Հայը պիտի Հայաստանում ապրի. Գաբրիել Ջեմբերջյան
Գաբրիել Ջեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահն է: ՀՀ նախագահի հրամանով նա ամիսներ առաջ պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, նախկինում՝ Մովսես Խորենացու շքանշանով:
- Պարոն Ջեմբերջյան, «Փյունիկի» ստեղծումն ի՞նչ նպատակ էր հետապնդում, կարո՞ղ ենք համոզված ասել, որ այն իր առաքելությունը կատարել է:
- Հայաստանում հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թ. դեկտեմբերին: Իրականացրել է մեծածավալ ծրագրեր` ներառելով Հայաստանի և Սփյուռքի կրթության, գիտության, մամուլի, եկեղեցաշինության և ուրիշ ազգօգուտ ոլորտներ: Հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակներին, հրատարակել է գրքեր, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, ուսման մեջ առաջադիմող ուսանողներին, իսկ առավել շնորհալիներին օգնել է շարունակելու ուսումն արտասահմանի առաջատար բուհերում: Հիմնադրամը նաև Հայաստանի, մերձավորարևելյան երկրների, Լիբանանի և Սիրիայի դպրոցներին ուսուցողական պարագաներ է տրամադրում:
- Իսկ բարեգործական ծրագրերը հատկապես ի՞նչ ուղղությամբ են:
- «Փյունիկ» հիմնադրամի բուն աշխատանքները ռեսուրսների զարգացման ուղղությամբ են: Մինչև այսօր մեր աջակցությամբ հիմնվել է 1200 լաբորատորիա, դպրոցներին տրամադրվել է մոտ 6 հազար համակարգիչ: Ստեղծվել է ավելի քան 2000 խաղահրապարակ մարզերում և Արցախում: 2009-2010 թթ. հիմնադրամը Երևան քաղաքին նվիրել է 145 խաղահրապարակ քաղաքի մանկապարտեզներին կից և բակերում, ինչպես նաև օժանդակել է Երևանում տարբեր միջոցառումների և ծրագրերի իրագործմանը: Մեծ թվով գրքեր ու ձեռնարկներ են հրատարակվել Սփյուռքի նախարարության հետ համատեղ, որպեսզի մեր նպատակները կարողանանք իրականացված տեսնել:
- Մեծապես աջակցել եք նաև Դամասկոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը, նպաստել հայ-սիրիական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Ի՞նչ եք կարծում, պատերազմական գործողությունների հետևանքով ընդհատված առևտրաշրջանառության ծավալները երկու երկրների միջև ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կամ աշխուժացնել:
- Սիրիայում տիրող իրավիճակը թեպետ դանդաղեցրեց առևտրաշրջանառությունը, հուսով եմ՝ կվերականգնվի, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ լավ են զարգանում: Բացի այդ, տնտեսական կապերի զարգացման հեռանկարները մեծ են, քանի որ Սիրիայում ապրող հալեպահայությունը մեծ համբավ ունի երկրում:
- Սիրիայի նախագահ Ասադի ՌԴ կատարած այցը բավական մեծ իրադարձություն էր, վերջին 4 տարվա ընթացքում նա չէր լքել երկիրը: Ի՞նչ եք կանխատեսում պատերազմական գործողությունների ընթացքի առումով:
- Սիրիայի պատերազմը հնարավոր է` երկարի. ռուսական զինուժի միջամտությունը դեռ չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է:
Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, և կարևոր է, որ իր ռազմական բազաներն ունի արդեն այդ երկրում: Դրանք երկարատև ժամկետով պահելու համար համաձայնություն է կնքվել Ասադի հետ և ամեն ինչ արվելու է Սիրիայում կայունություն հաստատելու համար:
- Որքա՞ն է այժմ Սիրիայում ապրող հայերի թիվը:
- Մոտ 25 հազար: Եթե նախկինում Սիրիայում հայ աշակերտների թիվը 13500 էր, ապա այսօր 4500 -ն են մնացել: Ցավոք սրտի, մենք չենք կարող արդեն Սիրիայի նախկին հայկական գաղութն ունենալ:
- Ինչքան գիտեմ, Ձեր կինը բժշկուհի է և հիմա Հայաստանում է, Ձեզ հետ: Ինչպես և որտե՞ղ եք նրան հանդիպել:
- Նրան հանդիպել եմ Հալեպում և 1982-ին ամուսնացել: Ամուսնական ճամփորդության մեկնելով Դամասկոս` հաստատվեցինք այնտեղ: Կինս այդպես կամեցավ: Առ այսօր այնտեղ ենք ապրում: Ունեմ մեկ զավակ՝ Սարգիսը, հանգուցյալ եղբորս անունով: Նա հիմա ուսանում է Եվրոպայի բուհերից մեկում:
- Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումը, երկխոսությունն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ բացթողումներ կան այս ոլորտում:
- Սփյուռքում ապրող հայերը միշտ ցանկանում են Հայաստանը զորավոր տեսնել, և հակառակը: Անշուշտ, Ղարաբաղն էլ պետք է զորավոր լինի: Լավ կողմերի մասին արտահայտվելը դիմացինի մեջ առաջացնում է խանդավառություն, դա ինքնին հաջողություն կբերի թե՛ հայրենիքին, թե՛ սփյուռքին: Եթե արտագաղթ կա, ներգաղթ էլ պիտի լինի: Քանի որ ճգնաժամն ԱՄՆ-ում և Եվրոպայում դեռ շարունակվում է՝ այդ երկրներում վաղուց հաստատված և հաջողության հասած հայերը պիտի մի օր ցանկանան հայրենիք վերադառնալ:
Հայը պետք է իր հայրենիքում ապրի և նեցուկ լինի իր ազգին, իսկ սփյուռքահայը` տեղյակ լինի հայաստանյան կյանքից:
Եթե միմյանց սիրենք, պատերազմի վերսկսման վտանգն էլ կվերանա, ադրբեջանցին կվախենա և զերծ կմնա մեզ հետ մենամարտելուց:
Հարցազրույցը՝ Լուսինե Նազարյանի