Հայերեն   English   Русский  

​Նախավճա՞ր, թե՞ կանխավճար, ո՞րն է սրանց տարբերությունը


  
դիտումներ: 5324

Քաղաքացիա-իրավական հարաբերություններում հաճախ հանդիպող այս եզրույթները շփոթում են: Պատճառը դրանց նշանակությունն ու իմաստը չհասկանալն է: Դրանց տարբերությունը հասկանալու համար անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:

Սա համարվում է պարտավորությունների կատարման ապահովման դասական տարբերակ: Սրա ապահովող հատկությունն այն է, որ եթե պայմանագիրը չի կատարվում կողմերից որևէ մեկի մեղքով, ապա այդ կողմը կրում է նյութական վնաս: Մեխանիզմը հետևյալն է.

-Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին:

-Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:

Հենց նյութական վնաս կրելու վտանգն է ստիպում կողմերին կատարել պայմանագրով իրենց կողմից ստանձնած պարտավորությունները:

Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ է նշանակում կանխավճար, սակայն տանում է այն գիծը, որը բաժանում է նախավճարը կանխավճարից: Այսպես, եթե կասկած կա պայմանագրով հասանելիքի հաշվին կողմի վճարած գումարի նախավճար լինելու հարցում, ներառյալ այն դեպքը, երբ համաձայնության գրավոր ձևը չի պահպանվել, այդ գումարը համարվում է կանխավճար (ավանս), եթե այլ բան ապացուցված չէ: Իսկ կանխավճարը, ի տարբերություն նախավճարի, չի հանդիսանում պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Կանխավճարը վճարվում է ոչ թե ի ապահովումն, այլ ի կատարումն պարտավորության և ի տարբերություն նախավճարի, չի կատարում պայմանագրի կնքման ապացույցի դեր:

Այս տարբերությունն առավել ցայտուն է երևում պայմանագրի չկատարման հետևանքների մեջ: Այսպես, եթե նախավճարի դեպքում այն կողմը, որի մեղավորությամբ չի կատարվել պայմանագիրը, կրում է նյութական վնաս (նախավճարը չի վերադարձվում/վերադարձվում է կրկնապատիկը), ապա կանխավճարի դեպքում նման վտանգ չի սպառնում: Եթե պայմանագիրը չի կատարվում, այսինքն՝ գործարքը տեղի չի ունենում, ապա կանխավճարը վերադարձվում է:

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: