Ինչ են պատրաստել հայերը Խաչվերաց տոնին
Ինչ ուտեստներ են պատրաստել հայերը Խաչվերաց տոնին
Քաշիկա
1 կգ յուղոտ միս
1 կգ ձավար
աղ
Կաթսայի մեջ շերտերով շարել ծեծած ու տաք ջրով թրջած ցորենը և մսի յուղոտ կտորները: Կաթսան ամուր փակել և դնել թոնրում: Քաշիկան պետք է եփել ողջ գիշեր: Ավանդության համաձայն` տոնական ճաշը պետք էր եփել առանց խառնելու, որպեսզի տարին առանց խառնակությունների անցներ:
Ուլի խորովու
Հաճարի ձավարը թրջել աղի ջրի մեջ, մաղով քամել, լցնել յուղով պատած կավե ամանի մեջ: Վրան դարձյալ յուղ քսել և ջուր լցնել` մեկ բաժակ ձավարին երկու բաժակ ջուր: Պատրաստել սոխառած: Ձավարով լցված կավե ամանը դնել թոնրում, վրան կախել ուլը, փակել թոնրի բերանը: Խորովելուց հետո ուլը կտրատել, դնել ափսեի մեջ, մաղադանոսով զարդարել: Ձավարը մատուցել առանձին` վրան սոխառած լցնելով: Տոնական սեղաններին ուլի խորովածը մատուցում են ամբողջական:
Մշոշ
2 բ. ոսպ
1/3 բ. ծիրանաչիր
1/3 բ. սալորաչիր
1/3 բ. ընկույզ
2 ճ. գ. յուղ
2 սոխ
կանաչի
աղ
Ոսպը խաշել, ավելացնել մանրացրած չրերն ու սոխառածը, մատուցելիս խառնել մանրացրած կանաչին:
Ղափամա
1 միջին դդում
1 բ. բրինձ
1 բ. չրեր
1 բ. ընկուզեղեն
2 ճ.գ. յուղ
դարչին
բահար
աղ
Կտրել դդումի գլուխը այնպես, որ կափարիչ լինի իրեն: Ապա մաքրել դդմի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և լցոնել դդմի կեսը: Լցնել ջուրը` ծածկելով բրինձը:
Ծածկել դդումի բերանը իր իսկ կափարիչով և եփել փռի մեջ մեղմ կրակով, մինչև ջուրը ներծծվի, և բրինձն ու դդումը եփեն:
Երևանի գաթա
Առանց թթխմորի պատրաստել շերտախմոր, ծածկել սրբիչով և կես ժամ դնել տաք տեղում:
Պատրաստի խմորը բաժանել 500 գ գնդերի: Յուրաքանչյուր գունդ առանձին գրտնակել 2 մմ հաստությամբ շերտերի և վրան յուղ քսել: Այնուհետև խմորի շերտը երկտակել, նորից գրտնակել և յուղ քսել: Կրկնել 4-5 անգամ:
Շերտավոր դրոժային խմորը գլանաձև փաթաթել ու բաժանել 200 գ կտորների: Յուրաքանչյուր գունդ գրտնակել և դարձնել կլոր բլիթ, բլիթի կենտրոնում դնել խորիզը, բլիթի ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել:
Գաթան դնել յուղ քսած փայլաթիթեղի վրա, վրան քսել ձվի դեղնուց և ծակծկել պատառաքաղով: 30-35 րոպե թխել տաք ջեռոցում:
Խորիզի համար անհրաժեշտ են` 800 գ ալյուր, 400 գ շաքարավազ, 400 գ հալած յուղ:
Խմորի համար անհրաժեշտ են` 1200 գ ալյուր, 200 գ հալած յուղ, 15 գ դրոժ, 0,4 մլ գոլ ջուր: Խմորը գրտնակելու և շերտավորելու համար անհրաժեշտ են 300 գ հալած յուղ, երեսին քսելու համար` 4 ձվի դեղնուց: