Հայերեն   English   Русский  

Եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք…


  
դիտումներ: 1678

Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

- 160 երկրների պատվիրակներ էին մասնակցում: Նախորդ` Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում ուժերն էին չափել 152 պետությունների ներկայացուցիչներ: Կազանում ստուգատեսը բարձր մակարդակով էր կազմակերպվել: Վստահորեն կարելի է ասել, որ նախկինում ոչ մի երկրում խաղերն այդպիսի շուքով չէին անցկացվել: Ռուսաստանը նախապատրաստման համար 1 մլրդ 200 մլն դոլար էր ծախսել: Համեմատության համար նշենք, որ Շենժենում անցկացված խաղերի կազմակերպիչները ծախսել էին 800 մլն դոլար: Հայաստանի պատվիրակության կազմում 39 մարզիկ կար: Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ ) դարձավ չեմպիոն: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանն (+100 կգ) արժանացան բրոնզե պարգևների: Արծաթե մեդալների տիրացան բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը (56 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: 62 երկրների ներկայացուցիչներ են մեդալներ նվաճել: Նվաճած պարգևների հաշվարկով Հայաստանից հետ են մնացել մարզական համարում ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Լատվիան, Արգենտինան, Հունաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը, Իրանը և այլն:

- Զուգահեռներ անցկացնենք մեր սահմանակից երկրների հետ: Հետաքրքիր է, թե ինչպես է Ադրբեջանը շրջանցել Թուրքիային: Այդ երկրների ներկայացուցիչները համապատասխանաբար 19-րդ (4 ոսկի, 5 արծաթ, 7բրոնզ) և 29-րդ (2-0-5) տեղերում են:

- Ադրբեջանի ներկայացուցիչները մեծ փողեր են ծախսում սպորտը զարգացնելու համար: Թուրքիան հանպատրաստից էր մասնակցում: Նախկինում այդ երկրի ներկայացուցիչները շատ ավելի լրջորեն էին նախապատրաստվում և մասնակցում խաղերին: Ի դեպ, եթե կազմակերպիչները մի շարք մարզաձևեր լրացուցիչ չընդգրկեին խաղերի ծրագրում, Հայաստանի ներկայացուցիչներն էլ այդպիսի ավար չէին ունենա: Խաղերի պարտադիր մարզաձևերի շարքում մենապայքարային մի շարք մարզաձևեր չեն նախատեսված, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչների առաջարկով խաղերի ծրագրում էին հայտնվել ըմբշամարտը, գոտիներով ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, սամբոն: Դա ձեռնտու էր Հայաստանի ներկայացուցիչներին:

- Զարմանալի է, որ մարզական մեծ ներուժ ունեցող Իրանը մեզնից հետ է մնացել, 33-րդ տեղում է (1-5-3): Նույնը կարելի է ասել նաև 48-րդ հորիզոնականում հայտնված Վրաստանի մասին (0+1+2):

- Իրանի ներկայացուցիչները նախկինում կազմակերպված խաղերում էլ առանձնապես չեն փայլել: Վրաստանի ներկայացուցիչները նույնպես նախկինում մեզանից առաջ երբեք տեղեր չեն զբաղեցրել:

- Օրինաչափ էր, որ առաջին երկու տեղերը գրավել են Ռուսաստանի (155-75-62) և Չինաստանի (26-29-22) ներկայացուցիչները: Բայց զարմանալի է, որ 3-րդ տեղում ճապոնացիներն են (24-28-32):

Կազան- Բանն այն է, որ տարբեր երկրներում յուրովի են նախապատրաստվում խաղերին: Հայաստանի կառավարությունը, մեր երկրի ԿԳ նախարարությունը, կարևորելով խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստվելը և մասնակցությունը, ամեն ինչ արել էին, որ նրանք լավ հանդես գան: Եվ դա տվեց իր արդյունքը: Տրամադրվել էր 23 մլն դրամ: Ֆինանսական մեծ միջոցներ չեն առանձնացվել, սակայն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և մի շարք այլ մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցությունը հանգեցրեց նրան, որ մեր մարզիկները կարողացան լավ նախապատրաստվել և մեդալներ նվաճել: Հայաստանի մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ լրացուցիչ ներդրումներ են կատարել: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես եկան բռնցքամարտի, գոտիներով ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, լողի, աթլետիկայի, շախմատի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, սամբոյի մրցումներում:

- Մեր երկրի` բոլո՞ր մարզաձևերի ներկայացուցիչների մրցելույթներից եք գոհ: Կա՞ն այնպիսի մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները:

- Լավ հանդես եկան մեր ըմբիշները: Ուրախալի է, որ մեդալներ բերեցին Հայաստանի սամբիստները, բռնցքամարտիկները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լրացուցիչ երկու մարզիկի էր գործուղել Կազան և հոգացել էր բոլոր ծախսերը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էլ լրացուցիչ 6 մարզիկի մասնակցելու ծախսերն էր հոգացել: Հայաստանից լրացուցիչ 4 սամբիստ էր մասնակցում: Դա մեծ աջակցություն էր: Ինչ վերաբերում է չարդարացած հույսերին, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչպես հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Համաշխարհային ուսանողական խաղերում սոսկ 3-րդն է: Բանն այն է, որ վիճակահանության քմահաճույքով Արսենը մրցեց օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ, որին պարտվել էր 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի եզրափակչում: Երկրորդ գոտեմարտում Ջուլֆալակյանը ռուսաստանցի ըմբիշին կրկին զիջեց լարված մրցակցությունում: Դրանից հետո մեր մարզիկը կարող էր պայքարել միայն 3-րդ տեղի համար: Սպասելիքներն ավելի մեծ էին նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանից: Բայց նրա գոտեմարտի ժամանակ մրցավարական կողմնակալ վերաբերմունք եղավ: Եվ եթե մեր երկու առաջատար ըմբիշներներին ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել, ապա նրանք ուժեղ մրցակիցների են պարտվել:

- Իսկ ազատ ոճի մեր ըմբիշների հավաքականի նվաճած մեկ մեդալը քիչ չէ՞: 49 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանից էլ մեծ ակնկալիքներ կային:

- Եթե մեդալ կա, արդեն լավ է: Սպորտում ամեն ինչ հնարավոր է, և Սողոմոնյանի համար մրցամարտը նույնպես ցանկալի հունով չընթացավ: Մի փոքր տակտիկական սխալը, հնարավորությունները ժամանակին չօգտագործելն իր հետևանքներն ունեցավ: Ընդ որում, առաջին իսկ մրցամարտում նրա հակառակորդը Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի մարզիկ էր: Իսկ ահա դժգոհ ենք Հայաստանի ծանրորդների մրցելույթներից: Մեր երկրից մրցահարթակ դուրս եկած երեք մարզիկներն էլ չդրսևորեցին իրենց կարողությունները: Աղասի Աղասյանը, որը Շենժենում չեմպիոն էր դարձել, 77 կգ քաշային կարգից տեղափոխվել է 85 կգ քաշային կարգ և դժվարացավ: 95 կգ քաշային Վարդան Դավթյանը, չկարողանալով բարձրացնել իր պատվիրած ծանրությունը, 0 ստացավ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը բավարարվեց 5-րդ տեղով: Բայց ընդհանուր առմամբ մեր պատվիրակների մասնակցությունը խաղերին կարելի է գնահատել լավ: Գերազանց կլիներ, եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք: Առնվազն երեք ոսկե պարգև պետք է նվաճեինք: Ի դեպ, չեմպիոն դառնալուն շատ մոտ էր Զավեն Անդրեասյանը: Նա և ֆիլիպինցի Ուեսլի Սոն հավասար միավորներ հավաքեցին, բայց քանի որ լրացուցիչ ոսկե մեդալ չկար, մրցավարական հանձնաժողովը որոշեց «արագ» շախմատի միկրոմրցամարտ անցկացնել: Եվ հաջողությունը մեր գրոսմայստերին ուղեկից չեղավ: Այդուհանդերձ, այս խաղերում ամենից շատ մեդալներ ենք նվաճել: 2015-ին Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում կայանալիք խաղերում մեդալների այսպիսի քանակ չենք ունենա: Բանն այն է, որ կորեացիները, պարտադիր ծրագրով մարզաձևերից բացի, ընդգրկել են այնպիսի մարզաձևեր, որոնցում Հայաստանի ներկայացուցիչներն այնքան էլ մեծ հաջողություններ չունեն: Հոռետեսություն չէ, սակայն նախապես կարելի է ասել, որ իրատես լինելով` մեծ ակնկալիքներ չենք ունենա: Նախորդ` Չինաստանում կայացած խաղերում Հայաստանն ընդամենը երկու մեդալ ուներ: Ծանրորդ Աղասի Աղասյանը չեմպիոն էր հռչակվել, արծաթե մեդալակիր էր դարձել նրա թիմակից Հայկ Հակոբյանը:

- Ի՞նչ պարգևներ են սպասում Կազանում աչքի ընկնողներին:

- Սահմանված կարգով տարեվերջին բոլորն էլ պետության կողմից պարգևների կարժանանան: Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է և խրախուսանքի կարժանացնի մեդալակիրներին: Դա նախատեսվում է հոկտեմբերին` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ավարտից հետո, այդ ստուգատեսի լավագույններին պարգևատրելու ժամանակ: Խաղերն ընթացքում են, մնացել են հանդբոլի և մինի ֆուտբոլի մրցաշարերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: