Հայերեն   English   Русский  

ՀՀ սպորտի նախարարը պատվավոր աշխատողի կոչում է շնորհել Պավել Այվազյանին


  
դիտումներ: 1175

Հաասստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված կրթօջախի մանկավարժաուսուցչական անձնակազմին:

Քոլեջի սաներն իրենց ուժերով ներկայացրել են ուսուցչի անձնվեր և շնորհակալ մասնագիտության կարևորությունը բոլոր սերունդների համար: Նրանք կազմակերպել էին հետաքրքիր թատերական ներկայացում, ցուցադրվել են նաև քոլեջի պատմությանը վերաբերող վավերագրական նյութեր:

Նախարարը շնորհակայություն է հայտնել հետաքրքիր միջոցառման համար՝ նշելով Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մանկավարժների առանձնահատուկ վերաբերմունքն իրենց սաների նկատմամբ, որի շնորհիվ կրթօջախի սաները հետագայում դառնում են ոչ միայն լավ մարզիկներ, այլ նաև կիրթ և գրագետ քաղաքացիներ:

Գաբրիել Ղազարյանը միջոցառման վերջում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար քոլեջի դաստիարակչական գծով տնօրեն Պավել Այվազյանին շնորհել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչում: Նախարարը նաև շնորհակալագրեր է հանձնել քոլեջի մանկավարժներ Քրիստինե Մնացականյանին, Միքայել Եղոյանին, Արշակ Հայրապետյանին, Նազիկ Գաբրիելյանին, Իրինա Մարտիրոսյանին և Մարիամ Պապիկյանին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: