Հայերեն   English   Русский  

​Շ.Ու.Բ.Ա


  
դիտումներ: 1927

Ո՞վ է այս աղցանի հեղինակը: Կարծիք կա, որ աղցանը ստեղծել է առևտրական Անաստաս Բոգոմիլովը: XX դարասկզբին նա Մոսկվայում ճաշարանների ցանց ուներ: Հաճախորդներից շատերը, երբ մի քանի բաժակ ավելի էին խմում, սկսում էին հայրենիքի ճակատագրի շուրջ բարձրաձայն վիճաբանել ու ագրեսիվ պահվածք դրսևորել: Դրանք ամենևին էլ դուր չէին գալիս ճաշարանատիրոջը, դրանց հետևանքով հաճախ էր տուժում հաստատության կահկարասին: Նոր ծախսեր էին բացվում: Ու նա մտածեց, որ մի նոր ուտեստ ստեղծելով՝ կարելի է հարբեցումից ու դրա հետևանքներից զերծ մնալ, ու ինչու չէ, այդ նոր ուտեստը գուցեև դառնար իր հաստատության այցեքարտն ու ժողովրդական միավորման խորհրդանիշը:

Առաջին անգամ աղցանը մատուցվել է 1919-ին, Ամանորի նախօրեին: Աղցանի բաղադրիչները նույնպես պատահական չեն ընտրվել: Գլխավոր բաղադրիչը ծովատառեխն էր (սելյոդկա)՝ պրոլետարների սնունդը: Առևտրականն այն համեմեց գլուխ սոխով, խաշած կարտոֆիլով, գազարով ու վրայից քերած բազուկ տարածեց, որը պետք է դրոշը հիշեցներ: Իսկ Խորհուրդների երկրի թշնամիներին չմոռանալու համար այն համեմվեց ֆրանսիական թանձրահյութով՝ մայոնեզով:

Ի՞նչ է նշանակում աղցանի անունը

Քաղաքային լեգենդի համաձայն՝ ուտեստի անունը ևս Բոգոմիլովն է հորինել. «Шовинизму и Упадку - Бойкот и Анафема», կամ, պարզապես՝ «Ш.У.Б.А.»: Իմաստն այսօր մոռացվել է, սակայն անունը մնացել է:

Բաղադրությունը

1. 2 խոշոր ձուկ

2. 3-4 կարտոֆիլ

3. 2 հատ բազուկ

4. 2 հատ գազար

5. 1 հատ գլուխ սոխ

6. 3 հատ դեղնուց՝ ձևավորման համար

7. մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը, ձուն ու բազուկը խաշել: Ձուկը մանրացնել, կաշին ու փշերը հեռացնել: Սոխը մաքրել ու խորանարդներով կտրատել:

Պետք է հարմար ափսե ընտրել, որը տորթի ձև կտա աղցանին: Ապա ափսեն ջրի տակ խոնավացնել: Հետո հավասար շերտով տարածել կտրատած ձուկը, վրան մայոնեզով ցանց անել կամ բարակ շերտով տարածել, հետո լցնել կարտոֆիլը: Ապա գազարի շերտին անցնել ու կրկին հավասարաչափ տարածել, վերջում՝ քերած բազուկի ու վրայից էլ մայոնեզի հերթն է:

Պատրաստի աղցանի վրա ցանկալի է ձու փշրել ու կանաչու ցողուններով զարդարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: