Եվրոպական խաղը շարունակվում է. հերթը հայկական կողմինն է
Այս վերջին հայտարարությունը, որը վերահաստատում էր բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը, խորքում ընդգծում էր ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցների քննարկման անիմաստ լինելը եւ հակասելը նախապես կայացած միջազգային համաձայնությանը` միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ին հանձնելու սկզբունքի շուրջ:
Հիմա փորձ է արվում տպավորություն թողել, որ երկու հակահայ բանաձեւերից մեկը մերժելով եւ մյուսը անցկացնելով հավասարակշռության խաղն է, որը իբրեւ թե պահպանվում է ԵԽԽՎ-ի կողմից:
Բնական մղումով շրջանառության մեջ դրվող հարցում-առաջարկը կլինի այն, որ եթե հավասարակշռության խաղի կանոնական այս տրամաբանությունը պիտի կիրառվի, ուրեմն հայկական կողմը պետք է ներկայացնի երկու հակաադրբեջանական բանաձեւեր, որոնցից մեկը կանցնի, իսկ մյուսը կմերժվի:
Այդքան էլ պարզ չէ անշուշտ հակակշիռ խաղ թելադրելը: Հայկական կողմը Արցախի հարցի առնչությամբ հակաադրբեջանական բանաձեւեր ներկայացնելու խաղին չպետք է մասնակից դառնա. նման քայլը ինքնահակասական, բայց նաեւ ԵԱՀԿ-ի դեմ արված քայլ կմեկնաբանվի: Մանավանդ որ այստեղ հայկական կողմն ու ԵԱՀԿ-ը նույն դիրքորոշման վրա են ձեւաչափը պահպանելու տեսակետից։
Մի քիչ հետ գնանք եւ այս անգամ նկատենք, որ 2015-ի սեպտեմբերին Եվրախորհրդարանը քվեարկում էր Ադրբեջանին քննադատող աննախադեպ բանաձեւ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանում արձանագրվել է բռնաճնշումների եւ ձերբակալությունների ենթարկված իրավապաշտպանների եւ լրագրողների երեւույթների աճ:
Եվրախորհրդարանը պետք է քննարկեր պաշտոնատար անձանց դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու (ընդ որում` Եւրոպա մուտքի արգելք) հարցը:
Բանաձեւը կոչ էր անում Եվրամիության անդամ երկրներին եւ ԵՄ-ի արտաքին գործերի ծառայությանը, դիտորդներ չուղարկել ընտրություններին: Հիմնավորվում էր, որ ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելը կօրինականացնի Ադրբեջանի ընտրությունները:
«ԵՄ-ը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղարկելու համար Բաքվում ԵԱՀԿ -ի գրասենյակի փակման որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ գործակցությունը» նշվում էր բանաձեւում:
Ուրեմն. եւրոպական արժեհամակարգային սկզբունքների նկատառումով մեր նախագծերը պետք է առանցքային բաժին ունենան Ադրբեջանի թույլ կետերը` հալածանք, մարդու իրավունքների ոտնահարում, ընտանեկան օլիգարխիկ բռնատիրություն, որոնց հիման վրա նաեւ հղում Եվրախորհրդրանի կոչին` հասցեական պատժամիջոցներ որդեգրելու: Այստեղ կա առավելություն. պատժամիջոցը իրավական ընթացակարգ է, ի տարբերություն ԵԽԽՎ-ի ոչ պարտադիր բնույթի բանաձեւերի:
Հայկական կողմը ժամանակի ընտրության ճիշտ գնահատումով եւ մնալով հակակշռման եւրոպական քաղաքականության տրամաբանությունում, նույնքան եւ ավելի հակահարվածային բանաձեւեր կարող է որդեգրել տալ ԵԽԽՎ-ին կամ նույնիսկ Եւրոպական խորհրդարանին: Թվում է, որ հավասարակշռման քաղաքական խաղում հերթը հայկական կողմինն է: Իսկ Բաքուն եւրոպական արժեքների օրինաչափություններում հարվածվելու առիթներ հրամցնելու շռայլություն ունի. մանավանդ հիմա, երբ նավթի հաշիվը շատ նկատի չի առնվում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր