Հայերեն   English   Русский  

​Եղրևանու մասին


  
դիտումներ: 5118

Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից հայտնի է, որ հնում եղրևանու ծաղիկներից թեյ են եփել ու խմել մրսածության, թոքերի տուբերկուլյոզի, երիկամաքարային հիվանդությունների, գրիպի, հազի, փորլուծի ժամանակ, բարձր ջերմության դեպքում, քանի որ քրտնամուղ է ու ջերմիջեցնող: Օգնում է օրգանիզմից ավազի հեռացմանը, նաև՝ միզաքարային հիվանդությունների պարագայում:

Այն կիրառվել է շաքարախտի դեմ

Դրա համար օգտագործվել են եղրևանու արմատները: Վաղ գարնանը դուրս բերված արմատներից պետք է եփուկ պատրաստել. 10 գ հումքի վրա մեկ բաժակ ջուր լցնել, եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, ապա քամել ու ջուր ավելացնել այնքան, որ նախնական քանակը ստացվի: Ընդունել եփուկն օրական 3 անգամ՝ մեկ ճաշի գդալ:

Բույսի տերևների կիրառությունը

Այս բույսի տերևները նույնպես իրենց կիրառությունն են գտել ժողովրդական բժշկության մեջ, մասնավորապես՝ գլխացավերի դեմ: Թարմ տերևները դնում են քունքերին, ճակատային հատվածում ու ծոծրակին, և գլխացավն անցնում է:

Տերևներն օգնում են թարախապալարների հասունացմանն ու թարախից մաքրում են: Կիրառում են նաև թարախահոս վերքերի դեպքում: Դրա համար վնասված հատվածը պետք է լավ լվանալ տաք ջրով ու վրան եղրևանու թարմ, լվացած տերևներ դնել ու փաթաթել: Սպեղանին պետք է փոխել օրական 3 անգամ: Օգնում է վերքերի արագ սպիացմանը:

Եղրևանու թուրմ՝ օստեոխոնդրոզի, արթրիտի ու արթրոզի դեմ

Եղրևանու թարմ տերևները մանրացնել ու 2 ճաշի գդալ հումքը խառնել 300 գ թարմ բազուկի հյութի հետ ու ավելացնել 200 գ մեղր: Վրան 100 մլ օղի լցնել ու թրմել փակ կափարիչով մութ տեղում, մեկ օր: Հիվանդ տեղը շփելուց առաջ պետք է թուրմը լավ թափահարել:

Լարինգիտի դեպքում այս թուրմով ողողում են բերանը, դրա համար պետք է 50 գ ծաղիկների վրա 100 մլ օղի լցնել, թրմել մեկ շաբաթ, ապա քամել ու վրան եռացրած ջուր ավելացնել (1:10): Ստացված թուրմով ողողել կոկորդը:

Աղերի կուտակման, ռևմատիզմի, հոդային արթրիտի ու պոդագրայի դեմ

Եղրևանու թարմ ծաղիկները լցնել կեսլիտրանոց ապակյա տարայի մեջ՝ բերնեբերան, առանց սեղմելու, ազատ, վրան սպիրտ լցնել (լավագույնը 40%-անոցն է), բերանը փակել, ու մութ տեղում թրմել 3 շաբաթ, ապա ստացվածը քամել:

Ընդունել օրական 3 անգամ, 30 կաթիլ, 3 ամիս տևողությամբ:

Արթրիտի ու ռևմատիզմի դեպքում 50 գ ծաղիկների վրա 50 գ սպիրտ լցնել, թրմել մեկ օր, քամել ու ընդունել քնից առաջ՝ 1 ճաշի գդալ թուրմը լուծելով մեկ բաժակ ջրի մեջ:

Վերքերի ու վնասվածքների դեպքում այս թուրմը գործածվում է թրջոցների ձևով, շփումների համար: Կիրառման տևողությունը 1 ամիս է:

Եղրևանին որպես ջերմիջեցնող և միզամուղ

2 ճաշի գդալ ծաղիկների կամ արմատների վրա եռման ջուր լցնել ու թրմել տաք տեղում: Ընդունել մեկ բաժակ, օրական 3 անգամ, գոլ վիճակում:

Տեսողության համար

Թուրմը թրջոցի նման դնել աչքերին՝ 3-5 րոպե: Տիկնակլոնձի դեպքում պետք է 3-5 թարմ տերևը լավ լվանալ ու մանրացնել, ապա ամբողջական տերևի վրա լցնել ստացվածն ու դնել տիկնակլոնձին: Պրոցեդուրան կրկնել օրական 5-6 անգամ, ինչի շնորհիվ օրվա վերջում արդեն այդ գոյացության չափսերը փոքրանում են:

Կրունկների ճաքերի համար

Եղրևանու տերևների վրա օղի լցնել 1:10 հարաբերությամբ ու թրմել զով ու մութ տեղում, 14 օր, ապա ստացվածը պետք է քամել ու դրանով տրորել կրունկները:

Երիկամների քարերի դեպքում

1 ճաշի գդալ չորացրած հումքի վրա մեկ բաժակ ջուր պետք է լցնել ու մարմանդ կրակի վրա 15 րոպե եփել, ապա քամել ու եռացրած ջուր ավելացնլ այնքան, որ նախնական քանակը ստացվի: Ընդունել օրական 3 անգամ, կես բաժակ:

Հակացուցումները

Եղրևանին թունավոր բույս է, հետևաբար այն պետք է զգուշությամբ ու ճշգրիտ ցուցումներին համապատասխան կիրառել: Դեղամիջոցն ընդունելուց առաջ խորհրդակցեք բուժող բժշկի հետ:

Եղրևանին յուրահատուկ բույրով շատ օգտակար բույս է, որի թե՛ արմտիքը, թե՛ տերևները և թե՛ ծաղիկները հավասարապես օգտակար են: Եղրևանու թուրմով բուժում են արյունազեղումներն ու կապտուկները, իսկ չոր տերևներից պատրաստված թեյն օգնում է էպիլեպսիայի դեպքում, տղամարդկանց՝ իմպոտենցիայի պարագայում: Եթերայուղեր է պարունակում, խեժեր ու ֆլավոնոիդներ, որոնք բարերար են ազդում օրգանիզմին անհրաժեշտ ֆերմենտների ակտիվության վրա: Հարուստ է ասկորբինաթթվով, որի շնորհիվ ցավազրկող , ջերմիջեցնող, քրտնամուղ ազդեցություն է թողնում:

Եղրևանու չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է:

Ի դեպ, Լատվիայի Սիգուլդա քաղաքի զինանշանի վրա եղրևանի է պատկերված:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: