Հայերեն   English   Русский  

Առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք


Խանդի հողի վրա ծագած վիճաբանության գործը՝ դատաքննության փուլում


  
դիտումներ: 1420

Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):

Ծանոթություն

Գործով ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն անընդհատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում: Այսպես, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով Վաղինակ Ո.-ի կողմից տուժողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն հետագայում որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը:

Դրանից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը կրկին մերժվել է տուժողի հաշտության հիմքով: Դեպքից շատ չանցած` ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նորից նյութեր են նախապատրաստվել, այս անգամ արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ, սակայն Վաղինակ Ո.-ի բախտն այս անգամ էլ բերել է, և որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

2012 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, և նորից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին տուժողի բողոքի բացակայության հիմքով:

Նշված բոլոր որոշումները պահանջվել են հետաքննական մարմնից և կցվել քրեական գործի նյութերին:

Տուժողի մասին

Սույն գործով տուժող Սիրանուշ Գ.-ն ամբաստանյալից՝ Վաղինակ Ո.-ից մեծ է 11 տարով: Տուժողը և ամբաստանյալը գտնվել են ինտիմ կապի մեջ և 2012 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013-ի հունիսը միասին են բնակվել: Տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները լարվել են, ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն, հավաքելով անձնական իրերը, հեռացել է Սիրանուշ Գ.-ի բնակարանից:

Հանցագործության դեպքը

2013 թ. հունիսի 30-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վաղինակ Ո.-ն ցանկացել է հանդիպել Սիրանուշ Գ.-ին: Երիտասարդը գնացել է նրա բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Սիրանուշ Գ.-ի վաղեմի ընկեր Ստեփան Հ.-ն: Ըստ նախաքննական մարմնի նյութերի՝ նշված բնակարանում մեկ այլ տղամարդու գտնվելու հանգամաքը զայրացրել է Վաղինակ Ո.-ին: Վերջինս ծեծի է ենթարկել Սիրանուշ Գ.-ին. ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:

Սիրանուշ Գ.-ն, սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել:

Այդ պահին Վաղինակ Ո.-ն կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան հանել միջանցք, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը: Դեպքի վայր եկած բնակիչների միջամտությունից հետո Վաղինակ Ո.-ն հեռացել է: Նույն օրը՝ ժամը 04: 00-ին, հանգստանալով և գիտակցելով իր արարքը, Վաղինակ Ո.-ն կրկին վերադարձել է գործով տուժողի բնակարան` վերջինիս որպիսությունն իմանալու:

Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, լույսը` անջատված, Սիրանուշ Գ.-ի բնակարանում գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել ապակին և հասկանալով, որ Սիրանուշ Գ.-ն տանը չէ` հեռացել է:

Քննչական գործողություններ

Սիրանուշ Գ.-ն դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժին: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ի վերջո, վարույթն իրականացնող անձանց կողմից որոշումներ են կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մեղադրանք

Վաղինակ Ո.-ն մեղադրվել է այն բանում, որ նա 2013 թ. հունիսի 30-ին՝ ժամը 02: 00-ի սահմաններում, իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գ.-ի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել` ձախ աչքի ստորին կոպի, ձախ նախաբազկի հետին մակերեսի արյունազեղումների, բերանի ներսային մակերեսի աջ կեսի, աջ թիակային շրջանի հատվածներում, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, պոռթելու նպատակով մատները մտցրել է բերանը, տուժողը կծել է նրա մատը, որից հետո Վաղինակ Ո.-ն ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը, որի արդյունքում վերջինիս պատճառել է ուժեղ ցավ, ինչպես նաև մարմնական տառապանք` երկարատև տևողությամբ, որն արտահայտվել է առանձին դաժանությամբ, և նրա գործողությունները կանխվել են միայն օգնության հասած հարևանների միջամտության արդյունքում: Դատարանի դժգոհությունը

Ըստ դատարանի՝ նախաքննական մարմինը անտեսել է ամբաստանյալ Վաղինակ Ո.-ի առողջական վիճակը, նրա անձը բնութագրող նշված հանգամանքները, կատարած արարքի բնույթը և վարքագծի դրսևորումները, նախաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ չի նշանակել: Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում դատարանն իր նախաձեռնությամբ անհրաժեշտ համարեց նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` գտնելով, որ դատարանին հետաքրքրող հարցերի պարզումը հնարավոր է միայն դատական հոգեբուժության և հոգեբանության բնագավառներում հատուկ մասնագիտական գիտելիքների և հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառմամբ: Այս առթիվ դատավարության մասնակիցները առարկություն չներկայացրին:

Հ.Գ.- Առանձին դաժանությամբ խոշտանգման այս դեպքին մենք դեռ կանդրադառնանք «Անկախի» հաջորդ համարներում: Միայն տեղեկացնենք, որ դատաքննությունը շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: