Հայերեն   English   Русский  

Զորավար Անդրանիկը բացառիկ անձ էր հայ ժողովրդի համար. պատմաբան


  
դիտումներ: 2212

Այսօր լրանում է զորավար Անդրանիկ Օզանյանի 151-ամյակը:

Այս կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են նախատեսված հանրապետության տարբեր շրջանններում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Կարո Վարդանյանը, խոսելով զորավարի մասին, նշեց, որ նա բացառիկ դեմք է Հայոց պատմության համար:

«Անդրանիկի վիթխարիությունը չի տեղավորվում մեր պատմագրության մեջ: Անդրանիկին դժվար է համեմատել որևէ պատմական է անձի հետ: Նրա անունը հնարավոր է դնել միայն էպոսի հերոսի` Սասունցի Դավիթի կողքին, որովհետև նա նույնքան վիպական կերպար է: Նրա նշանակությունը հնարավոր չէ փոխանցել տարեթվերի կամ իրադարձությունների միջոցով: Դա նույնը կլիներ, ինչ Սասունցի Դավթին փորձեին ներկայացնել տարեթվերի միջոցով»,-նշեց պատմաբանը:

Նրա խոսքով` նույնիսկ Սասունցի Դավիթը չի կարող դիմանալ նրա հետ համեմատությանը, քանի որ ստեղծելով Դավթի կերպարը ժողովուրդը նրան օժտել է իրեն հատուկ թուլություններով, իսկ Անդրանիկը չուներ նման հատկանիշներ:

«Նա երբեք չկորցրեց իր զգոնությունը և սթափությունը. 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխությունից հետ նա հայ այն եզակի գործիչն էր, որ չէր հավատացել կեղծ խոստումներին և կոչ էր անում ժողովրդին անզեն չթողնել»,- ասավ Կարո Վարդանյանը:

Ըստ նրա` Անդրանիկը բացառիկ մարդ է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարի անունը կապված չէ որևէ կոնկրետ բնակավայրի հետ. նա հաղթանակներ է տարել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանի նահանգներում: Նրա շնորհիվ էր, որ թուրքերը չկարողացան ցեղասպանությունը շարունակել նաև Սյունիքում և Արցախում: Նա ֆիդայական ինքապաշտպանությունների միջոցով փրկում էր բնակչությանը և տեղափոխում, որ գոնե այդ հայերը ողջ մնան ապագայի Հայաստանը ստեղծելու համար:

Հատկանշական է, որ Անդրանիկը այն միակ հերոսն է, որին ճանաչում են նաև թուրքերը: Նրա անունը վախ էր ներշչնում թշնամուն:

Հետագայում ներքին և արտաքին քաղաքական պատճառներով Անդրանիկը ստիպված է լինում լքել Հայաստանը:

Ըստ պատմաբանի` Անդրանիկի մահվանից հետո փորձելով նրան վարկաբեկել ` որոշ պատմաբաններ փաստերը խեղաթյուրել են. «Փաստեր են մոգոնվում զորավարի դեմ` իբր ինքիշխան էր, գոռոզ էր, ըմբոստ էր, ոչ մի հեղինակություն չի ընդունում: Իհարկե, չէր ենթարկվում: Այդ ո՞ւմ պետք է ենթարկվեր Անդրանիկի պես այդ վիթխարի ուժը: Երանի լիներ այնպիսի մեկը, որին ենթարկվեր Անդրանիկը: Եթե այդպիսին մեկը լիներ թուրքերը այսօր կլինեին ոչ թե Կարսի պատի տակ, այլ իրենց Անկարայում: Ասում են նաև` խռովեց, Հայաստանից գնաց: Սա պարզապես մի հերյուրանք է, որով փորձում են նսեմացնել զորավարի հիշատակը, որը 30 տարի անընդմեջ եղավ մարտական գործողությունների մեջ»,-նշեց պատմաբանը` հույս հայտնելով, որ երիտասարդ սերունդը կկարողանա ճշմարտությունը զատել կեղծիքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: