Հայերեն   English   Русский  

Ֆիկուս


  
դիտումներ: 6456

Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:

ֆիկուս

Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն:

Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Բույսը պայմանների նկատմամբ քմահաճ չէ: Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի: Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը: Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը: Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:

Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 15 աստիճանից: Եթե ձմռանը ֆիկուսը դրված լինի տաք տեղ, դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:

Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:

ֆիկուս

Այնուհետև այն պետք է դնել ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել, աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:

Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի: Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:

ՖԻԿՈՒՍՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ամենահայտնին տնային ֆիկուսների մեջ կաուչուկայինն է ,որը ունի ուղիղ բուն; Այն առաջին տարիներին հակված չի ճյուղավորվելու: Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի չալպտուրիկ ֆիկուսներ` ժանգատերևը (veriegata) և տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ լուսասեր են :Տերևների գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են: Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային , բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է:

Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և եռանկյունի տերևներով ֆիկուսներ : Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ են և սրածայր, նրա տարատեսակներն են `Hawaii, variegate, Starlight և

ֆիկուս

Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում: Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ տերևներ , ամուր ճյուղեր: Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ,որոնց տերևները մանր են ու բարակ,իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը , ժամանակակից տեսակներից է գաճաճ ֆիկուսը` (Pumila, Sunny) :





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: