Հայերեն   English   Русский  

Մշակութային հաստատության ոչ մշակութային պատկերը


  
դիտումներ: 1587

Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ մշակութային իրադարձության առիթով:

Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ մշակութային իրադարձության առիթով: 2013-ի դեկտեմբերի 14-ին թանգարանում տեղի էր ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որն ավարտվել էր երկու աշխատակիցների շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխմամբ:

Իրադարձության առանցքում թանգարանի երկարամյա աշխատակցուհի, հսկիչ-հավաքարար տիկին Անիկն էր և թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն ու իր օգնական Վարդիկը: Միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի ոստիկանությունը: Հաղորդագրության վերնագիրը բավականին տպավորիչ էր. «Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ»:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Թանգարանի տնօրենը համառորեն հերքում էր ծեծի մասին լուրը` ասելով, որ մատով անգամ չի դիպել աշխատակցուհուն:

Ինչևէ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն և կատարվել հետաքննություն: Եվ «պարզվել» է, որ աշխատակցուհու վնասվածքներն Արիստակեսյանի ու նրա օգնականի հետ որևէ կապ չունեն:

Թանգարանի տնօրենը դեպքից հետո, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, սպառնացել է տիկին Անիկին, որ ինքն է նրան դատի տալու: 60-ամյա կինը մեզ հետ զրույցում ասաց, որ ահուդողով է աշխատանքի գնում, և գիտի, որ վաղ թե ուշ իրեն գործից ազատելու են: Ինչ վերաբերում է տնօրենի սպառնալիքին, ապա կինը հավատում է, որ եթե Արիստակեսյանը կարողացել է այս գործը կոծկել, ապա նրանից ամեն ինչ սպասելի է: Կնոջ խոսքով` միջադեպի միակ ապացույցը տեսախցկիներն են, որոնք, սակայն, տնօրենի կողմից ժամանակին արագ մաքրվել են:

Ի դեպ, հիվանդանոց տեղափոխված աշխատակցուհին հիվանդանոցում, առանց իմանալու, ստորագրել է մի թղթի տակ, որը ինչպես հետագայում է պարզել, դեպքի իրական փաստերը կոծկող և Արիստակեսյանին ու նրա օգնականին արդարացնող փաստաթուղթ է եղել: «Հենց էդ նույն օրն արդեն լրագրողներին հայտնեց, որ իրենք մեղավոր չեն, իրենց վրա ոչինչ չկա: Ուղղակի մեր հնարավորությունները չէին ներում, որ փաստաբան վերցնեինք, հասկանայինք` ինչ ենք անում: Իսկ ինքն ամեն ինչ արեց, որ ջրից չոր դուրս գա»,- ասում է կինը:

սարդարապատ (1)

Հիշեցնենք, որ միջադեպը ծագել է թանգարանի հսկիչ-հավաքարարների հետ ժողովի ժամանակ, երբ Արիստակեսյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարի նոր հրամանով նրանք, ովքեր չունեն դիպլոմ, չեն կարող որպես հսկիչ աշխատել: Տիկին Անիկը, որն արդեն 15 տարի է` աշխատում է թանգարանում, ընդդիմացել է, ինչին ի պատասխան` Արիստակեսյանը նրան գոռգոռալով դուրս էր հրավիրել սենյակից: Կինն էլ հայտարարել է, որ այդ դեպքում բոլորին կպատմի տնօրենի մասին այն, ինչ գիտի, և դուրս է եկել:

Նրա հետևից շտապել է տնօրենի օգնական Վարդենիկը, որը, ըստ լուրերի, Արիստակեսյանի ընկերուհին է: Կնոջ պատմելով` Վարդենիկը սկսել էր ձեռքերով հարվածել իր կրծքավանդակին, վիրավորական խոսքեր ասել: «Ես էլ ինֆարկտ տարած կին եմ,- նշում է նա,- հետո էդ ձայների վրա Արիստակեսյանը դուրս եկավ միջանցք և փոխանակ իր օգնականի դեմն առնելու` ինքն էլ միացավ նրան, ասեց` շատ լավ ա անում: էդ ժամանակ հետևից պարանոցիս վրա հարվածներ զգացի: Մի քանի քայլ գնացի, էլ չեմ հիշում` ինչ եղավ, աչքերիս առաջ մթնեց: Երբ ուշքի եկա, տեսա հիվանդանոցում եմ»:

Մի քանի ժամ անց շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել նաև թանգարանի մեկ այլ աշխատակցուհու, որի ինքնազգացողությունն էլ վատացել է տնօրենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:

Երբ զանգահարեցինք Կարեն Արիստակեսյանին նրանից մեկնաբանություն ստանալու և պարզելու, թե գործն ինչ ընթացքում է և ինչ է սպասվում այդ կանանց աշխատավայրում, ասաց. «Դեռ չեք ձանձրացե՞լ էս հարցից: Ես պատրաստվում եմ ասուլիս հրավիրել, այնպես որ պաշտոնական հաղորդագրություն կլինի, բավարարվեք դրանով»: Հետո էլ ավելացրեց, որ սա ընդամենը ծիծաղելի միջադեպ էր, որից թերթերը մեծ սենսացիա սարքեցին:

Թանգարանի տնօրենը խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել նրանց, ովքեր իրենց տուժող են ներկայացրել` միաժամանակ նշելով, որ իրական տուժողն իրենք են:

big_198493fe6-640x426Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանի հետ: Նա 2012 թ. Կարեն Արիստակեսյանի կողմից աշխատանքից ազատվել է` որպես թանգարանի 30 տարվա գիտաշխատող չկարողանալով հանդուրժել նոր տնօրենի կողմից իրականացվող կամայականություններն ու ոչ պրոֆեսիոնալիզմը: «Թանգարանների պատմության մեջ սա չտեսնված ու ու չլսված բան էր, որը հարիր չէր ո՛չ գիտական, ո՛չ էլ մշակութային ոլորտին: Սակայն Սարդարապատի թանգարանի վերջին տարիների զարգացումների համատեքստում այն և՛ սպասված էր, և՛ օրինաչափ` իբրև հետևանք տնօրենի վարած պատեհապաշտական քաղաքականության»:

Մելիքյանի խոսքով` Կարեն Արիստակեսյանը փորձում է ազատվել կայացած մասնագետներից և մարզի շրջանակներում անցկացվող ձևական մրցույթների միջոցով սեփական ընտրությամբ թանգարան է բերում ոլորտից հեռու պատահական մարդկանց` իր ծանոթ-բարեկամներին: Ոչ պրոֆեսիոնալ, թանգարանային գործից անտեղյակ մի աշխատակից էլ, ըստ նրա, տնօրենի օգնականն է, որը շարունակում է միաժամանակ զբաղեցնել և՛ տնօրենի օգնականի պաշտոնը, որի համար ստանում է գիտական բաժնի վարիչից բարձր աշխատավարձ, և՛ կոորդինացնում է ռեստորանի գործը, որտեղ աշխատում է իր հորաքույրը, և՛ կատարում է դրամարկղի գործը: «Իսկ ըստ որոշ լուրերի՝ հացատուն-ռեստորանը վարձակալությամբ «աշխատեցնում» է նրա եղբայրը»,- նկատեց Սուսաննա Մելիքյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության հրամանին, ապա թանգարանի նախկին գիտաշխատողը կարծում է, որ դա չի կարող տեղայնացվել գոնե Սարդարապատի թանգարանի համար, քանի որ այն լուրջ առանձնահատկություններ ունի: Բանն այն է, որ թանգարանը շատ մեծ ցուցադրական մակերես ունի, որի պահպանության համար անհրաժեշտ է ամենաքիչը 18-21 հսկիչ, որոնք միաժամանակ մաքրում են իրենց ամրագրված ցուցադրական տարածքը: Տարանջատելու դեպքում առնվազն նշված թվի կեսին համապատասխան հավաքարարի հաստիք է անհրաժեշտ, ինչը ձեռնտու չէ պետությանը: «էկոնոմիկայի նախարարի հրամանն ընդամենը շղարշ է թաքցնելու Արիստակեսյանի` «անհուսալի» աշխատակիցներից ազատվելու իրական մտադրությունը, ինչի համար նա պատրաստ է անգամ ձեռք բարձրացնել աշխատակցի վրա, ապա չքմեղանալ՝ վերացնելով համապատասխան տեսագրությունը և սպառնալով վերջիններիս»,-ասում է նա:

Այս միջադեպում թանգարանի աշխատակիցներից ում մեղքի բաժինն է ավելի շատ, ումը` ավելի քիչ, գուցե այնքան էլ էական չէ, քանի որ խնդիրը ոչ թե միջադեպն է, այլ երևույթը, որի պատասխանատուն պետական համակարգն է, որն այդ հաստատությունների նկատմամբ չափից ավելի անլուրջ մոտեցում է ցուցաբերում` չսահմանելով խիստ չափորոշիչներ ու պահանջներ: Եվ մշակութային կառույցները կամաց-կամաց վերածվում են խոհանոցային միջավայրի` դառնալով որոշ անձանց կամայականությունների և անձնական նկրտումների զոհը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: