Հայերեն   English   Русский  

Ազատագրված տարածքների ու որբերի պահապանը


  
դիտումներ: 3964

1992 թ., փետրվարի 6: Կառավարության շենքի դիմացից մի ավտոբուս և մի բեռնատար են շարժվում դեպի Մեղրիի ամենահեռավոր գյուղերից մեկը` Նյուվադի: Ավտոբուսում հայ ընտանիքներ են, բեռնատարում` նրանց իրերը: Ընտանիքներն ուղևորվում են սահմանամերձ շրջան` վերաբնակեցնելու ադրբեջանաբնակ ազատագրված գյուղը: Իսկ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանն է` պատերազմական առաջին գծում:

Գուցե այսօր այդ քայլը շատերին զարմանք պատճառի, բայց 21 տարի առաջ բնական էր, օրինաչափ, մանավանդ, որ կային նվիրյալներ, որոնք իրենց անձնազոհությամբ հարյուրավոր մարդկանց համար օրինակ էին դառնում:

Այդ նվիրյալներից էր Վլադիմիր Նիկողոսյանը, որը կնոջ` Թագուհու հետ տնետուն ընկած հորդորում էր, համոզում ընկերներին, բարեկամներին թողնել տաքուկ Երևանը, գնալ սահմանամերձ Մեղրին վերաբնակեցնելու, որովհետև Հայաստանին դա օդ ու ջրի պես պետք էր: «Այդ օրը շատ երջանիկ, ուրախ, երգելով, պարելով գնում էինք,- ժպիտով հիշում է Վլադիմիր Նիկողոսյանը,- բայց ես պատկերացնում էի, թե ուր ենք գնում` մի հարթ տեղ, որից մի քանի հարյուր մետր այն կողմ թուրքն է, և կարող են ամեն վայրկյան մեզ խփել»:

Գյուղը պատահական չէր ընտրվել: Վլադիմիրը հիշում է, որ այդ ժամանակ չորս ռուս մտավորական պատգամավորներ հացադուլ էին սկսել` պահանջելով ադրբեջանցիների վերադարձը այդ գյուղ: Բացի այդ, Նյուվադին Մեղրիի շրջանի ամենամեծ գյուղն էր, բերքառատ էր, կլիման բարենպաստ, և կարելի էր, հողագործությամբ զբաղվելով, հոգալ ապրուստը:

Սակայն վերաբնակներին հաճելի իրավիճակ չէր սպասում. սպասումներին հակառակ` այնտեղ էլ խոր ձմեռ էր, ցուրտ, իսկ տներում կենցաղային պայմաններ չկային: Կար, սակայն,ամենակարևորը` գաղափար, որի շուրջ նրանք համախմբված էին` հավատալով իրենց առաքելությանը:

Գյուղի վերաբնակեցումն իսկական նվեր էր սահմանին մարտնչող հայ ազատամարտիկների համար, որոնք թիկունքում արդեն տուն ունեին, և հաճախ էին, զենքուզրահն ուսերին գցած, գալիս գյուղ, հանգստանում, գիշերում վերաբնակիչների տանը, նրանց հետ կիսում մի կտոր հացն ու ոգեշնչված հետ դառնում սահման:

VladimirՀավաքատեղին Վլադիմիրի տունն էր: Ինքն ու կինը` որպես այդ գաղափարի կրող ու տարածողներ` ամեն ինչ անում էին, որ մարդիկ կապվեն գյուղին, չնայած իրենց համար էլ շատ դժվար էր երեք անչափահաս երեխաների հետ 180 աստիճանով փոխել կենսակերպը:

Մեր օրերի համար մի զարմանալի փաստ էլ. Վլադիմիրը, որն այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր, հակառակ շատերի, որոնք ամեն գնով այդ տարիներին փորձում էին Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք գցել և Հայաստանից հեռանալով` փրկել սեփական կաշին, Նյուվադի տեղափոխվելուց անմիջապես հետո դուրս է գալիս Կրասնոդարի գրանցումից և գրանցվում այդ գյուղում, որպեսզի իր օրինակով վարակի մյուսներին: Մինչ այսօր էլ գրանցված է այդ գյուղում:

Երբ վերաբնակների առաջին խումբը գյուղում սկսում է հաստատվել, աստիճանաբար նոր մարդիկ են գալիս, սակայն պետք էր զրոյից սկսել, և ահա հիմնում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, մշակութային-ժամանցային կենտրոններ և այլն:

Պետությունից աջակցություն գրեթե չկար, իրենց միջից գտնում էին թե՛ գյուղի բժշկին, թե՛ բուժքրոջը, թե՛ ուսուցչին, թե՛ մյուս մասնագետներին: Նռնաձոր վերանվանված գյուղը կամաց-կամաց բնականոն հունի մեջ էր մտնում:

Վլադիմիրն ասում է, որ անգամ պատերազմի տարիներին այնտեղ ավելի շատ մարդ կար, քան այսօր, և եթե պետությունը ճիշտ քաղաքականություն վարեր, վերաբնակիչների մեծ մասը գյուղից չէր հեռանա:

Մեր օրերի առաքյալը գյուղում փորձում է նաև իրականություն դարձնել վաղեմի երազանքը, որը նրա մտքում էր դեռևս 70-ական թվականներից: Նա ցանկանում էր Հայաստանի լքված գյուղերից մեկում ստեղծել օրինակելի ընտանիքներից կազմված մի բանավան, որի ընտանիքներն իրենց խնամքի տակ կվերցնեին և կդաստիարակեին մանկատների երեխաներին: Նա Հայաստանում մանկատուն երևույթն ամոթալի է համարում: 70-ականներին գուցե այդ երազանքն անիրատեսական էր թվում, սակայն եվրոպական զարգացած երկրներն արդեն առաջնորդվում էին մանկատների փոխարեն խնամակալ ընտանիքների մոդելը ձևավորելու ճանապարհով, իսկ Հայաստանը պետական մակարդակով նոր-նոր է սկսում այդ ուղղությամբ քայլեր անել, որի շոշափելի արդյունքները դեռևս չկան:

Ինչևէ, Վլադիմիր Նիկողոսյանը դա անում է 1993 թ.` պատերազմի, շրջափակման, սովի պայմաններում, սահմանամերձ, վերաբնակեցված գյուղում: Նրա համար կարևորն այն էր, որ այդ երեխաները մեծանան ընտանիքում, ստանան ընտանեկան խնամք ու ջերմություն և չմեկուսանան հասարակությունից` ներփակվելով մանկատան պատերի մեջ: Դրան զուգահեռ կլուծվեր նաև վերաբնակեցման խնդիրը:

Մինչ կենտրոնի հիմնումը Վլադիմիրը գնում է Երևան, մի քանի ամիս զբաղվում մանկատան նախկին սաների հավաքագրմամբ, որոնք մանկատունն ավարտելուց հետո հայտնվել էին փողոցում: Հավաքագրում է նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների որբ երեխաների: Նրա ընտանիքի խնամքի տակ են անցնում երկկողմանի ծնողազուրկ 12 երեխաներ` 7 ամսականից մինչև 24 տարեկան: «Փոքրերն ապրում էին իմ տանը, իմ երեխաների հետ միասին, մեծերին տեղավորեցինք գյուղի ազատ տներում` իրենց հողամասերով»:

ազատամարտիկ (1)Սակայն, մինչ այդ նրանց ընտանիքում արդեն ապրում էին Բաքվի ջարդերից մազապուրծ երեք փոքրիկ ակղջիկներ, որոնց մայրն այդ սարսափելի դեպքերի ժամանակ անհետ կորել էր, իսկ հայրը, որը մի կերպ էր աղջիկների հետ Հայաստան հասել, մահացել էր գյուղում, 33 տարեկանում: Մահվան մահճում նա իր երեխաների խնամքը միայն Վլադիմիրի ընտանիքին էր վստահել` հույս ունենալով, սակայն, որ դեռ ապաքինվելու է:

Կենտրոնի նպատակն էր նաև այդ երեխաներին կրթելն ու դաստիարակելը, և Վլադիմիրն ու կինը ջանք չէին խնայում այդ ծանր տարիներին, այդ մեկուսացած ու հեռավոր գյուղում ապահովել նրանց մշակութային, սպորտային, կրթական ծրագրերով ու միջոցառումներով: Մի մեծ մեքենայով միայն իրենց տան գրքերն էին բերել, որ երեխաները կարդան: Ստեղծել էին ազգագրական երգի, թատերական խմբակներ: Ճիշտ է, պատահում էր, որ միջոցառումները մոմի լույսի տակ էին անցնում, բայց մեկ է, մեծ ոգևորությամբ:

Պետությունից չստանալով որևէ ֆինանսական աջակցություն և գոյատևելով սահմանամերձ գյուղին հատկացվող ընդհանուր աջակցությունից, անհատ բարերարների ոչ հաճախակի օժանդակությունից, երբեմն էլ վաճառելով սեփական ոսկեղենը` ընտանիքը մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ էր, որ սահմանն էր պահում` միաժամանակ հանապազօրյա հացը կիսելով որբերի հետ և նրանց տալով ամենակարևորը` ընտանեկան ջերմություն ու սեր: «Մեր միակ հույսն ու հենարանը նախախնամությունն էր,- ասում է Վլադիմիրը,- երբ կանգնած ես երկիրը կորցնելու վտանգի առաջ, մնացած ռիսկերն արդեն աչքիդ չեն գալիս»:

Picture4 058Ընտանեկան կենտրոնն իսկական ուրախություն էր, այնտեղ էին հավաքվում նաև գյուղի մյուս երեխաներն ու մեծերը, և տնից հաճախ էին երգ-երաժշտության ձայներ հնչում: Այնտեղ ամեն ինչ ընտանիքի պես էր, և Վլադիմիրն ասում է, որ այդ տարիների ընթացքում տարբեր ընտանիքներից սերված, տարբեր դաստիարակություն ստացած երեխաները երբևէ իրար հետ որևէ խնդիր չունեցան, ապրեցին ինչպես քույր ու եղբայր, ինչպես մի համերաշխ ընտանիք: Փաստորեն, մոդելը հաջողվել էր:

Նռնաձորում նրանք ապրում են 4 տարի. 1996 թ. Վլադիմիր Նիկողոսյանին առաջարկում են ընտանեկան կենտրոնով տեղափոխվել ԼՂՀ Քաշաթաղի շրջան, որի վերաբնակեցման ծրագիրն էր իրականացվում, և անհրաժեշտ էին երեխաներով ընտանիքներ, որպեսզի հիմնվեր դպրոց, մանկապարտեզ: Եվ քանի որ մարդիկ խուսափում էին սկզբում երեխաների հետ մեկնել, Վլադիմիրը կրկին օրինակ է ծառայում: Քաշաթաղում նրա մեծ ընտանիքն ապրում է շուրջ 5 տարի:

Այստեղ էլ է նա շարունակում իր գործը, սակայն 2001-ին, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, վերադառնում է Երևան: Հարցին, թե ինչու, պատասխանում է. «Ամեն լավ գործ անողին խանգարողներ շատ են լինում»:

Բայց քննդատելու կամ մեղավորներ փնտրելու սովորություն չունենալով` իր գործունեության ժամանակավոր դադարի պատճառների մասին ավելին չի ասում, մանավանդ որ ընտանեկան մանկատան իր երազանք-ծրագիրը դեռ պատրաստվում է իրականություն դարձնել Քաշաթաղի շրջանում: «Այն, ինչ արել եմ 1992-2001 թթ., իմ ծրագրերի ընդամենը մեկ տոկոսն է: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

Նա համոզված է, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Այո, իրականացնելը դժվար է, և դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով և անհատ նվիրյալների անձնազոհության շնորհիվ: Վլադիմիր Նիկողոսյանը պատրաստ է այդ անձնազոհությանը, նաև վստահ, որ եթե ինքն անապատում էլ լինի, միևնույն է, իր կողքին մարդիկ կհավաքվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: