Գլոքսինիա
Բույսի տերևները թավշե ծածկույթով են՝ օվալաձև, լայն տերևներով, արտաքինից պատված աղվամազով: Ունի երկար ու զանգակաձև, խոշոր ծաղիկներ, որոնք 10-12 սմ տրամագծով, նստած են երկար ու փխրուն ծաղկակոթունների վրա: Դրանք բազմերանգ են՝ մաքուր սպիտակ, վառ կարմիր, մանուշակագույն , երկգույն կամ եռագույն շերտերով:
Գլոքսինիան սենյակում պետք է դրված լինի լուսավոր, բայց ոչ արևոտ տեղում, լույսի պակասության դեպքում բույսը չի ծաղկի: Այն պետք է պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Սենյակում ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 24 աստիճանից ամռանը, իսկ ձմռանը ցածր՝ 18 աստիճանից:
Ճիշտ խնամքի դեպքում բույսը կարող է ծաղկել 6-7 ամսից: Արտաքին գեղեցիկ տեսքը պահելու համար անհրաժեշտ է ծաղկաթափ եղած ծաղկակոթունները հեռացնել: Դրա շնորհիվ երկարաձգվում է նաև բույսի ծաղկման տևողությունը:
Ծաղկման շրջանից հետո ջրելը աստիճանաբար պետք է քչացնել, իսկ երբ բոլոր տերևները դեղնում և չորանում են, սոխուկներն անցնում են հանգստի շրջան: Այդ ժամանակ ջրելը պետք է դադարեցնել: Պարզապես հողը ժամանակ առ ժամանակ կարելի է խոնավացնել:
Ամռանը պետք է ջրել ոչ առատ և անպայման տակից, որպեսզի ջրի կաթիլները չընկնեն տերևների վրա, հանգստի շրջանում ջրելը պետք է դանդաղեցնել, իսկ ձմռանը՝ լրիվ դադարեցնել: Ձմռանը թաղարը պետք է դնել չոր տեղ և ընդհանրապես չջրել, հակառակ դեպքում բույսը կմեռնի:
Այս բույսի մշակելը բավական դժվար է, քանի որ գլոքսինիան շատ քմահաճ է և զգայուն՝ արտաքին պայմանների նկատմամբ: Բազմացվում է սոխուկների բաժանումով, սերմերով, ինչպես նաև տերևի արմատակալմամբ:
Ցանքը կատարվում է հունվար-փետրվար, ինչպես նաև նոյեմբեր-մարտ ամիսներին: Սերմերը շատ մանր են, այդ պատճառով կարելի է չծածկել հողով: Սենյակային պայմաններում աճեցվում է գլոքսինիայի հիբրիդը, և հիմնականում բազմացնում են տերևակալմամբ:
Սոխուկները չի կարելի շատ խորը թաղել հողում, երիտասարդներին անհրաժեշտ է մոտ կես սանտիմետր, իսկ տարեցներին՝ 1.5 սմ հաստությամբ հողաշերտ: Դրանք ավելի խորը տնկելու դեպքում դժավարությամբ են են դուրս գալիս հողի երես և շատ հաճախ նեխում են:
Բույսը կարելի է տեղափոխել տարին մեկ անգամ: