Հայերեն   English   Русский  

Սիրիական հակամարտության մասնակից կողմերից ոչ մեկը լիակատար հաղթանակ չի տոնի. Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 1981

Արդեն հինգ տարի է, ինչ Սիրիայում ռազմական գործողությունները չեն դադարում: Թե՛ կոալիցիոն ուժերի, թե՛ Ռուսաստանի օդային հարվածներն իրավիճակը չեն շտկում: Դիվանագիտական դաշտում նույնպես հուսադրող հանգամանքները քիչ են: Փետրվարի 4-ին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դը Միստուրան հայտարարեց հակամարտության կարգավորման բանակցությունները՝ «Ժնև-3»-ը, մինչև փետրվարի 25-ը հետաձգելու մասին: Գործընթացի տապալման պատճառների և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին «Անկախը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, որպես հետաձգման պատճառ նշվում են կողմերի միջև եղած լուրջ տարաձայնությունները: Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը: Եվ հենց դրա՞նք էին գործընթացի հետաձգման իրական պատճառները:

- Կարծում եմ՝ իրական պատճառները պետք է փնտրել Սիրիայի տարածքում, հատկապես՝ վերջին օրերին ռազմադաշտում տեղ գտած զարգացումներում, որոնք ի վնաս սիրիական ընդդիմության գլխավոր հովանավորների էին, մասնավորապես՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի:

«ժնև-3»-ին ընդառաջ՝ դեկտեմբերին և հունվարին սիրիական կառավարական ուժերը և նրանց աջակցող ռուսական օդուժը, իրանական որոշ կոնտինգենտներ, լիբանանյան «Հզբոլահի» ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման էին անցել Սիրիայի հյուսիսում, որը Թուրքիայի ուղղակի վերահսկողության գոտի է համարվում, մյուս կողմից՝ հարավում, որը Սաուդյան Արաբիայի ազդեցության գոտի է համարվում: Վերջին օրերին գրեթե ամբողջությամբ ազատագրվեց Լաթաքիան, և 3-4 տարվա ընթացքում առաջին անգամ կտրվեց կապը Հալեպի և Թուրքիայի միջև: Այս ամենը, բնականաբար, լուրջ մտահոգություն առաջացրեց և՛ Թուրքիայի, և՛ Սաուդյան Արաբիայի մոտ: Քանի որ սիրիական ընդդիմության պատվիրակության անդամները հիմնականում այդ երկրների ազդեցությունն են կրում, նրանց ճնշման տակ առաջ քաշեցին նախապայմաններ, որոնք մինչ այդ պարտավորվել էին չառաջադրել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 22/54 բանաձևի համաձայն` կողմերը բանակցություններ են սկսելու առանց նախապայմանների: Փաստորեն, ընդդիմության ներկայացուցիչները խախտեցին դա: Նրանք պահանջում են դադարեցնել ընդդիմադիրների կողմից վերահսկվող բնակավայրերի շրջափակումը, ազատ արձակել սիրիական իշխանությունների կողմից ձերբակալված բոլոր անձանց, վերջ տալ կառավարական և ռուսական օդուժի կողմից ընդդիմության դիրքերին հասցվող ավիահարվածներին և այլն: Սա պատրվակ հանդիսացավ, որ բանակցությունները հետաձգվեն:

- Իսկ ընդհանրապես, որքանո՞վ է իրատեսական հակամարտության լուծումը բանակցությունների նման ձևաչափով:

- Ցանկացած հակամարտություն հանգուցալուծվում է բանակցային ձևաչափում: Հատկապես նման հակամարտությունների դեպքում, որոնք ոչ միայն ներքին պայքար են, այլև վերածվել են արտաքին դիմակայության թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային աշխարհաքաղաքական դերակատարների միջև: Այստեղ միայն սիրիական ուժեր չեն ներքաշված. լուրջ ներգրավվածություն ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Սա գլոբալ միջազգային հակամարտություն է: Բնական է, որ անհնարին է նման հակամարտությունները մարտադաշտում լուծելը: Պարզ է, որ հակամարտող կողմերից ոչ մեկը լիակատար հաղթանակ չի տոնի. ո՛չ Բաշար ալ Ասադն է ի զորու կարճ ժամանակում հաղթելու ընդդիմությանը և «Իսլամական պետությանը», ո՛չ էլ նրա հակառակորդները կարող են հաղթել Ասադին: Բանակցությունների արդյունքում է խաղաղություն ձեռք բերվելու: Մինչդեռ այստեղ մեկ այլ հանգամանք կա: Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ ներգրավված դերակատարների առնվազն մեծամասնությունը զգա դրա անհրաժեշտությունը, բավարարվեն նրանց շահերը: Նման միտումներ դեռևս չկան: Թեև մի կողմից տեսնում ենք, որ Արևմուտքի և Ռուսաստանի մոտեցումներում որոշակի ընդհանրություններ կան, հակամարտության լուծման հարցում կան մերձեցումներ. ո՛չ Ռուսաստանին է ձեռնտու, որ հակամարտությունը շարունակվի, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրոպային, որն ուղղակիորեն կրում է դրա հետևանքները՝ միգրացիոն ճգնաժամի տեսքով: Մինչդեռ, տարածաշրջանային խաղացողներ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերն ու հետաքրքրություններն այլ են. նրանք ձգտում են առավելագույն երաշխիքների հասնել ապագայի համար, իսկ ռուսական, մասամբ նաև Իրանի դերակատարումը Սիրիայում բացառում են դա:

- Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում մեծանում է այն երկրների ցանկը, որոնք պատրաստակամություն են հայտնում ցամաքային ուժեր մտցնել Սիրիա, այդ թվում՝ Արևմտյան կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սաուդյան Արաբիան: Ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:

- Նման հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմությանն աջակցող կամ Ասադին դեմ արտաքին խաղացողները: Այս փուլում դա զուտ հոգեբանական ճնշման համար է արվում: Նրանք կարծես ուղերձ են հղում սիրիական իշխանություններին և ռուսական կողմին՝ սպառնալով, որ եթե Ժնևում համաձայնության չգան, ապա ցամաքային ուժերով նժարը կթեքեն հօգուտ ընդդիմության: Սակայն, չեմ բացառում, որ նման գործողություն սկսելու հնարավորությունը կա:

Այս առումով կարևոր է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործոնը: Դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվեց հակաահաբեկչական իսլամական կոալիցիա, որի նպատակը տարբեր երկրներում ահաբեկչական դրսևորումների դեմ պայքարն է: Իսկ վերջերս պաշտոնական Ռիյադը հայտարարեց, որ պատրաստվում է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա՝ Թուրքիայի հրամանատարության ներքո: Սա շատ կարևոր հանգամանք է: Եթե բանակցային գործընթացը տապալվի վերջնականապես, ապա հաջորդ քայլը կտեսնենք Սաուդյան Արաբիայի կամ կոալիցիայի կողմից հակամարտությունում որոշակի ցամաքային կոնտինգենտի ներգրավումով: Դա ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ կկատարվի, բայց իրականում նպատակն ուրիշ կլինի՝ Բաշար Ասադի հեռացումը:

- Փաստեր կան, որ Թուրքիան նույնպես զորքեր է կուտակում Սիրիայի սահմանում:

- Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հեռանկար ես չեմ տեսնում, որովհետև նա ինքնուրույն քայլեր կատարելու հետ կապված որոշակի սահմանափակումներ ունի: Անկարայի գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին Թուրքիա պետության քաղաքականության, այլև ՆԱՏՕ ռազմական դաշինքի համատեքստում:

Ակտիվ ռազմական գործողությունները հղի են լուրջ հետևանքներով հատկապես Թուրքիայի հակառակորդների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից, ինչը կարող է հանգեցնել լուրջ գլոբալ հակամարտության, որի պատասխանատվությունը, այնուամենայնիվ, թուրքական կողմը չի կարող ստանձնել: Ռուսական ինքնաթիռի խոցումը, վերջին օրերին այն հայտարարությունները, որ ռուսական ինքնաթիռները պարբերաբար խախտում են Թուրքիայի օդային սահմանը, մի նպատակ ունեն՝ ՆԱՏՕ-ին ներքաշել Սիրիայի տարածքում ընթացող գործողությունների մեջ: Սակայն, կարծում եմ, հռետորաբանությունից անցում չի կատարվի ուղղակի գործողությունների:

- Այս ամենում ի՞նչ դեր ունի քրդական գործոնը:

- Բանակցությունների տապալման մեկ այլ պատճառն այն է, որ ընդդիմության պատվիրակության կազմում չներգրավվեցին քուրդ ներկայացուցիչներ: Դա տեղի ունեցավ Թուրքիայի պահանջով: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը Սիրիայի տարածքում ամենաուժեղ կառույցներից է: Թուրքիայի կողմից նրանք ներկայացվում են որպես իրենց կողմից ահաբեկչական կազմակերպություն հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղ: Սա կարևոր հանգամանք է, քանի որ քրդերը վերահսկում են Սիրիայի ամբողջ տարածքի 13-15 տոկոսը: Սա հսկայական տարածք է, և քրդերին մեկուսացնելով սիրիական հակամարտության կարգավորման գործընթացից՝ նրանց ավելին գործելու հնարավորություն են տալիս: Նրանք, փաստորեն, դուրս են մնում վերահսկողությունից և ստանում են ավելի ինքնուրույն դիրք: Նրանք այս ողջ գործընթացին սեփական ուղին կերտելու, սեփական պետությունը ստեղծելու մղումով են վերաբերվել, և դա հետագայում կարող է հանգեցնել շատ ավելի մեծ ինքնավարության կամ անգամ անկախության, ինչը դարձյալ լուրջ մարտահրավեր կլինի թե՛ թուրքական իշխանությունների, թե՛ Սիրիայի միասնությունը պահանջող Արևմուտքի և Ռուսաստանի համար:

- Վերադառնալով ժնևյան գործընթացին՝ ինչ եք կարծում, 2-3 շաբաթ ընդմիջումը կարո՞ղ է էական փոփոխություններ բերել և բանակցություններում առաջընթաց ապահովել:

- Հայտնի, է, որ «Ժնև- 2»-ը 2014 թ. հունվարի վերջին մեկնարկեց, բայց մարտի սկզբին դարձյալ որոշ ժամանակ անց կրկին հանդիպելու ակնկալիքով հետաձգվեց և այլևս տեղի չունեցավ: Այս պարագայում ևս նման սցենարի հավանականություն կա: Մենք պետք է հասկանանք, որ ՄԱԿ-ը կամ բանագնացներն ընդամենը միջնորդ կողմ են: Նրանք իրականում բանակցությունը կազմակերպողներն են: Իրական դերակատարներն այն արտաքին խաղացողներն են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն հակամարտ կողմերի վրա: Այս հետաձգումը ժամանակ է արտաքին դերակատարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների համար, որպեսզի նրանք ավելի ճկուն գործեն, որպեսզի հակամարտ կողմերը պատրաստակամություն հայտնեն և վճռական լինեն հակամարտության կարգավորման գործում: Սակայն ինչպիսի գործելաոճ կորդեգրեն այդ արտաքին խաղացողները՝ ցույց կտան հետագա զարգացումները: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Ռուսաստանը Սիրիայի տարածքում սեփական խաղն է խաղում՝ այն վերածելով թուրք-ռուսական հակամարտության մարտադաշտի:

Նրա բոլոր գործողությունները հիմնականում մոտիվացված են Թուրքիայի հետ հակամարտությամբ և Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններով: Մյուս կողմից՝ Թուրքիան չի կարողանում հանդուրժել ստեղծված իրավիճակը, քանի որ կորցնում է այն բոլոր դիրքերը, բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծել էր վերջին 3-4 տարվա ընթացքում: Արտաքին դերակատարների միջև դիրքային պայքար է ընթանում: Հարցն այն է, որ արտաքին խաղացողները պետք է հասնեն որոշակի համաձայնության: Պատահական չէ, որ մեսիջներ ուղղվեցին Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել այն գործելաոճը, որ ներկայումս վարում է Մոսկվան հատկապես Թուրքիայի կողմից հովանավորվող ընդդիմադիր խմբավորումների դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: