ՀԱՐՍԱՆԻՔ
Հարսանիքն ու դրան նախորդող արարողությունները բնորոշել են հին հայոց սոցիալական, կենցաղային հարաբերությունները:
Առաջին փուլն աղջկատեսի արարողությունն էր, որ կատարում էին տղայի տոհմի, գերդաստանի ավագ կանայք: Աղջկատեսի ժամանակ տղայի ընտանիքի անդամները չէին մասնակցում: Կանայք հյուր էին գնում՝ առանց ակնարկելու իրենց առաքելության նպատակը, չնայած աղջկա ծնողների համար դա պարզ էր: Երկրորդ այցը կատարում էր տղայի տոհմի պատվարժան այրերից մեկը: Այստեղ նա խոսակցություն էր բացում ամուսնության մասին: Սովորաբար խնամախոսությունն արվում էր հետևյալ խոսքերով.
- Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք՝ ձեր տնից մի բուռ հող տանենք ցանենք:
- Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք՝ նստենք, թե չէ՝ մենք գնացինք:
- Եկել ենք՝ մեր հացի համար ձեր տնից աղ տանենք:
Աղջկա ծնողները, բնականաբար, սկզբում մերժում էին՝ բերելով բազում պատճառաբանություններ:
Երբ խնամախոսները վերջնական համաձայնության էին գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ էին կիսում: Սկզբում ուտում էին հայրերը, ապա հացը կիսում էին նաև խնամախոսության մյուս մասնակիցներն ու հարսի տնեցիները: Այդ ծեսը կոչվում էր խոսքկապ կամ փոքր նշան:
Նշանդրեքի արարողությունից հետո մինչև հարսանիք փեսան իրավունք չուներ այցելելու, տեսնելու իր հարսնացուին:
Սակայն դա չէր խանգարում, որ փեսացուն երբեմն գիշերեր հարսնացուի տանը, բնականաբար՝ առանձին սենյակում:
Խոսքակապի ժամանակ տղան հարսնացուին նվերներ էր հանձնում: Հաջորդ օրը խնամիները որպես նվեր գինի կամ օղի էին ուղարկում միմյանց: Նորագույն շրջանում նշանադրության արարողությունն առատ սեղանների շուրջն էր կատարվում:
Խոսքակապից հետո տղայի ծնողները մեկ-երկու օրից այցելում էին խնամիներին՝ հղե կտրելու: Այս այցելության ժամանակ նրանք պայմանավորվում էին հարսանիքի ժամկետը, զրուցում նյութական խնդիրների, հարսի հագուստի, նվերների, օժիտի մասին:
Բուն նշանդրեքի ժամանակ հարսին կանչում էին իր սենյակից: Սովորաբար նրան ուղեկցում էր եղբայրը կամ քույրը, որին փեսայի եղբայրը կամ քույրը պարտադիր նվեր էր տալիս:
Տղայի հայրն էլ նվեր էր տալիս աղջկա մորը, սովորաբար՝ դրամ, որ կոչվում էր կաթի փող: Այսինքն՝ վճարում էին հարսին սնելու, պահել-մեծացնելու համար:
Ապա նախապատրաստվում էին հարսանիքին:
Հարսանիքին նախորդող ուրբաթ օրը տղայի տանը մորթում էին մսացու անասունը: Դա արվում է զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Ծեսը պարտադիր արվում էր արևածագին: Ցլի գլուխն ուղղվում էր դեպի արևելք և մորթվում էր: Մորթից հետո փեսայի մայրը սպիտակ թելը թաթախում է ցլի արյան մեջ, կապում տղայի գոտուց, որպեսզի տղան առնական լիներ: Ապա բարեկամներից մեկը սկուտեղի վրա լցնում էր զանազան մրգեր, բանջարեղեն ու տանը վաճառք-աճուրդ կազմակերպում: Գումարը տալիս էին փեսային:
Նույն օրը տեղի էր ունենում փեսայի թրաշի արարողությունը: Դա ևս արվում էր նվագածուների մասնակցությամբ: Տղայի բարեկամ աղջիկները երգում էին փեսա-թագավորին գովերգող երգեր: Վարսավիրը սափրելու հետ երգում էր փեսա-թագավորի գովքը: Նա նաև հանդերձավորում էր փեսային` ամեն գործողության համար առանձին ընծա վերցնելով քավորից: Ապա քավորը փեսային ու ազապներին բաղնիք էր ուղեկցում, ուր փեսային լողացնում էին ծիսական կարգով: Իսկ հարսին հանրային բաղնիքում լողացնում էին փեսայի տոհմի տարեց կանայք: Ապա ընկերուհիները հինա էին դնում հարսի մատներին:
Ալրմաղեքի ժամանակ՝ հարսանիքի նախօրեին, հարսանիքի հացն ու գաթան էին թխում:
Հալավօրհնեքի ժամանակ քուրմը կամ քահանան կատարում էր հարսի շորերի, փեսայի գդակի և քավորի սրի օրհնությունը:
Ծառ կապելը կենաց ծառի մանրապատկերը պատրաստելու արարողությունն է: Այս ծեսը կատարվում էր թե՛ փեսայի, թե՛ հարսի տանը միաժամանակ:
Հարսանիքից մի օր առաջ փեսայի ընկերները քեֆ էին անում ու աճուրդով որոշում ազապբաշուն` ազապների գլխավորին:
Հաջորդ՝ շաբաթ առավոտյան՝ հարսանիքից առաջ, հարսի տուն էին հրավիրում նրա ընկերուհիներին, բարեկամ ազատ աղջիկների, որոնք հանդերձավորում էին հարսին: Ծիսակարգի գլխավորը, սակայն, հասու կին պետք է լիներ, որ երգելով հագցնում էր հարսին և սովորույթի համաձայն՝ կիսատ թողնում գործը՝ ասելով, թե ինչ-որ տեղը ցավում է, և շարունակում էր գործը, երբ քավորկինը փող էր տալիս նրան: Մինչ այդ, երբ կարում էին հարսի շորերը, կտորի ավելացած մասերը բաժանում էին հարսի ընկերուհիների միջև: Այս ծեսը կոչվում է շորձևեք:
Հարսի կոշիկը պետք է իր կրտսեր եղբայրը կամ քույրը հագցներ:
Հարսին տնից հանելիս հարսի եղբայրը դանակը խրում է տան դռանը, և մինչև փող չտային, չէր հանում դանակը և բացում մուտքը: Հարսը տնից դուրս գալուց առաջ խոնարհվում էր հայրական տան օջախի՝ թոնիրի առաջ՝ այդպիսով հրաժեշտ տալով իր տոհմին:
Ապա հարսանքավորները հարսի տան սրահում նստում էին խնջույքի՝ ճամփելու հարսին: Սա արվում էր կեսօրին, և սովորաբար յոթ կենացից ավելի չէր կարելի խմել:
Երեկոյան կողմ հարսանքավորները ուղևորվում էին տաճար կամ եկեղեցի և պսակի օրհնությունից հետո ուղևորվում էին փեսայի տուն: Տաճար կամ եկեղեցի չլինելու պարագայում քուրմը կամ քահանան ծեսն անում էր թոնիրի մոտ:
Համայնքից դուրս կատարվող հարսանեկան արարողությունը հարսնացուի տանը ավարտելուց հետո՝ ուշ գիշերին, հարսի հյուրերը հյուրընկալվում էին հարսի ազգական-հարևանների տներում, բացի քավորից, փեսայից և նրանից անբաժան ազապբաշուց, որոնք գիշերում էին հարսի հոր տանը: Հարսին հոր տնից հանելու պահին մեջտեղ էին բերում յոթ լավաշ, որոնք մեջտեղից ձգելով կիսում էին հարսի հայրական տան և փեսայի քավորները: Հարսի հայրական տան քավորն իր ձեռքի հացը բաժանում էր հարսի տնեցիներին, իսկ փեսայի քավորը իր բաժինն ուղարկում էր փեսայի տան անդամներին:
Հարսանքավորներից առաջ փեսայի տուն էր սլանում աղվես-սուրհանդակը, որն իր նիզակի ծայրից աղվեսի պոչ էր կապում: Նրան որպես ավետաբերի հավ էին նվիրում: Եթե աղվեսին փեսայի տանը հավ չէին նվիրում՝ նա պետք է գողանար այդ հավը:
Երբ հարսանիքը դուրս էր գալիս աղջկա համայնքից, երեխաները փակում էին ճանապարհը հարսանքավորների առաջ և չէին բացում մինչև քավորից ընծա ստանալը:
Իսկ փեսայի համայնքում հարսանիքի թափորին դիմավորում էին գյուղի սկզբնամասում, ուր քավորին, ազապբաշուն և հարսի տոհմի ներկայացուցիչներին գինի կամ օղի էին հրամցնում: Մինչ փեսայի տուն հասնելը գյուղի բոլոր տների առաջ նման փոքրիկ սեղաններ էին բացում՝ հյուրասիրելով հարսանքավորներին:
Երբ հարսանքավորները գալիս էին փեսայի տուն, հարսը չէր նստում, քանի որ սկեսուրը պետք է նստելու համար նվեր տար: Ապա հարսն ու փեսան չարը խափանելու համար ափսեներն էին կոտրում, և տղայի մայրը լավաշը գցում էր հարսի ու փեսայի ուսերին: Ապա նվերներն էին տալիս բոլորի ներկայությամբ:
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշն ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպես Վահագնը և Աստղիկը երբեք չեն ամուսնանում և մնում են հավերժ սիրահարներ: Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի, Աստղիկի տխուր ճակատագրին չարժանանան:
Մինչ սեղան նստելը փեսայի պապն ու տատը, երբեմն՝ հայրն ու մայրը կատակով կոխ են բռնում բոլորի ներկայությամբ: Որպես կանոն՝ հաղթում է կինը: Ծեսի իմաստն այն է, որ տան պատերի ներսում ավագն ու կարգադրողը տանտիկինն է:
Իսկ լավաշն առհասարակ պտղաբերության խորհուրդ ունի: Փեսայի տանը հարսն առաջին հերթին խոնարհվում է փեսայի տան թոնիր-օջախի առաջ, ապա՝ փեսայի ծնողների՝ հավաստելով, որ այլևս այդ տոհմի աղջիկ է: Ապա հարս ու փեսան երգում էին՝ թոնրի շուրջ պտտվելով: Երգում էին` ութ անգամ թոնրի շուրջը պտտվելով: Միաժամանակ քավորկինը ութ բոքոն հաց էր պահում հարսի գլխավերևում:
Փեսայի գլուխը զարդարում էին խաղողի վազից կամ ուռենուց պատրաստված պսակով: Պսակը կապելու արարողության ժամանակ հարևանները ներկա էին լինում և չիրուչամիչ էին լցնում փեսայի գլխին: Իսկ հարսի գլխին ցորեն էին լցնում, որ պտղաբեր լիներ: Այդ ժամանակ բակում ազապները հրացաններով օդ էին կրակում, հարսի և փեսայի պատվին համազարկ տալիս:
Հարսանեկան շատ գեղեցիկ սովորություններ կային: Դրանցից էր խնամպաչը, երբ փեսայի ու հարսի ազգական պատանիներն ու աղջիկները համբուրում էին միմյանց ի նշան բարեկամության: Հարսանիքի ժամանակ տղաները խնձոր էին զարդարում հարսի տեսքով (Աստղիկ դիցուհու խորհրդանիշը) և նվիրում հավանած աղջիկներին: Աղջիկն ընդունում էր ընծան և ի նշան համակրանքի՝ իր թաշկինակն էր նվիրում պատանուն:
Հարսանիքի ամենակարևոր պահը հարսին նվերների մատուցումն էր: Բոլոր նվիրատուները նվագի ուղեկցությամբ պարելով մոտենում են հարսին, մատուցում ընծաները: Ապա պարում էր հարսը: Նա մենակ էր պարում, նրան հերթով մոտենում էին, պարում հետը, ապա շաբաշ տալիս:
Վերջում հարսն ու փեսան պետք է պարեին յոթ մոմերի ուղեկցությամբ: Պարը նույնպես բաղկացած էր յոթ մասից: Պարից հետո տղայի մայրը աղջկան տանում էր կերակրելու և խորհուրդներ տալու, իսկ հարսանքավորը շարունակում էր խնջույքը: Հարսանեկան հիմնական պարը գյովանդ վերվերին էր:
Մոմերով կամ ջահերով պարը վերջին շուրջպարն էր: Պարելու իրավունք ունեցել են միայն ամուսնացած, բախտավոր մարդիկ:
Հնում հարսանիքները տևել են երեքից յոթ օր, և հարսանեկան խնջույքին մասնակցել են համայնքի բոլոր անձինք: Ավելի ուշ շրջանում հարսանիքները մեկ օր էին անում, իսկ հաջորդ օրը փեսայի տուն խաշի էին հրավիրում համայնքի այն անձանց, որոնք չեն մասնակցել բուն հարսանեկան խնջույքին:
Վերջապես, կարմիր խնձորի ավանդույթի մասին, որը որևէ աղերս չունի մահմեդականներից մնացած և Արարատյան դաշտավայրում տարածված սովորույթի հետ:
Հարսն ու փեսան ամուսնական առաջին գիշերից հետո՝ հաջորդ օրվա լուսաբացին, նախ բարձրանում էին տան կտուրն ու երկրպագում արևին: Վասպուրականի հայերի մոտ նաև պահպանվել է արևի երկրպագության երգը.
-Էգ /այգ/ բարև, այ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագավորին շատ արև
Վահե, Վահե:
Էգ բարև, այ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև,
Վահե, Վահե,,,,
Ապա նորապսակները ազապների ուղեկցությամբ գնում էին գերեզմանոց, քանզի արդեն առագաստ մտած հարսը պետք է խոնարհվեր ու երկրպագեր փեսայի նախնիների շիրիմները: Սա հետաքրքիր խորհուրդ ունի. չէ՞ որ հարսը հորանց տնից դուրս գալուց առաջ խոնարհվել է հայրական օջախին, հրաժարվել նրանից: Ապա խոնարհվել է տղայի տան օջախին՝ ընդունելով իր պատկանելությունը այդ տոհմին: Եվ ամուսնական առագաստից հետո, իր մեջ կրելով նոր տոհմի սաղմը, գնում է խոնարհվելու տղայի նախնյաց գերեզմանին՝ այդ կերպ անտես մի պորտալարով ապահովելով սերունդների միջև կապը:
Գերեզմանից հետդարձի ճանապարհին փեսան նիզակ է խրում հողի մեջ, որի վրա հարսն իր ձեռքով կարմիր խնձոր է ամրացնում: Խնձորի վրա սկզբից կրակում է փեսան: Եթե կրակոցը դիպուկ էր, հարսը նրան գոտի էր նվիրում: Եթե փեսան խնձորին չէր դիպչում, հերթով կրակում էին ազապները: Առաջին դիպուկ նշանառուին հարսը խալաթ էր նվիրում որպես բարեկամության նշան: Եվ սովորաբար հենց նա էլ դառնում էր ապագա նորածնի քավորը: