ՌՈՍՏՈՄ
Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:
Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի...
1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:
Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:
Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:
Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:
Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:
Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:
Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:
1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:
1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:
Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:
1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:
Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, - ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,: