Հայերեն   English   Русский  

Բան Կի Մուն. «Իրանը չափազանց ազդեցիկ դերակատարություն ունի տարածաշրջանում»


  
դիտումներ: 1266

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը երեկ երեկոյան Նյու-Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսեիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա ) միջուկային բանակցություննրում վերջնական համաձայնության հանգելու հարցում լավատես է:

Մուհամադ Զարիֆը, կարևորելով Իրանի դիրքորոշումներն ու կատարած քայլերը տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման, հարևանների հետ բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև Իրաքի նոր կառավարության հետ համագործակցության շուրջը, ասել է, որ Իրանն իրեն պարտավորված է զգում սատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և առանցքային խնդիր է հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ:
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ:
«Ընդունելի չէ այն, որ Միջին Արևելքում միայն Իրանի վերաբերյալ է զեկույց հրապարակվում: Այսօր, երբ Իրանն աշխարհում ու տարածաշրջանում թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնի է վերածվել, և աշխարհը դա հաստատում է, աշխարհում անդորրի ու խաղաղության ազդակ հանդիսացող ՄԱԿ-ը ծաղրի է ենթարկում իրական արժեքները և Իրանին դատապարտում է թմրանյութերի մաքսանենգներին մահապատժի ենթարկելու համար»,- ասել է Զարիֆը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով տարբեր երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան ու Լիբանանը, տիրող վիճակը, կարևորել է տարբեր երկրների օժանդակությունը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում:
«Իրանը չափազանց ազդեցիկ դերակատարություն ունի և հանդիսանալով տարածաշրջանում գլխավոր դերակատարներից մեկը, կարող է կառուցողական դերակատարություն ունենալ խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Բան Կի Մունը:
Այս հանդիպումից հետո, Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մշակել այնպիսի համակարգ, որն ունակ կլինի երաշխավորել, որ Թեհրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի մշակմամբ:
«Մենք չենք խոսում Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին, մենք խոսում ենք դրա սահմանափակման մասին: Մեզ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, որոնք ունակ կլինեն երաշխավորելու, որ Իրանը երբեք չի արտադրի միջուկային զենք: Մենք պատրաստ ենք գործարկել այդ մեխանիզմները: Եթե դուք ասում եք, որ Իրանը պետք է փակի ուրանի հարստացման իր ծրագիրը, ապա դա անելն անհնար է, քանի որ հնարավոր չէ դադարել զբաղվել գիտությամբ: Անհնար է դադարել զբաղվել տեխնոլոգիաների մշակմամբ: Մենք արդեն իսկ կարողանում ենք անել դա: Դրա համար էլ ամենաճիշտ մոտեցումն այն է, որ երաշխավորվի, որ այդ տեխնոլոգիաները կօգտագործվեն թափանցիկ ձևով՝ խաղաղ ծրագիր իրագործելու համար»,- նշել է Զարիֆը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: