Հայերեն   English   Русский  

​ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ


  
դիտումներ: 8686

Շատերը հիացած են նրանով, շատերը՝ արհամարհանք ու ատելություն են տածում նրա նկատմամբ՝ սեռական կողմնորոշման համար: Ամեն դեպքում, համաշխարհային պատմությունն անկարելի է պատկերացնել առանց Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Երրորդի: Մարդ, որ գահ բարձրացավ եվրոպական փոքրիկ պետությունում և կարճ ժամանակ անց նվաճեց աշխարհը:

Մ.թ.ա. 356 թ. հուլիսի 26-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելայում թագուհի Օլիմպիան արքայազն և գահաժառանգ պարգևեց Ֆիլիպ Երկրորդ թագավորին: Ողջ արքունիքը ցնծում էր: Երջանիկ էր նաև թագավորը՝ Ֆիլիպը, որի անվան հետ էր կապված մակեդոնական փոքր, աննշան թագավորության հզորացումը: Իսկ նորածինը ծննդյան օրից զարմացրեց բոլորին. նրա աչքերի գույները տարբեր էին՝ շագանակագույն և երկնագույն:

Ժամանակին քրմերը դա բախտավորության նշան են համարել, բայց Ալեքսանդրը վատառողջ երեխա էր: Նա պարանոցի հիվանդություն ուներ, ինչը հետագայում հաճախ էր զգացնել տալիս. աշխարհի տիրակալի վիզը գրեթե միշտ ծռված էր:

Ֆիլիպը, լինելով հավակնոտ, խորամանկ ու քաջ տիրակալ, խարդավանքներով, խաբեությամբ, զենքի ուժով կարողացավ նվաճել հունական պոլիսներն ու նպատակ ուներ համահունական թագավոր հռչակվելուց հետո նվաճել Ասիա աշխարհամասը: Ֆիլիպին են պատկանում համաշխարհային դիվանագիտության մեջ վաղուց թևավոր դարձած արտահայտություններ. «Չկա քաղաք, որ չկարողանաս նվաճել ոսկով բարձած մեկ էշով», «Եթե քաղաքը հնարավոր չէ նվաճել փողով, ապա հնարավոր է նվաճել շատ փողով»:

Իր ծրագրերում Մակեդոնիայի արքան մեծ տեղ էր հատկացնում որդուն՝ Ալեքսանդրին, որ մանկուց աչքի է ընկել ուշիմությամբ, արտակարգ քաջությամբ, տաղանդով: Ալեքսանդրը ակադեմիական կրթություն ստացավ: Նրա ուսուցիչն Արիստոտելն էր, որն իր սանին դաստիարակեց ու կրթեց իմաստասիրությամբ, արդարամտությամբ, իսկ նրա սիրած գիրքը Հոմերոսի «Իլիականն» էր, որ միշտ իր հետ էր:

Ալեքսանդրը ողջ կյանքում տարվեց իմաստասիրությամբ: Ըստ լեգենդի՝ նա Հունաստանում այցելում է հայտնի ճգնավոր Դիոգենեսին, որը հրաժարվել էր նրբակեցությունից ու քնում էր մի մեծ տակառում: Ալեքսանդրը մոտենում է հրապարակում գտնվող իմաստունին և հարցնում, թե կա՞ մի բան, որ կարող է անել նրա համար: «Այո,- պատասխանում է իմաստունը,- մի կողմ քաշվիր, փակում ես արևս»: Ալեքսանդրը, Դիոգենեսի պատասխանից տպավորված՝ ասում է. «Եթե ես չլինեի Ալեքսանդրը, կցանկանայի Դիոգենեսը լինել»:

Սակայն Ֆիլիպի և Ալեքսանդրի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ էին: Պատանին հավան չէր հոր վարած քաղաքականությանը: Բացի այդ, Ալեքսանդրի վրա մեծ ազդեցություն ուներ մայրը՝ Օլիմպիա թագուհին, որ ծագումով առնաուդ էր (ալբանացի) և արքայի չորրորդ կինն էր. թագուհու և Ֆիլիպի հարաբերությունները հեռու էին սիրալիր լինելուց:

Տասնվեց տարեկան էր Ալեքսանդրը, երբ հայրը կրկին ամուսնացավ: Հարսանյաց խրախճանքին ներկա էին թե՛ Օլիմպիան, թե՛ Ալեքսանդրը: Երբ նորահարսի եղբայրը գինովցած բաժակաճառ ասաց և մաղթեց, որ Ֆիլիպն ու նորահարսը մակեդոնական գահին օրինավոր գահաժառանգ պարգևեն, զայրացած թագաժառանգը՝ Ալեքսանդրը, բաժակով հարվածեց նրա դեմքին ու տապալեց՝ բացականչելով. «Ի՜նչ, ուրեմն ես բի՞ճ եմ»:

Հարբած Ֆիլիպը, սուրը մերկացրած, հարձակվեց որդու վրա, բայց սայթաքեց ու բերանքսիվայր ընկավ: Եվ Ալեքսանդրն ասաց հոր մասին իր հայտնի խոսքը.

«Նայեցե՛ք այս մարդուն: Նա, ով ցանկանում է Եվրոպայից Ասիա անցնել, սայթաքեց և ընկավ անկողնուց անկողին անցնելիս»:

Ալեքսանդրն առաջին անգամ մարտադաշտում փայլեց 18 տարեկանում, երբ Քերոնիայի ճակատամարտում իր հեծելազորով օգնության փութաց հորն ու ջախջախեց նրան շրջափակման աքցանի մեջ առած հունական զորքերը՝ վճռելով հունա-մակեդոնական պատերազմի ավարտը:

Շուտով Ֆիլիպը զոհվեց դավադրության հետևանքով, և մակեդոնական գահ բարձրացավ 20-ամյա որդին՝ Ալեքսանդր Երրորդը: Ի դեպ, շատ ուսումնասիրողներ Ֆիլիպի դավադրական սպանության հիմքում տեսնում են հենց Օլիմպիային, որ այդ քայլով ուղի հարթեց որդու համար դեպի գահ:

Ալեքսանդրը հորից ժառանգեց կայուն պետություն, լավ կազմակերպված բանակ, որով էլ մ.թ.ա. 334 թ. գարնանը, անցնելով Հելեսպոնտոսը, ներխուժեց Ասիա:

Առաջին բախումը եղավ Տրոյայի ավերակների մոտ՝ Գրոնիկոն գետի ափին: Ալեքսանդրի 50.000-ոց բանակի դեմ կանգնած էր պարսկական 60.000-ոց բանակը՝ հույն Մեմնոնի գլխավորությամբ: Պետք է նշել, որ պարսկական այս զորքը հիմնականում բաղկացած էր փոքրասիական սատրապությունների հելլենական քաղաքների բնակիչներից: Ճակատամարտում Ալեքսանդրի աստղը փայլեց:

Գրոնիկոնի ճակատամարտից քիչ անց, Մեմնոնը վշտից մահացավ, իսկ Պարսից արքա Դարեհ Երրորդը նոր, հսկայական բանակ հավաքեց Ալեքսանդրին դիմագրավելու համար: Ալեքսանդրի բանակն էլ ճանապարհին ստվարանում էր՝ գրաված հունական պոլիսների և պարսից տիրապետությունից դժգոհ, ազատագրված երկրամասերի հաշվին:

Երկրորդ ճակատամարտն Ասորիքում էր: Իսոսի ճակատամարտում Ալեքսանդրը, մեծ տոկունություն ցուցաբերելով, ջարդեց պարսկական հսկայական զորքը: Պարսկական բանակն անձամբ առաջնորդող Դարեհ Երրորդ արքան, մարտադաշտում անգամ իր կանանոցը թողնելով, փախուստի դիմեց: Ճակատամարտից հետո Դարեհը հաշտություն հայցեց և խնդրեց վերադարձնել իր կանանոցը: Ալեքսանդրը մերժեց:

Ճակատամարտից հետո Ալեքսանդրի զինակիցները, հմայված Դարեհի դստեր գեղեցկությամբ, Մակեդոնիայի արքային առաջարկեցին ամուսնանալ նրա հետ: Ալեքսանդրի պատասխանը կտրուկ էր. «Ես, որ հաղթել եմ Դարեհին, չեմ ցանկանում պարտվել նրա դուստրից»:

Նա սիրահարվեց գերված Բարսինային՝ Մեմնոն զորավարի այրուն, որ Ալեքսանդրի ուղեկիցը դարձավ նրա արշավանքների ընթացքում մինչև նրա ամուսնությունը Ռոքսանայի հետ:

Գրավելով Ասորիքը և Փյունիկիան՝ Ալեքսանդրը մեծ դիմադրության հանդիպեց Տյուրոսում: Կղզու վրա տեղակայված ամրոցը գրեթե 7 ամիս համառ դիմադրություն ցույց տվեց Ալեքսանդրին: Նա ափից 1500 մ երկարությամբ արհեստական պարանոց սարքել տվեց, գրավեց ամրոցն ու կոտորեց տյուրոսցիներին:

Սակայն Ալեքսանդրը չշտապեց վճռական հարված հասցնել Դարեհին: Գրավելով Կիլիկիան՝ նա անսպասելիորեն թեքվեց հարավ և գրավեց Եգիպտոսը, ուր հիմնեց Ալեքսանդրիա քաղաքն ու իրեն հռչակեց փարավոն և Ամոնի՝ Արևի որդի:

Շատ ուսումնասիրողներ Ալեքսանդրի այս քայլը անտեսել են կամ պատշաճ ուշադրության չեն արժանացրել: Շատերը կարծում են, թե Ալեքսանդրի արևելյան քաղաքականությունը միտված էր Արևելքում հունական, իմա՝ եվրոպական արժեքները տարածելուն: Այդ պատճառով արքան իր զինակիցներին ամուսնացնում էր տեղացի ազնվազարմ օրիորդների հետ: Համաձայն չլինելով այդ տարածված տեսակետին՝ կարծում եմ՝ Ալեքսանդրը ցանկանում էր Արևմուտքը և հելլենական քաղաքակրթությունը վերափոխել և կազմակերպել արևելյան արժեհամակարգով: Այլապես, չէր հրաժարվի հելլենիզմից, հունական դիցարանի աստվածների պաշտամունքից և իրեն Ամոնի որդի՝ Արևորդի չէր հռչակի: Դա հելլենական աշխարհայացքին հակառակ ուղղություն էր: Այլ հարց է, որ Ալեքսանդրի գործը կիսատ մնաց և նրա աշխարհակալությունն արագ քայքայվեց: Այս հարցը, հավանաբար, հատուկ քննություն է պահանջում:

Կա մի հետաքրքիր վարկած ևս, որի համաձայն՝ Ալեքսանդրն իր մայր Օլիմպիային գայթակղած եգիպտական փարավոն Նեքտանեբուսի զավակն էր, որի պատճառով էլ նա իրեն Ամոնի որդի և փարավոն հռչակեց:

Մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Միջագետքում՝ Տիգրիսի ափին՝ Գավգամելայի դաշտում, տեղի ունեցավ Ալեքսանդրի և Դարեհի վճռական բախումը: Ճակատամարտի ժամանակ մակեդոնական բանակի առաջին իսկ հարվածներից պարսկական հսկայական զորքը ցաքուցրիվ եղավ: Դարեհը կռվի սկզբից փախուստի դիմեց: Մակեդոնական բանակին հզոր դիմադրություն ցույց տվեց միայն պարսկական բանակի աջ թևը՝ հայոց 48.000-ոց զորքը՝ Մեծ Հայքի թագավոր Երվանդ Գ Երվանդունու և Փոքր Հայքի թագավոր Միհրդատի գլխավորությամբ: Երվանդը ողջ օրն արյունահեղ կռիվ մղեց մակեդոնացիների դեմ և երեկոյան արժանապատիվ կերպով նահանջեց:

Գավգամելայի ճակատամարտում Դարեհի բանակի ջախջախումը կանխորոշեց Աքեմենյան Պարսկաստանի կործանումը, և Երվանդը հռչակեց Մեծ Հայքի անկախությունը: Հետագայում Ալեքսանդրը Մենոն զորավարի հրամանատարությամբ մեծ զորաբանակ ուղարկեց՝ Հայաստանը նվաճելու, սակայն Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնական զորքերը, և Ստրաբոնի հաղորդման համաձայն՝ գերված Մենոնին հայերը խեղդամահ արեցին:

Գավգամելայից հետո Ալեքսանդրը նախ գրավեց Բաբելոնն ու այդ քաղաքը հռչակեց իր տերության մայրաքաղաք, ապա՝ Պարսկաստանի մայրաքաղաք Շոշն ու իրեն այնտեղ հռչակեց Ասիայի տիրակալ: Մայրաքաղաքի գանձապետարանից բռնագրավված ռազմավարը հասնում էր 750.000 տաղանդի (մեկ տաղանդի քաշը կազմում էր 22-26 կգ ոսկի կամ արծաթ): Շատ չանցած՝ Ալեքսանդրը գրավում է նաև Պերսեպոլիսն ու հարբած հրամայում այն հրկիզել:

Պերսեպոլիսում նրան ներկայացան պարսկական սատրապները՝ իրենց հետ բերելով դավադրաբար սպանված Դարեհ արքայի դին: Ալեքսանդրը պատվով հողին հանձնեց պարսից վերջին Աքեմենյան արքային, իսկ նրա դավաճան սատրապներին սրատել տվեց:

Ինքը՝ Ալեքսանդրը, զերծ չմնաց դավից: Մ.թ.ա. 330 թ. նրա զինակիցներից շատերը, որոնք դժգոհ էին Ալեքսանդրի վարած քաղաքականությունից և անվերջանալի պատերազմից, փորձեցին սպանել նրան: Դավը բացահայտվեց, և Ալեքսանդրը բոլորին մահապատժի ենթարկեց Գավգամելայի հերոս Պարմենիոնի գլխավորությամբ:

Մ.թ.ա. 330 թ. մակեդոնական բանակը ներխուժեց Միջին Ասիա: Այստեղ նրան հզոր դիմադրություն ցույց տվեցին մասսագետներն ու սկյութները: Սակայն երկու տարվա համառ կռիվներից հետո Ալեքսանդրը նվաճեց Միջին Ասիան և ներխուժեց Հնդկաստան: Ալեքսանդրը Միջին Ասիայում ամուսնացավ իրեն հպատակված սողդիական ցեղախմբի առաջնորդի դստեր՝ Ռոքսանայի հետ, ինչն ամրապնդեց նրա դիրքերը տարածաշրջանում, քանզի այդ ամուսնության գնով նա դաշնակիցներ ձեռք բերեց:

Ռոքսանան Ալեքսանդրին արու զավակ պարգևեց, որն անվանապես գահ բարձրացավ որպես Ալեքսանդր Չորրորդ, սակայն հետագայում սպանվեց: Սպանվեց նաև Ալեքսանդրի մայրը՝ Օլիմպիան, որին որդին Մակեդոնիայից դուրս գալուց հետո այդպես էլ չտեսավ: Բացի Ռոքսանայից, Ալեքսանդրը ևս երկու կին առավ՝ Պարիսատիդային և Ստատիրային: Իսկ մինչ այդ ամուսնացած էր Բարսինայի հետ: Բարսինայի և Ալեքսանդրի որդին՝ Հերակլեսը, նույնպես զոհ գնաց դավին:

326 թ. Ալեքսանդրի զորքերը հասան Հնդկաստան, գրավեցին Փենջաբը: Այստեղ նրան մեծ դիմադրություն ցույց տվեցին տեղի առաջնորդները: Այնուամենայնիվ, Ալեքսանդրը ոչ միայն հաղթեց նրանց, այլև երկու քաղաք հիմնեց: Նրանցից մեկն անվանակոչեց Նիկեա (Հաղթանակ), մյուսը՝ Բուկեֆալիա՝ ի պատիվ իր Բուկեֆալոս անունով ձիու:

Նա ցանկանում էր էլ ավելի առաջ գնալ, հասնել «Համաշխարհային օվկիանոս», բայց ստիպված էր տեղի տալ իր հոգնատանջ զորքի պահանջին և նահանջել: Իսկ նահանջի ճանապարհն ավելի տանջալի էր, քանզի զորքն անցնում էր անծանոթ, ջրազուրկ անապատներով և հաճախ ենթարկվում թշնամական հարձակումների:

Վերադառնալով Պարսկաստան՝ Ալեքսանդրը ձեռնամուխ եղավ իր աշխարհակալության ամրապնդմանը: Շոշում կազմակերպեց մեծ պսակադրություն՝ 10 հազար մակեդոնացի և պարսիկ զույգերի ստիպողաբար ամուսնացնելով: Արքան հույս ուներ, որ նրանց ծնած խառնածին զավակները կդառնան իր տերության հիմքը:

Ալեքսանդր Մակեդոնացին, որ հելլենական համեստ միջավայրի ծնունդ էր, արագ հղփացավ ու հեռացավ իր կենսակերպից: Հսկայական նվաճումները, փառքը, անգերազանցելիության զգացումը, աստվածային ծագում ունենալու երևակայությունը նրան դարձրին բռնակալ, ինչը մեծ դժգոհություններ առաջացրեց նրա զինակիցների շրջանում:

Մեծ զորավարն ու արքան մահացավ մ.թ.ա. 323 թ. հունիսի 16-ին իր մայրաքաղաք Բաբելոնում, 32 տարեկան հասակում: Ալեքսանդրի մահվան վերաբերյալ բազում կարծիքներ կան՝ տենդ, դողէրոցք, թունավորում, հարբեցողություն և այլն, սակայն դրանցից ոչ մեկը հաստատված չէ:

Նրա մարմինն ամփոփվեց մեղրով լեցուն ոսկյա դագաղում և դրվեց Բաբելոնում: Շատ չանցած՝ նրա զորավարներից Պտղոմեոսը առևանգեց նրա դին ու տեղափոխեց Եգիպտոս: Մարմինն այնտեղ դամբարանում մնաց շուրջ 500 տարի, ապա անհետացավ:

Ալեքսանդրի մահից հետո հսկայական աշխարհակալությունը մասնատվեց: Հիմնական մասնաբաժինների տերը դարձան զորավարներ Սելևկոս Նիկատորը, որի քաղաքական կենտրոնը Բաբելոնն էր ու Ասորիքը, Պտղոմեոսը, որ հաստատվեց Եգիպտոսում և մայրաքաղաք ընտրեց Ալեքսանդրիան, և Անտիգոնը, որ տեր դարձավ Մակեդոնիային, որի մայրաքաղաքը Պելան էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: