ականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշ վիճելի դրույթներ, բայց հավաքված պատմական փաստերի առումով՝ շատ արժեքավոր է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: