Ֆրանսիայի խորհրդարանի կայքի կարեւոր ձեւակերպումը
Նախ, մեջբերենք երկու խնդրահարույց բաժինները. խորագիրը` «Ադրբեջանը պետք է կամք գտնի` մերժելու ցեղային կարծրատիպերը արցախցիների եւ հայերի նկատմամբ»:
Պարզ է, որ այստեղ նա ցանկացել է ասել, որ Ադրբեջանը ո՛չ միայն արցախահայության նկատմամբ ցեղային կարծրատիպերով է առաջնորդվում իբրեւ պետական քաղաքականություն, այլ նաեւ` Հայաստանի Հանրապետության: Եւ եթե այս դեպքում հայերենից ֆրանսերենի թարգմանությունը ճիշտ չի եղել, ապա երկրորդի դեպքում թարգմանիչը ճիշտ չի աշխատել հակառակ ուղղությամբ:
Այսպես. երկրորդը` «ողջմիտ եւ համարժեք կոմպրոմիներ պետք են: Մենք պատրաստ ենք կոմպրոմինի (թարգմանիչը թարգմանել է զիջում), եթե դրանք խնդրո առարկա չեն դարձնում մեր անվտանգությունը եւ առիթ չեն ստեղծում հակառակորդին նոր հարձակումներ սանձազերծելու համար»:
Օգտագործված բառը կոմպրոմին է ֆրանսերենով, որը նշանակում է համաձայնություն, փոխզիջում կամ դիվանագիտական գործարք: Հստակ չէ, թե ինչու՛ հայերեն թարգմանությունը, որը շրջանառության մեջ դրվել է եւ աղմուկ բարձրացրել կոմպրոմի բառի, եղել է զիջում. որից նաեւ՝ միակողմանի զիջման ընկալումը:
Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո տիրող ներհայկական անվստահության մթնոլորտում յուրաքանչյուր եղելություն մեկնաբանվում է ըստ ցանկության, իսպառ բացակայում է առարկայականությունը եւ ծայր է առնում փոխադարձ ամբաստանությունների կրքոտ փոխասացությունների շարք: Արցախի նախագահի այս հաստատումները եւս անմասն չեն մնացել այս ընդհանուր մթնոլորտից:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ միայն հերքել է Բակո Սահակյանին վերագրվող այս երկու թյուրիմացությունները, այլ նաեւ հայտարարել, որ պաշտոնական լրատվական կայքի մոտ պիտի աշխատեն սրբագրել տալու համար սխալ թարգմանության իբրեւ արդյունք արձանագրվածը:
Նախագահի մակարդակով մի այլ երկրի լրատվական կայքի հաղորդածը հերքել եւ սրբագրություն առաջադրելու նախաձեռնություն չեն լինում, եթե բնագրային ճշգրտությունը ապահովված չլինի: Հետեւաբար առնվազն ճիշտ պիտի չլիներ Բակո Սահակյանի մոտ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները իրարից անջատ հասկացություններ համարելու գոյություն չունեցող մոտեցումը ընդգծելը: Կամ էլ փոխզիջումը կամ համաձայնությունը, որ օրինաչափ եզրույթ է, վերածելը զիջման, միակողմանի պարտվողականության դարձյալ գոյություն չունեցող վարքագիծ փոխանցելու համար:
Հարցազրույցը ընդհանրապես պատշաճ եզրութաբանությամբ եւ համարժեք մտածողությամբ բովանդակություն ունի: Թարգմանական վրիպումները գաղափարաբովանդակային սխալի վերածելն ու այդ մասին աղմուկ բարձրացնելը, մեղմ ասած, օգտակարություն չեն ունենում:
Կա նաեւ այլ խնդիր, որ քաղաքական մոտեցմանն է վերաբերում. ընթերցողը պետք է կարողանա նկատել թե՛ ոճային եւ թե՛ եզրաբանական որոշ տարբերություններ ներքին լսարանին եւ արտաքին լսարանին ուղղված հայտարարություններում. եւ սա, իհարկե, ոչ միայն հայկական առումով:
Այն շեշտադրումը, որ օրինակ Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքի խմբագիրը ուզել է տեսնել եւ խորագրի վերածել Բակո Սահակյանի արծարծած նյութերից, ցեղային կարծրատիպի պետական վարքագիծն է, որը Բաքուն կիրառում է հայության նկատմամբ: Այս նյութը համաեվրոպական ընկալելիություն ունի, եւ նախագահը նման ուղերձ փոխանցելով հաջողել է եվրոպական արժեքների լեզվով խոսել Ֆրանսիայի օրենսդիր իշխանության պաշտոնական լրատվամիջոցի պատասխանատուների հետ: Ուղերձը հանգիստ վերածվել է խորագրի: Նաեւ սա՛ պետք է նկատեր հայկական որեւէ լրատվամիջոց, եթե առարկայականությամբ եւ պետական մտածողությամբ առաջնորդվելու խնդիր դրած լիներ իր առաջ։
Փոխզիջման, համաձայնության (այն էլ` պայմանական) մասին խոսելը միջազգային հանրության լսարանի առջեւ մնայուն առաջ մղված սկզբունք է թե՛ պաշտոնական Երեւանի եւ թե՛ Ստեփանակերտի կողմից: Այստեղ ոչինչ չկա խնդրահարույց. ի վերջո բանակցությունները ընթանում են փոխզիջումնային ձեւաչափի վրա լուծման հանգելու համար: Այստեղ նախագահը պայմանական առաջադրանքներ է արծարծել հասանելիք համաձայնության համար. առաջին` եթե խնդրո առարկա չեն դարձնում Արցախի անվտանգությունը եւ երկրորդ, առիթ չեն տա հակառակորդին նոր հարձակումներ սանձազերծելու:
Ցավոք, հայկական լրատվամիջոցներից վրիպել է այս երկու կետերից շատ ավելի կարեւոր երեւույթ: Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքի համապատասխան էջի խորագրային ձեւակերպումներում Բակո Սահակյանը ներկայացվել է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Սա նշողը ֆրանսիական լրատվամիջոց կամ վերլուծական կայք չէ. նշողը Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնական խոսափողն է: Ինչը որ ենթադրել է տալիս, որ նման ձեւակերպումը Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող երեւույթ է:
Այո՛, ցավոք. անվստահելիությունը, սխալ պրպտելու համար խոշորացույցերով համացանցային մշտադիտարկումներ անելու եւ աղմուկ բարձրացնելու փորձությունը այնքան թեժացել են այս օրերին, որ վրիպում է Ֆրանսիայի օրենսդիր իշխանության պաշտոնական կայքի կողմից Արցախի Հանրապետության (առանց չճանաչված բնութագրումը ավելացնելու) պաշտոնական ձեւակերպումը: Մի բան, որ հայկական կողմի փոխարեն, ադրբեջանական կողմին պիտի խորապես անհանգստացրած լիներ:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր