Հայերեն   English   Русский  

Ամանորին ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի. ՃՈ


  
դիտումներ: 793

Ամանորին ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Հայտարարությունում, մասնվորապես, ասվում է.

«Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջեւում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն են:

Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:

Ոստիկանությունը ողջ ծավալով եւ ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաեւ քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:

Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր, ձեր հարազատների, երթեւեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր եւ այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց:

Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Հարգելի ծնողնե՛ր, տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ: Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել եւս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար:

Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաեւ տոնական հրավառությունների կազմակերպման անվտանգության կանոնները:

ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց հիշենք, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով չխախտենք նրանց անդորրը, չվտանգենք նրանց առողջությունը, նեղություն չպատճառենք մարդկանց:

Գրված օրենքներից բացի, կան նաեւ չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է:

Ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

Շնորհավորում ենք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի, շենություն ու երջանկություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: