ՄՅՈՒՐԻՇԵՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
դիտումներ: 1980
Պարզապես սիրահարվեցի չորս կողմը լեռնային թավ անտառներով շրջապատված այս հրաշք գյուղին: Այստեղ անտառն ու գյուղն այնքան միաձույլ են, որ եթե չիմանաս` ընդամենը երեք դարի պատմություն ունեցող գյուղ է, ապա կմտորես` տեսնես անտա՞ռն է գյուղից սերել, թե՞ հակառակը: Տարբեր հատապտուղներով հարուստ անտառ: Եվ պատահական չէ, որ գյուղացիք իրենց գյուղն ավելի հաճախ «Ոսկե ձորակ» են կոչում: Ու հավատացած են, որ եթե մարդն այստեղ չի կարողանում ապրել, կնշանակի կա՛մ խելք չունի, կա՛մ ցանկություն: Վերադարձա, բայց հոգիս թողեցի այդ ոսկե ձորակում:
Ի դեպ, Մարտունու շրջանը ոչ միայն Արցախի, այլև առհասարակ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, տնտեսական կյանքի զարգացման, արտաքին թշնամիների դեմ պայքարի ասպարեզներում միշտ էլ յուրօրինակ դեր է խաղացել: Շրջանում պահպանվել է 360 պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից ամենանշանավորն Ամարասի վանքն է: Հայտնի է նաև Սխտորաշենի 2000 տարեկան տնջրենու ծառով: Իսկ ամենաջրառատ գետը Վարանդան է` իր Ամարաս վտակով, որը թափվում է Արաքսը:
Լեռնային այս փոքրիկ գյուղը դարերի ոտնահետքերով անցյալ չունի, ինչպիսին, օրինակ, նշանավոր Հացին գյուղն է, որի շրջակայքում եղած շինությունների փլատակները, գերեզմանատները փաստում են, որ դեռևս V դարում այստեղ հայտնի բնակավայր է եղել, իսկ ավելի ուշ գյուղը հայտնի է դարձել Անահիտի աղբյուրով, որի հիման վրա Ղազարոս Աղայանը գրել է իր «Անահիտ» հեքիաթը: Մյուրիշենը շատ ավելի երիտասարդ է:
Տարեցներից սերունդներին են փոխանցվել գյուղի ավանդույթներն ու բարի հիշողությունները, ինչպես նաև գերեզմանատան 1781-1814 թթ. թվագրված մի տապանաքար: Ասել է թե` 300 տարվա պատմություն ունեցող գյուղ է: Պահպանվել է նաև XVIII դարի Ս.Աստվածածին եկեղեցին:
Հրադադարից տարիներ անց երկու անգամ եղել եմ Մյուրիշենում, որին խորհրդային տարիներն ասես ոչինչ չէին տվել: Եթե մանավանդ համեմատելու լինենք 3 կմ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Ավդալ-Գյուլափլիի գյուղերի հետ:
Թուրք բաշիբոզուկն այդ ե՞րբ և ինչպե՞ս է բնակվել այս կողմերում: Թերևս հայի անհեռատեսության հետևանքով: Իսկ ըստ գյուղի տարեցների` հարևան Ավդուռ (Ավոյի դուռ) գյուղի մի մեծահարուստ, որին էլ պատկանում էին Ավդալ-Գյուլափլիի տարածքները, իր թուրք չոբաններին հանձնարարում է ոչխարների հոտն այդ տարածքներում արածացնել: Նաև թույլատրում գետնափոր մի երկու փոքրիկ խրճիթ կառուցել: Եվ ահա մի քանի գետնափոր խրճիթները խորհրդային տարիներին թուրքաբնակ հզոր գյուղեր դարձան` միջնակարգ և 8-ամյա դպրոցներով: Իսկ Մյուրիշենն այդպես էլ մնաց 8-ամյա դպրոցի հույսին: Իսկ պատերազմի տարիներին Ավդալ-Գյուլափլին Աղդամին հավասար ռազմական հզոր հենակետ դարձավ:
Մյուրիշենը Ղարաբաղի այն հազվագյուտ գյուղերից է, որ պատերազմի ժամանակ ոչ միայն չի տեղահանվել, այլև թշնամու ոտքը գյուղ չի մտել, չնայած անմիջական հարևան է եղել ադրբեջանաբնակ այդ որջերին, որոնց բնակիչները Ղարաբաղում հայտնի էին իրենց թալանչությամբ, ավազակային հարձակումներով, դավադրություններով: Իսկ հարևան Աշան գյուղը նրանց համար թալանի յուղոտ պատառ էր, քանի որ քիչ թե շատ հարուստ գյուղ էր, և թալանի համար միշտ մի բան գտնվում էր: Եթե նախկինում Մյուրիշեն են եկել Ստեփանակերտ-Աղդամ- Մարտակերտ 35 կմ ճանապարհով, ապա պատերազմի տարիներին Ստեփանակերտ-Մյուրիշեն 25 կմ ճանապարհ գցեցին: Սա անբարեկարգ, բայց արյունատար երակ է եղել, զենք-զինամթերք հասցրել գյուղ, բայց և գլխակեր ճանապարհ էր: Օրինակները շատ են, բայց երկուսը հիշենք: 1992 թ. հուլիսի 3-ին այստեղ ականի պայթյունից զոհվեցին Դուշման Վարդանը, Արմենը, Արայիկը: Հարևան Հարավ գյուղից Մյուրիշեն եկող երիտասարդին դարանակալած թուրքերը սպանում և դին դնում են ականապատված ճանապարհին: Երբ ութ հարազատներով գնում են դին բերելու` տրակտորի կցասայլը հայտնվում է ականի վրա: Կենդանի է մնում միայն վարորդը: Իսկ թուրքի «կարող ենք ձեզ տրորելով անցնել» ահաբեկումը միշտ անպակաս է եղել: Ու կտրորեին, եթե թողնեինք:
ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄԻ ԳԻՆԸ
Այո, Մյուրիշենի փրկության համար զոհվեցին երևանաբնակ երեք ազնվագույն տղաներ: Ու ոչ միայն: Արցախյան շարժումը մյուրիշենցի Զոյա մայրիկի երկու որդիներին էլ օտարությունից տուն բերեց ու ամեն ինչ մոռացնել տվեց: Մոռացան, որ ծեր, հիվանդ մայր, զավակներ ունեն: Առաջնեկ Վլադիկը, որ երեք աղջիկ ուներ, Աշխաբադում է աշխատանք գտել, իսկ երեք տղա ունեցող Արկադին (Ագոն)` Բաքվում: Երկուսն էլ գյուղի 8-ամյա դպրոցն էին ավարտել, այնուհետև` հարևան Ավդուռի միջնակարգը, որտեղ մայրը երկար տարիներ կենսաբանություն էր դասավանդել: Նվիրումն այնքան մեծ էր, որ ոչ մի օր տանը չեն գիշերում: Արկադին Աշանի մոտոհրաձգային 2-րդ վաշտի հրամանատարն էր, լեյտենանտ, իսկ Վլադիկը` դասակի: Եվ առհասարակ Արցախի տեղանքին քաջածանոթ և շրջահայաց երիտասարդներ էին:
Ինչպես արդեն տեսանք, անտառապատ լեռների փեշին ծվարած գյուղ է Մյուրիշենը, ինչը և՛ հեշտացնում, և՛ դժվարացնում էր գյուղի պաշտպանությունը, որին անմնացորդ նվիրվեցին եղբայրները: Մայրը, տղաներին կորցնելու վախը սրտում, երբեմն խրատում էր` մի քիչ ձեզ խնայեք, պահեք: Իսկ որդիները, որ երբեք մոր խոսքը գետնով չէին տվել, հաճախ հանդիմանում էին` մանկավարժ կին ես, ինչո՞ւ չես ասում` լավ կռվեք, լավ դաս տվեք անպատկառ թշնամուն:
Երկուսն էլ դեմ էին բնակիչներին գյուղից դուրս հանելու մտքին` պատճառաբանելով, որ եթե գյուղում ծեր ու մանուկ չլինի, լավ չեն կռվի, չեն պահի հողն ու ջուրը: Բայց երբ հարևան գյուղը թուրքերը գրավեցին, վերջինը Ագոյի ընտանիքը դուրս եկավ:
Ամեն կրակոցից վախվորած մայրը մտածում էր. «Տեսնես ո՞ւմ տունը քադվեց, ո՞ւմ տղան կամ ամուսինը զոհվեց»: Ու այդպես 4-5 տարի: Ցավալին նաև այն է, որ զոհվեցին, երբ այնքան բաղձալի խաղաղությանը հաշված օրեր էին մնացել:
1994 թ. ապրիլի 13-ն էր, երբ դիրքում գյուղի սահմանը պահելիս թշնամու գնդակից զարկվում է Վլադիկը: Իսկ արցախյան տարեգրությունը հաջորդ օրը Թալիշի փառահեղ ազատագրմամբ պիտի նշանավորվեր:
Առավոտ կանուխ Զոյա մայրիկը փողոց դուրս եկավ: Հարևանին տեսնելով` ակամա ձայնեց. «Վարսիկ, Վարսիկ, էդ ինձ մոտ ե՞ս գալիս»: Վարսիկն էլ խույս տալ չկարողացավ: Մոտեցավ ու Զոյա մայրիկին հայտնեց` Վլադիկը վիրավորվել է, տուն են բերում: Մանկավարժ կինը լավ գիտեր, որ վիրավորին հիվանդանոց են տանում, ոչ թե տուն բերում: Մայրը չսխալվեց, որ արդեն կորցրել է Վլադիկ որդուն:
Եղբոր կորստի անասելի վիշտն Ագոն ընդամենը 3 օր հոգում անթեղեց: 4-րդ օրն արդեն դիրքերում էր` կանխելու նենգ թշնամու առաջխաղացումը, որպեսզի գյուղում եղբոր ընտանիքի պես էլի որբացած երեխաներ չլինեն:
Արկադիի վիրավորվելու գույժը գյուղը շանթեց 1994 թ. ապրիլի 17-ին: Երկու օր ապրեց: Եղբոր յոթի օրը գյուղը վերջին հրաժեշտը տվեց նաև հրամանատար Ագոյին:
Երբ Մյուրիշեն գնացի աշնանային անձրևոտ, մի քիչ էլ ցուրտ օր էր: Վառարանների ծուխը գյուղը պատել էր: Մի քանի տուն մտա, որի անդամները տաքությունից խեղդվում էին: Դուռ ու պատուհան էին բացել: Իսկ Վլադիկի տանը ցուրտ էր: Զոյա մայրիկը, պատուհանի մոտ կուչ եկած, աչքը եկողի ճամփին էր, իսկ միտքը, անշուշտ, որդիների հետ: Խոսելիս, պատմելիս ծնոտը, ձեռքերը դողում էին, ձեռնափայտը երերում էր: Այդպես էլ չիմացա` այդ ամենը հուզմունքի՞ց, թե՞ ցրտից էր... Վաղուց նրանից լուր չունեմ: Զոյա մայրիկը ո՞ղջ է, թե՞ հոգին խաղաղվել է որդիների հետ:
«Պետք է այնպիսի սերունդ դաստիարակենք, որ ականջներին օղ անեն` եթե ուզում ենք այս հողում լավ ապրենք, պետք է հայրենիքն անչափ սիրենք: Կռվի ժամանակ լավ ապրել հնարավոր չէ, հետո կմտածենք տնտեսապես հզորացնել մեր երկիրը, ճիշտ օրենքներ ընդունենք, որ հայ մարդը չգնա իր հողից»,- մի առիթով ասել է Արկադին:
Մյուրիշենն այդ պատերազմում 5 զոհ տվեց, որից երկուսը` Վլադիկ և Արկադի եղբայրները: Ցավոք, նրանք միակը չէին: