Հայոց Նոր տարին
Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:
Մյուս ամանորը Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:
Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:
Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:
Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր: Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:
Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:
Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:
Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:
Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:
Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:
Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:
Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:
Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:
Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:
Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:
Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:
Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:
Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:
Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:
Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:
1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:
1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:
Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:
Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:
Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:
Բարի Ամանոր:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ