Հայերեն   English   Русский  

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին


  
դիտումներ: 4312

«...Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգուս ենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լեք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպեսԱրամը...»:

Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Աղբալյանի խոսքերն ուղղված են նրանց, որոնց ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Ցավոք, մերօրյա գործիչներից շատերն անգամ չեն էլ գիտակցում այդ խոսքերի իմաստը, որովհետև դա գիտակցելու համար նախ և առաջ պետք է բացահայտեն ու արժևորեն Արամին: Իսկ դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պահանջարկ: Մերօրյա գործիչներին Արամներ պետք չեն, որովհետև նրանք անհամատեղելի են այսօրվա արժեհամակարգի հետ:

Ո՞վ է Արամը

1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ:

Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:

Արամ
Այդ նվիրումուվ էր, որ նվաճեց Վասպուրականը: 1915-ին, կազմակերպելով և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ: Ցավոք, նահանգապետությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ ռուսական զորքերն անակնկալ հեռացան:

1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

Դիկտատոր, սակայն ոչ ընդունված կարծրատիպերով, դիկտատոր, որն ամեն օր ժողովրդի հետ էր, ժողովրդի կողքին, կարիքավորներին ու հիվանդներին նեցուկ:

Նրա կոչերը՝ կազմակերպված պայքար մղել, սեփական ուժերին ապավինել, օտարի օգնության վրա հույս չդնել, տալիս էին դրական արդյունք երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Առջևում 1918 թ. Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերն էին, որոնց ժամանակ Արամն ապահովում էր թիկունքի անվտանգությունը:

800px-Armenian_army_1918թ
1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մինչ Թիֆլիսում ստեղծված կառավարության ժամանումը` հուլիսի 23-ը, նա Երևանում էր և ղեկավարում էր երկիրը: Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:

Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:

Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը...

«Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»

IMG_2931ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը, երբ տարիներ առաջ անցել է երիտասարդ դաշնակցականների շարքերը, ոգեշնչվել է Արամ Մանուկյանից՝ կարդալով դաշնակցական մեկ այլ գործչի` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերն իր մտերիմ ընկերոջ՝ Արամի մասին:

«Ռուբենի հուշերում մի հատված կա իր և Արամի զրույցից: Արամը Սյունիքի ծնունդ էր, սակայն դպրոցական տարիներն անց էր կացրել Շուշիում, իսկ Ռուբենը կենտրոնական շրջաններից էր` Կարս, Գյումրի: Այդ զրույցի ժամանակ Ռուբենն Արամին ասում է, թե նա ավելի երջանիկ է, քանի որ երկրի հեռավոր լեռնային շրջաններից է, որտեղից ծնունդ առած հայորդիներն ավելի ուժեղ են, պայքարող, քան դաշտավայրերում ապրողները: Ռուբենը բերում է ընկույզի օրինակը` լեռնցիներին համեմատելով ընկույզի կեղևի հետ, որն իր ամրությամբ պաշտպանում է միջուկը: Սակայն Արամը նկատում է, որ երբեմն ամուր կեղևով ընկույզի միջուկն էլ է փչացած լինում»:

Անիի համար անձնազոհության վառ օրինակ է Արամ Մանուկյանի մահը. «Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում: Ես այսօր չեմ պատկերացնում, որ մեր որևէ պետական-քաղաքական գործիչ պատրաստ լինի նման անձնազոհության: Արամն ինձ համար իդեալ է, նման կերպարների մասին մենք միշտ կարդացել ենք արտասահմանյան գրականության մեջ, այնինչ մենք ունենք Արամ` չարժևորված Արամ...»:

ՀՅԴ երիտասարդական կառույցը տարիներ առաջ բողոքի ակցիա է իրականացրել` պահանջելով Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Հանրապետության հրապարակում` որպես Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի: Պահանջը չի ընդունվել, փոխարենը 2009 թ. Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրվել է ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Նույն տարում Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում նույնպես տեղադրվել է Մանուկյանի կիսանդրին: Երիտասարդ դաշնակցականը, սակայն, դա բավարար չի համարում` նշելով, որ դա արժևորման մի ձև է, բայց ոչ լիարժեք:

tun-1 Արամ Մանուկյանի կիսավեր, աղբանոցի վերածված տունը

Արամի 9 հասցեում գտնվող հանրապետական նշանակության շենքում Արամ Մանուկյանն ապրել է 1917-1919 թթ., և այդ կիսաքանդ կառույցն այսօր նրանից մնացած միակ ամենաառարկայական հիշողությունն է:

tun-2Շենքը կառուցվել է 1910 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն պատկանել է Ֆադեյ Քալանթարյանին:

Ի դեպ, 1837-ից Արամի փողոցը կոչվել է Ցարական՝ ի պատիվ Երևան ժամանած Նիկոլայ Առաջինի: Առաջին Հանրապետության ժամանակ այն վերանվանվել է Ազատության, սակայն Արամ Մանուկյանի մահից հետո՝ Արամ Մանուկյանի փողոց: Բոլշևիկները 1922 թ. փոխել են փողոցի անունը՝ դարձնելով Սպանդարյան: Խորհրդային իշխանության փլուզումից հետո փողոցը կրկին վերանվանվել է Արամի:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ դեռևս 1990-ականների կեսերին այն արդեն համարվում էր վթարային, և այդ ժամանակ ինքը շենքի վերակառուցման նախագիծ է ներկայացրել իշխանություններին, որն այդպես էլ չի իրականացել:

Levon VardanyanԱյսօր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը նույնպես Լևոն Վարդանյանն է: «Մի շրջան կար, երբ քաղաքի տարբեր հատվածներում հուշարձան-շենքերը քանդում էին՝ անունը դնելով ապամոնտաժում-տեղափոխում, և ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար»,- ասում է նա՝ պատմելով, որ 2005 թ. իր կողմից առաջարկվել է ապամոնտաժված շենքերը Երևանի մի հատվածում վերակառուցել՝ վերակենդանացնելով հին Երևանի մի հատվածը, որը կլինի նաև սիրված վայր երևանցիների համար: Ծրագրի համար նա առաջարկել է Արամի փողոցից մինչև Մաշտոցի այգի ընկած հատվածը, որի երկարությունն ընդհանուր առմամբ մոտ 320 մետր է:

Գաղափարը հավանության է արժանացել, և մշակվել է «Հին Երևան» ծրագիրը: Տարածքը բաժանվել է հինգ հողակտորի՝ լոտերի և հանվել աճուրդի: Հայտնվել են գնորդներ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Տարածքի հինգ հողակտորից չորսը գնել է «Գլենդել Հիլզը»: Գնորդներին ներկայացված գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

maket
Սակայն ծրագիրը կանգ է առել. քաղաքապետներ են փոխվել, երկրի նախագահ է փոխվել, վրա է հասել ֆինանսական ճգնաժամը և այլն: Ծրագիրը կենդանության նշույլներ է ցույց տվել 2010-ին: Վերանայվել ու թարմացվել են բոլոր որոշումներն ու նախագծերը, սակայն` նորից դադար:

Լևոն Վարդանյանի խոսքով՝ օրեր առաջ իր արվեստանոց են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները, դիտել իր կողմից տարիների ընթացքում կառուցված մանրակերտը և հավանության արժանացրել: Շուտով պետք է ճշտվեն նաև ծրագրի իրավական կողմերը: Ճարտարապետը հույս ունի, որ վերջապես այս տարի շինարարությունը կմեկնարկի, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հին Երևանը» կյանքի կկոչվի 3-5 տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար մոտ 100-150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Tun-maketԻնչ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը, եթե անգամ ծրագրի իրականացման շրջանակներում տունը վերակառուցվի, ապա ճարտարապետը չի կարող ասել, թե դա որքանով կդիտարկվի որպես Արամ Մանուկյանի տուն. «Կարող է ընդամենը Արամ Մանուկյանի հուշատախտակը մնա, կարող է տուն-թանգարան դառնա, դժվարանում եմ ասել, դա պետք է պատկան մարմինները որոշեն»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք հանդիպել են «Գլենդել Հիլզի» սեփականատիրոջ հետ, որը խոստացել է շենքը վերակառուցելուց հետո մի հարկը տուն-թանգարանի համար տրամադրել և շեշտել է, որ ինքը նույնպես բարձր է գնահատում Արամ Մանուկյանին:

Սակայն «Անկախի» տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզը» պատրաստվում է վաճառել իր գնած տարածքները: Նոր գնորդը մոսկվաբնակ հայտնի գործարար Սերգեյ Համբարձումյանն է, որի միջոցներով կառուցվել է նաև Մատենադարանի նոր մասնաշենքը: Առքուվաճառքը բանավոր մակարդակում կայացել է, մնում է, որ այն վերածվի փաստաթղթային տարբերակի:

Իսկ թե նոր սեփականատերն ինչ մոտեցում կունենա Արամ Մանուկյանի տան հարցում, ցույց կտա ապագան: Փաստորեն, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ ցանկությունից:

Մինչ ծրագիրը կյանքի կկոչվի և վերակառուցման հերթը կհասնի Արամ Մանուկյանի տանը, մեծ հայորդու հիշատակն ամփոփող կիսավեր տանը կգիշերեն թափառական շները, և այն կծառայի իբրև աղբանոց ու անպետք իրերի հանգրվան:

Aram ManukyanՀունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակն է: Հիշատակի ղողանջներ թերևս հնչեն, սակայն այնքան թույլ, որ անգամ չեն տարածվի քաղաքով մեկ ու չեն հասնի մարդկանց ականջին ու հոգուն:

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»: Այս խոսքերը գրվել են մի ժամանակահատվածում, երբ պետական քարոզչամեքենայի կողմից Մանուկյանի անունը հետևողականորեն մոռացության էր տրվում, հեղինակը խորհրդային պատմաբան, գրող Հարություն Թուրշյանն է:

Այսօր ոչ միայն իրավիճակն է բարենպաստ, այլև ժամանակի հեռավորությունն է բավարար տեսնելու նրա մեծությունը: Ընդամենը գիտակցում ու ցանկություն է պետք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: