Դրախտավարդ
Թփի բարձրությունը հայրենիքում և Սև ծովի ափերին հասնում է մինչև 2 մետրի: Ճյուղերի վրա հակադիր նստած, օվալաձև, սրածայր, ատամնավոր տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, իսկ հակառակ կողմը` բաց կանաչ: Ցայտուն ընդգծված տերևաջղեր ունի: Ծաղիկները ծաղկաբույլերով են, որոնք գնդաձև կամ հովանոցաձև տեսք ունեն:
Ծաղկաբույլերը փարթամ են ու խոշոր, բազմերանգ են. հիմնականում լինում են սպիտակ կամ վարդագույնի տարբեր երանգներով: Պարտեզագործության մեջ շատ տարածված է դրախտավարդի ծաղիկների գույնը արհեստական եղանակով փոխելը: Այդ նպատակով ծաղկելուց մի քանի շաբաթ առաջ բույսերը ջրում են ալյումինի պաղլեղով(շիբ), մեկ լիտր ջրի մեջ լուծելով 5 գրամ շիբ: Դրանից հետո դրախտավարդի սպիտակ ծաղիկները ձեռք են բերում երկնագույն, իսկ վարդագույնը` բաց մանուշակագույն երանգներ:
Ծաղկած ժամանակ դրախտավարդը պահում են ստվերում: Ծաղկում է ամառվանից մինչև աշուն:
Բույսը բազմանում է կտրոնով: Կտրոնից պետք է ունենալ 2-3 հանգույց: Բազմացումը կատարվում է փետրվար-մարտ ամսին: 18՞-20 աստիճան պայմաններում կտրոնները արմատակալում են 13-15 օրում: Եթե բույսը բավական խոշորացել է, և արմատներն ամբողջությամբ ընդգրկել են թաղարը, անհրաժեշտ է փոխադրել ավելի մեծ թաղարի մեջ:
Դրախտավարդը խոնավասեր է. անունը հունական ծագում ունի, որի հիմքում ընկած է ջուրը, որն էլ ցույց է տալիս բույսի հակումը ջրի նկատմամբ:
Ամռանը պետք է առատ պետք է ջրել, ինչպես նաև բույսը ցողել ջրով: Իսկ սեպտեմբերի երկրորդ կեսից հետո ջրման նորման աստիճանաբար պակասեցնում են, որի շնորհիվ բույսը հետզհետե դադարում է աճելուց և ուշ աշնանը տերևաթափ է լինում:
Ձմռանը դրախտավարդը պահում են 3-4 աստիճան պայմաններում, որտեղ բույսն ամբողջությամբ տերևազրկվում է և սկսվում է հանգստի շրջանը, որը տևում է 2.5-3 ամիս:
Հանգստի շրջանում ջրման նորման խիստ պակասեցնում են և խոնավացնում են միայն հողի արտաքին մակերեսը` որպեսզի բուսյն ամբողջությամբ չոչնչանա: