Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն դեմ է ուրիշի փոխարեն քվեարկելուն, բայց նաև դեմ է դա քրեական հանցանք որակելուն


  
դիտումներ: 1570

ԱԺ-ն քննարկում է ՛՛ԱԺ կանոնակարգ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը:
Նախագիծն առաջարկում է, որպեսզի այլ պատգամավորի փոխարեն գրանցված կամ քվեարկած պատգամավորները համարվեն կարգազանց և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվեն:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է հարցը քրեական դաշտ բերելուն, քանի որ մեկ ուրիշն էլ կարող է պնդել, որ նիստերի դահլիճում աղմկելը ևս խուլիգանություն է:
՛՛Սահմանադրությամբ պատգամավորի կարգավիճակը լավ և խորը սահմանված է: Պատգամավորը ոչ միայն խորհրդարանի դահլիճում է պատգամավոր, այլ նաև քնած ժամանակ է պատգամավոր և նրա կարգավիճակից բխող պարտավորություններն ու լիազորությունները մշտական բնույթ են կրում՛՛,- ասում է Մարուքյանը: Նրա խոսքով՝ այս պարագայում կա քաղաքական լուծում. պատգամավորին մանդատը տալիս է ժողովուրդը և, եթե նա սխալ վարք է դրսևորում, ապա հաջորդ անգամ նրան չեն ընտրի:
Մարուքյանը նշում է, որ խնդիրը օրակարգից դուրս պետք է մղվի քաղաքական մշակույթի զարգացման արդյունքում: ՛՛ Հուսով եմ, որ պետաիրավական հանձնաժողովը նախագծին հավանություն է տվել զուտ այն պատճառով, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներին ընդգրկենք կարգազանց պատգամավորների ցուցակում, բայց ոչ քրեական դաշտ տեղափոխենք՛՛,- եզրափակեց Մարուքյանը:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ հստակեցումների կարիք կա. նախ, պետք է պարզաբանել, թե ինչ տույժ կարող է կիրառվել ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորի փոխարեն, նաև հստակեցման կարիք կա, թե ուրիշի փոխարեն քվեարկելու պարագայում որ դեպքերում պետք է ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքները վերանայվեն, որ դեպքում` ոչ:
Հովհաննես Սահակյանն էլ տարակուսանք հայտնեց, որ ՛՛ԱԺ կանոնակարգ օրենքում՛՛ փոփոխությունը կարող է կապվել քրեական օրենսգրքի հետ: Նա, դիմելով Զարուհի Փոստանջյանին, հարց տվեց, թե արդյոք տվյալ պահին Փոստանջյանի՝ կողքին նստածի հետ խոսելը պետք է դիտարկի որպես վիրավորանք բանախոսի նկատմամբ: Նաև հիշեցրեց, թե ինչպես էր ժամանակին Զարուհի Փոստանջյանը հավաքել պատգամավորների քարտերը՝ թույլ չտալու քվեարկությունը և խախտելով պատգամավորների՝ իրենց իրավունքն իրացնելու հնարավորությունը:
՛՛Խորհրդարանն ինքնակարգավորվող մարմին է: Իհարկե, չենք կարող համեմատել մի քանի գումարում առաջվա խորհրդարանի հետ, թե լավ, թե վատ առումով, ամեն ինչ պրոգրեսի մեջ է գտնվում՛՛,- ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: