Հայերեն   English   Русский  

Քիչ համբուրվեք ամանորյա տոների ընթացքում. ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ


  
դիտումներ: 1197

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ձմռանը տարածվում են սուր շնչառական հիվանդությունները և գրիպը: Սակայն առայժմ իրավիճակը լուրջ քայլեր չի պահանջում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նա նշեց, որ հարևան Իրանում H1N1 տեսակի գրիպ է հայտնաբերվել. «Մեզ մոտ էլ նման դեպք եղավ: Չէր կարող չլինել, քանի որ այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ իրանցիների հետ շփումը բավական մեծ է: Բավական շատ է տեղաշարժը Իրանից Հայաստան, Հայաստանից Իրան: Մենք հայտնաբերել ենք երեք դեպք: Կարող են լինել մի քանի չհայտնաբերված դեպքեր, քանի որ հնարավոր չէ բոլորի մասին տեղեկանալ. բոլորը չէ, որ գնում են բժշկի և հետազոտվում են: Բացի այդ, նշված հիվանդությունն արդեն մեղմացել է: Այն նույն ագրեսիվությունը չունի, ինչ 2009 թվականին: Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները»,- ասաց պարոն Ասոյանն` ընդգծելով, որ եթե հիվանդի մոտ 2-3 օր շարունակ լինում է ջերմաստիճան, ապա անպայման պետք է դիմել բժշկի:

Սովորական գրիպի դեպքերն այնքան շատ չեն, որքան նախորդ տարի: Գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, սպասվում է փետրվարին և կնահանջի գարնանը:

Անդրադառնալով աղիքային վարակներին՝ նա ասաց, որ բավական ակտիվ աշխատանքային տարի է եղել իրենց համար. «Դրան նպաստեց նաև այն աննախադեպ շոգը, որ գրանցվեց այս տարի: Հետևաբար, եղան նաև շոգին բնորոշ աղիքային ինֆեկցիաներ, և բարեբախտաբար, տարվա ընթացքում զոհեր չեղան»,-ասաց մասնագետը՝ նշելով, թե տարվա ընթացքում ավելի շատ դեպքեր գրանցվեցին մարզերում, քան՝ մայրաքաղաքում:

2015 թվականին մի նոր երևույթ սկսեց գործել, որը նպաստեց վարակների տարածմանը.

«Այս տարի ավելի շատ ճամբարներ էին գործում: Ճամբարներում միշտ չէ, որ մասնագետները տիրապետում են առողջ սննդի կարգուկանոնին, դա էլ իր հերթին նպաստեց, որ մի քանի ճամբարներում թունավորման դեպքեր գրանցվեն:

Ինչ վերաբերում է ամանորյա սննդակարգին, ապա գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, որ պետք է զգուշանալ հատկապես խմիչքից. «Տարին մի օր է լինում այդ տոնը և պետք է մեծուրախությամբ նշել դա, սակայն չափը չանցնել: Ամեն դեպքում չի կարելի մեկ օրում ամեն ինչ ուտել` խոզի ազդրը, հետո խմիչքները, աղցանները, վրայից էլ թխվածքները: Սա շատ վնասակար է: Ամեն դեպքում ես չեմ հիշում որևէ տարի, երբ ամբողջ հայ ազգը ընկնի հիվանդանոց»:

Պետք է քայլեր ձեռնարկել մարդկանց հետ շփման արդյունքում վարակից խուսափելու համար. « Ամանորի ժամանակ հյուր գնալիս բոլորը համբուրվում են: Պետք է դադարեցնել այդ միասեռական համբույրները: Այդպես են տարածվում գրիպները: Քիչ համբուրվեք»,- եզրափակեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: