Հայերեն   English   Русский  

Կանանց բռնցքամարտ` զարգացման սուղ հնարավորություններ


  
դիտումներ: 2278

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի հին աշխարհամասի և աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին: Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՌաֆայելՄեհրաբյանը:

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի հին աշխարհամասի և աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին: Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

- Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի կանանց հավաքականը կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Թիմի թեկնածուների թվում 29 մարզուհի կա: Բոլորն էլ հեռանկարային են, հույսեր են ներշնչում: Դժվարությամբ համակերպվեցի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականից հետո մարզեմ մեր երկրի կանանց ընտրանին: Բայց այժմ այնպես եմ խորամուխ եղել այդ աշխատանքում, որ չեմ պատկերացնում ինձ առանց դրա: Մտահոգում է ֆինանսական կողմը: Միջոցները բավարար չեն մեր մարզուհիներին միջազգային մրցաշարերի գործուղելու համար, որպեսզի նրանք ռինգ դուս գան, կարողությունները փորձելու հնարավորություն ստանան:

- Սովորաբար Հայաստանի բռնցքամարտի առաջնություններին զուգահեռ ուժերն են չափում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս տարի ինչո՞ւ նման բան չարվեց:

- Ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մի քանի մարզուհիներ: Այդ է պատճառը, որ որոշվեց առաջնություն չանցկացնել: Եթե նախկինում ամեն քաշային կարգում արժանի մրցակցուհիներ կային, ապա այժմ 10 քաշային կարգերում ոչ բոլորում է այդպիսի վիճակ: Այդուհանդերձ, մի շարք քաշային կարգերում ունենք մեկական լավ մարզուհի: Եվրոպայի աշխարհի առաջնություններում մարզուհներն ուժերն են չափում 10 քաշային կարգերում, իսկ օլիմպիական խաղերում նրանք մրցում են միայն 3 քաշային կարգերում:

- 2013-ին խոշորամասշտաբ ի՞նչ մեկնարկներ են նախատեսված:

- Մայիսին պետք է կայանային երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունները, սակայն կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները հրաժարվել են, և սպասում ենք, որ որոշվի, թե որտեղ են կայանալու այդ ստուգատեսները:

- Ունե՞նք այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:

- Ֆրիդա Սարգսյանը (48 կգ), Անի Հովսեփյանը (54 կգ), Անուշ Գրիգորյանը (81 կգ), Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Անուշ Աբգարյանը (56 կգ ) աղջիկների և երիտասարդ մարզուհիների ցանկացած մրցաշարում կարող են մեդալակիր դառնալ: Ընդ որում, մեր մարզուհիները հավակնում են 2014-ին հաջող մասնակցելու նաև պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Իսկ դրա համար պետք է մինչև վարկանշային մրցումները կարողությունները մի քանի անգամ փորձեն միջազգային մեկնարկներում, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերեն: Ինձ մտահոգում է, որ դրա հնարավորութունը չկա: Կարծում եմ, որ օլիմպիական ստուգատեսում կունենանք երկու մարզուհի: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: Նախատեսված էր սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեծահասակների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնություններն անցկացնել Ֆրանսիայում, սակայն ֆրանսիացիներն էլ հրաժարվել են մրցումներ կազմակերպելուց: Առայժմ անորոշ վիճակ է, փորձում են նոր մրցավայր գտնել:

- Հայաստանի հավաքականում մեծահասակ փորձառու մարզուհիներ կա՞ն:

- 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը մարզվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում: Հին աշխարհամասի առաջնությունից երեք ամիս առաջ նա կժամանի Հայաստան: Արմինեի հետ կապը պահպանվում է: Առաջիկայում Արմինեն միջազգային մրցաշարի է մասնակցելու: Աշխեն Սիմոնյանն էլ 75 կգ քաշային կարգից փոխադրվել է 81 կգ քաշային կարգ և քրտնաջան պարապում է: Ի դեպ, հավաքականի 6 մարզուհիներ Արմավիրի մարզից են և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ շաբաթը 5 օր Երևան են գալիս և պարապում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող հարմարավետ մարզասրահում: Հավաքականում 18 մարզուհի է: Ի դեպ, կանանց բռնցքամարտը ոչ միայն Արամավիրի մարզում, մայրաքաղաքում է արմատավորված: Պարապողներ կան նաև Գյումրիում, Վանաձորում, այլ բնակավայրերում:

- Կանանց բռնցքամարտը շա՞տ բանով է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

- Կարելի է ասել, որ այժմ շատ քիչ է տարբերությունը, բայց կան միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ որոշ նրբություններ: Ծանրաբեռնված պարապելու, տեխնիկատակտիկական պատարաստականության առումով մարզուհիները տղամարդկանցից գրեթե ոչնչով հետ չեն մնում: 2013-ին Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ինքս հիացմունքով եմ հետևել բարձրակարգ մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերի: Ոչ միայն պատրաստականության մակարդակով, այլև ռինգում դրսևորած մտածելակերպով, մտահղացումների իրականացմամբ մարզուհիներն ուժեղ սեռի ներկայացուցիչներից չէին տարբերվում: Կարելի է ասել, որ մարզուհիները բռնցքամարտի ավելի բարձր մշակույթ էին դրսևորում: Հատկապես ուշագրավ էր, որ իրար ջարդելու, վնասելու ձգտում չունեին:

- Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բռնցքամարտով զբաղվելը հեշտ գործ չէ: Մերոնք սիրո՞ղ մարզուհիներ են, թե՞ պրոֆեսիոնալ, նրանք վարձատրվո՞ւմ են:

- Ոչ մի վարձատրություն չկա: Միայն այս տարի մրցումներին մասնակցելու համար մեծահասակ մարզուհիների համար ֆինանսներ են հատկացվել: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ ոչնչով չեն օգնում, պարզապես հրաժարվել են: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադրություն չունի կանանց բռնցքամարտը ֆինանսավորել, չնայած այն օլիմպիական խաղերի ծրագրում է, երկրի պատվի խնդիր է:

- Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշային ի՞նչ մրցումներ են կազմակերպվելու:

- Առայժմ պարզ չէ, սակայն հնարավորը պետք է արվի որպեսզի մեր հեռանկարային մարզուհիներից երկուսը` Քրիստինեն և Անին ուղեգրեր նվաճեն և խաղերին մասնակցեն:

- Ինչո՞ւ օլիմպիական խաղերում միայն երեք քաշային կարգում են մարզուհիները մրցում` 51 կգ, 60 կգ, 75 կգ:

- Չի բացառվում, որ հաջորդ օլիմպիական խաղերում այդ քաշային կարգերի թիվն ավելանա: Դա մեզ միայն կուրախացնի, քանի որ տարբեր քաշային կարգերում ունենք շնորհալի մարզուհիներ:

- Ինքնանպատակ չէ՞, որ մեր երկրի կանանց հավաքականը կանոնավոր պարապում է, սակայն դրսում միջազգային մրցաշարերի մասնակցելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի:

- Մտավախությունն այն է, որ աղջիկները կարող են հուսահատվել: Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնելը դժվար է: Պատկերն այլ կլիներ, եթե մարզուհիները շահագրգռվածություն ունենային, միջազգային մրցումների հաճախակի մասնակցեին, մրցանակներ նվաճելու հնարավորություն ստանային: Մնում է սպասել, որ աստիճանաբար ամեն բան կկարգավորվի:

- Հայաստանում կա՞ն բռնցքամարտի կենտրոններ, որոնք իրենց դռները փակում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առջև:

- Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրահանգ է տվել, որ բռնցքամարտի կենտրոններում զարգացնեն կանանց բռնցքամարտը: Թեև մասսայականության առումով գոհանալու առիթ չկա, բայց եթե մեր մարզուհիները լավ արդյունքի հասնեն, պարապողների թիվը կտրուկ կավելանա:

- Հավաքականի մարզուհիները ձգտո՞ւմ են պրոֆեսիոնալ դառնալ, հետագայում մեծ փողեր վաստակել:

- Այդ մասին դժվարանում եմ որևէ բան ասել, սակայն շնորհալի մարզուհիներ կան: Առայժմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու, մրցամարտեր կազմակերպելու ուղղությամբ քայլեր չի կատարում, թեև տղամարդկանց բռնցքամարտում ԱԻԲԱ-ի հովանու ներքո նաև պրոֆեսիանալների մրցաշարեր են անցկացվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: