Ադրբեջանի պլանը ձախողվեց. Վազգեն Մանուկյան
- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ Ադրբեջանն անցավ լայնածավալ մարտական գործողությունների: Ո՞րն էր նպատակը և որքանո՞վ այն իրագործվեց:
- Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մեխը Ղարաբաղի անկախությունն է: Հասկանալի էր, որ բանակցությունների միջոցով կարելի է լուծել փախստականների հարց, որոշ տարածքների հարց, բայց Լեռնային Ղարաբաղին զրկել անկախությունից` մտցնելով Ադրբեջանի կազմի մեջ, ուղղակի հնարավոր չէ: Իսկ Ալիևը, չհաշտվելով այն մտքի հետ, որ Ղարաբաղն ազգերի ինքնորոշման իրավունքով, օրինական ձևով ձեռք է բերել իր անկախությունը, փորձեց խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Դրա համար պետք էր նախևառաջ պատրաստվել:
Ադրբեջանին թվում էր, թե վերջերս այդ նավթային գումարներով զենք ձեռք բերելով՝ արդեն բավականին պատրաստ է: Մյուս կողմից՝ Ադրբեջանը ավելի է խորացրել Թուրքիայի հետ դաշնակցությունը, որն էլ իր հերթին անպատիժ ձևով այս տարածաշրջանում ինչ ուզում, անում է` մտածելով, որ Արևմուտքից «քարտ բլանշ» է ստացել Եվրոպան փախստականներից ազատելու համար: Եվ Ալիևը սա կարող էր ընկալել որպես խնդիրը ռազմական ձևով լուծելու վերջին հնարավորություն: Մանավանդ որ նավթի գներն իջնում են, ինչը հանգեցնում է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, դրա հետևանքով, մի կողմից, գլուխ է բարձրացնում ընդդիմությունը` առաջ քաշելով Ղարաբաղի հարցը, մյուս կողմից՝ այն փողը, որով իրենք զինում էին իրենց բանակը, կամաց-կամաց նվազում է:
Այդ տեսանկյունից Ալիևը մտածեց, որ ռազմական գործողություններ սկսելու ամենաճիշտ ժամանակը հիմա է: Այո, սա լոկալ հարձակում չէր, սա ի սկզբանե պլանավորված պատերազմ էր: Բայց անկախ նրանից, որ նրանք 100-200 մետր առաջ են գնացել, պետք է փաստել, որ Ադրբեջանի պլանը ձախողվեց: Հիմա արդեն տեղական նշանակության պայքարներ են գնում: Եվ Ադրբեջանը շատ կուզենա այն մի թիզ հողը, որ վերցրել է, իր ձեռքում պահել` երկրի ներսում քարոզչական նպատակներով օգտագործելով, իսկ մերոնց համար էլ շատ կարևոր է դա թույլ չտալ:
- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը, այդ թվում՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի: Որքանո՞վ են արդյունավետ անհասցե կոչերն ու ընդհանուր հայտարարությունները:
- Միջազգային տեսանկյունից, փաստորեն, Ադրբեջանը միակողմանի խախտեց զինադադարի համաձայնագիրը, խախտեց նաև Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափը: Բայց աշխարհը միշտ էլ այդպես է արձագանքում: Այս կոնֆլիկտում միայն Թուրքիան է խիստ շահագրգիռ երկիր, որն էլ հստակ իր կարծիքն արտահայտում է` փորձելով լուծել ոչ միայն ռեգիոնալ, այլև միջազգային ազդեցիկ պետություն դառնալու իր խնդիրը: Մնացած բոլոր պետությունները դեռ սպասում են: Եվ ինչ արդյունք էլ լինի, մեծ վրդովմունք չի առաջացնի միջազգային հանրության մեջ: Մենք տեսել ենք, թե մինչև հիմա ոնց է եղել: Բացի դրանից, Արևմուտքում հիմա մի հոգեբանական գործոն էլ կա` այդ политкорректность գաղափարը, որ չի կարելի սևամորթին ասել սևամորթ, կամ եթե երկու կողմերի միջև կոնֆլիկտ կա, ապա չի կարելի ասել, որ մի կողմն է սկսել, և այլն: Դա ինձ համար անընդունելի է, քանի որ այդ անհասցե հայտարարություններն ու կոչերն են այսօր ամեն տեղ հանգեցրել պատերազմների: Այնուամենայնիվ, այս կամ այն ձևով նաև օբյեկտիվ արձագանքներ են հնչում: Օրինակ՝ CNN հեռուստաընկերության եթերում լրագրողը շատ դիպուկ հարցեր տվեց Ադրբեջանի արտգործնախարարին` պարզ հասկացնելով, որ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանին, դրա խախտումը ոչ մի բան չի տալիս Հայաստանին կամ Ղարաբաղին: Բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրության մոտ հիմա սպասողական վիճակ է:
- Պարոն Մանուկյան, Դուք 2-3 տարի առաջ ասում էիք, որ Հայաստանն այն փուլում է, երբ հարմար առիթի դեպքում պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, կնքի ռազմական համաձայնագիր: Ամենաբարձր մակարդակով հիմա այդ ամենի վերաբերյալ հայտարարություններ են արվում: Սա այդ հարմար առի՞թն է:
- Այն, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է ռազմական փոխօգնության համաձայնագիր կնքվի, կասկածից վեր է: Այն ժամանակ էլ էր պետք կնքել, հիմա՝ առավել ևս: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, ապա դա իսկապես բարդ խնդիր է: Նրանք, ովքեր կողմ չեն ճանաչմանը, չի նշանակում, որ հայրենասեր չեն, իսկ նրանք, ովքեր կողմ են, չի նշանակում, որ շատ համարձակ են: Իրականում, եթե դու ճանաչում ես ԼՂՀ անկախությունը, գործնականում հայտարարում ես, որ բանակցային գործընթացից դուրս ես գալիս: Այն ժամանակ, երբ դրա մասին ասում էի, զգում էի, որ մենք այդ գործընթացից դուրս ենք գալիս, որովհետև Ադրբեջանը միակողմանի, միևնույն է, այդ գործընթացից դուրս էր եկել: Բայց դա չէր նշանակում, որ պետք է հենց հիմա ճանաչել: Հիմա էլ կարծում եմ, որ չնայած այս իրավիճակին՝ պետք է դեռ սպասել, քանի որ լարվածության այս պայմաններում, երբ Ադրբեջանն իր սադրիչ գործողությունների հետ միասին միաժամանակ աղվեսի պես հայտարարում է, թե համաձայն է նստել բանակցությունների շուրջ և այլն, մեր կողմից այդ քայլը միջազգային հանրությունը կարող է սխալ ընկալել: Մի քիչ պետք է սպասել, բայց չեմ բացառում, որ դեպքերի զարգացումը հանգեցնի դրա անհրաժեշտությանը:
- Այսօր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման բոլոր հիմքերը կան: Այնուամենայնիվ, հետագա զարգացման ի՞նչ սցենար եք տեսնում` հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները:
- Նախևառաջ փաստենք, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման փորձն ապարդյուն եղավ: Ու հիմա, եթե մեր բանակը մինչև վերջ դուրս շպրտի թշնամուն ու մի քիչ էլ գնա առաջ, այսինքն՝ պատժի ու վերադառնա, որովհետև հիմա հող գրավելու ժամանակը չէ, ապա կարծում եմ, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ կմոռանա պատերազմ սկսելու մասին: Փաստորեն, հիմա լուծվում է ապագա պատերազմի վերսկսման խնդիրը, և հայկական բանակն իր ուժով փակեց դրա վտանգը: Ես նույնիսկ ասեմ, որ հիմա միայն Ղարաբաղի հարցն էլ չէ. սրա մեջ ակտիվորեն ներգրավված է Թուրքիան, և սա արդեն դարձել է հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, որը բոլորն են զգում: Պատահական չէ մարդկանց այս մարտական գործողություններին մասնակից դառնալու ձգտումը: Դա ամենևին էլ երիտասարդական ռոմանտիզմ չէ, բոլորն էլ հասկանում են, որ սա հայ ժողովրդի գոյության հարցն է, ու մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր ժողովուրդը կարողանում միանգամից ոտքի կանգնել ու դառնալ Սասունցի Դավիթ:
Ես կարծում եմ, որ մի քանի օրվա ընթացքում սա կվերջանա: Կրակոցները սահմանին կշարունակվեն, քանի որ Ալիևը կփորձի հարցը բաց վիճակում պահել, իր հասարակության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղելու, հակահայկական քարոզչություն իրականացնելու և Թուրքիայի հետ դաշնակցությունը խորացնելու համար սա օգտագործել, սակայն պատերազմի վտանգը երկար ժամանակով կհետաձգվի: Իսկ եթե մենք էլ այդ ընթացքում կարողանանք ուժեղանալ տնտեսապես, կարողանանք համաշխարհային հայկական մեր կառույցները ստեղծել, ներքին վստահություն առաջացնել մեր պետության նկատմամբ, ապա այդ դեպքում պատերազմ ընդհանրապես չի լինի:
Զրույցը վարեց Անի Գասպարյանը