ՀՀ ԱԺ-ն գրողի ցոծը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները. Զարուհի Փոստանջյան
Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստի հենց սկզբում վարման կարգով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Նա խնդրեց պարզաբանել, թե ե՞րբ են հայ-թուրքական արձանագրությունները դուրս մղվելու Աժ-ի մեծ օրակարգից: Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե հարցը հռետորական է, քանի որ ՄԱԿ-ի ամբիոնից հանրապետության նախագահն արդեն անդրադարձել է այդ հարցին:
Մտքերի փոխանակման ժամանակ, Զարուհի Փոստանջյանը, ով, հավանաբար, չէր ստացել ցանկալի պատասխան, շեղվեց օրակարգից ու կրկին բարձրացրեց նույն հարցը. «ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ցոծը: ՀՀ ԱԺ-ն գրողի ցոծը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները», - ասաց Փոստանջյանը:
Այս անգամ նրա հարցադրումներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պահանջելով, որ
պատգամավորներն իրենց պահեն համաձայն կանոնակարգի. «Ես խնդրեցի պահպանել քաղաքական կոռեկտություն ու խոսել օրակարգի վերաբերյալ: Եթե կրկին օրակարգի վերաբերյալ չխոսեք, ստիպված կլինեմ պահանջել, որ անջատեն Ձեր խոսափողը»:
Սակայն Զարուհի Փոստանջյանը կրկին փորձեց շարունակել իր միտքը` կապված «գրողի ծոց»,-ն ուղարկելու հետ, ինչից հետո ԱԺ փոխնախագահը անջատեց նրա խոսափողը: