Պետք է լինել ճկուն, նոր ու թարմ. սա հայկական ժամացույցի բիզնեսի կարևոր սկզբունքներից է
Եթե ամենասկզբում ամեն ինչ պլանավորել ես, կազմել, ծրագրել ու պատկերացնում ես, թե ինչ ես ուզում ու ինչպես ես ուզում, ապա հաջողությունն ավելի արագ կգա»,- նշում է Արմեն Բալայանը:
Իսկ «Նիկոլայ» ժամացույցներ արտադրող ընկերությունը հիմնվել է 1998 թվականին. այդ ժամանակ Արմեն Բալայանի հայրը` ընկերության ու ապրանքանիշի «կերտող» Նիկոլայ Բալայանը (հենց նրա անունով էլ կոչվում են ժամացույցները) իր բիզնեսը սկսեց, բայց միայն ժամացույցների առքուվաճառքով զբաղվելով: Չնայած Նիկոլայ Բալայանը արտադրությամբ զբաղվել է դեռ 80-ականներից: Արդեն գործունեությունը սկսելուց 2-3 տարի հետո որոշում է ոչ թե ներկրել ժամացույցներն ու վաճառել, այլ ստեղծել սեփական ժամացույցները: Մոտավորապես 2000-ականների սկզբներին առաջացավ հայկական սիմվոլիկայով սեփական ժամացույցների արտադրություն հիմնելու գաղափարը, և շուկայում հայտնվեցին «Նիկոլայ» ժամացույցների առաջին մոդելները՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի քարտեզներով: Այդ ժամանակ հիմնական բաղադրամասերն արտադրվում էին դրսում, ներկրվում ու հավաքվում էին Հայաստանում: Մի քանի տարի հետո «Նիկոլայները» սկսեցին ավելի շատ սեփական արտադրության դետալներով ներկայանալ սպառողին: Սկզբում վաճառքը բավականին լավ էր, քանի որ «Նիկոլայ» ժամացույցները միակն էին հայկական շուկայում ու շատ արագ տարածվեցին, հատկապես բանակում՝ զինվորների շրջանում: Բայց հետագայում ի հայտ են գալիս խանգարող հանգամանքներ. հայկական շուկա սկսեցին Չինաստանից նմանատիպ ժամացույցներ ներկրվել ու վաճառվել, որոնք որակով զիջում էին տեղականին, բայց միևնույն է, բացասաբար էին ազդում «Նիկոլայի» վաճառքի վրա:
«Մենք փորձել ենք ստանալ լավագույն որակ մատչելի գների սահմաններում: Սկզբում միայն մեկ տեսակ ժամացույց էր արտադրվում, բայց հիմա ամսական մի քանի հարյուր ժամացույցներ ենք հավաքում: Սկզբնական մեկ մոդելի փոխարեն էլ ներկայումս, ներառյալ տարբեր գույների տարբեր մոդելները, մոտավորապես 60 տեսակ ժամացույց ենք ներկայացնում շուկային: Բայց, ցավոք, սպառումն այնքան բարձր չէ, ինչպես գործունեությունը սկսելիս»,- նշեց ընկերության մենեջերը:
Գրպանի ժամացույցների գները տատանվում են 4-70 հազար դրամի սահմաններում: Ուստի, այն միջին խավի մարդկանց համար է նախատեսված: Այսինքն` յուրաքանչյուր ոք, նշում է Արմեն Բալայանը, ի վիճակի է 5-6 հազար դամ տալ ու գնել հայկական որակյալ ժամացույց, որը, ի դեպ, բավականին երկարակյաց է:
Արմեն Բալայանն ասում է, որ բիզնեսում հաջողության հասնելու համար այսօր շատ ավելին է պահանջվում, քան մի քանի տարի առաջ: Այսօր մարդիկ սկսել են գնահատել որակը, համեմատել ու համեմատվել արտասահմանյան ընկերությունների ու ապրանքանիշների հետ: Այսինքն՝ արդեն պետք է ապահովել նաև ծառայություններ, որոնք նախկինում պարտադիր չէին:
«Ինձ թվում է՝ եթե այսօր բիզնեսից մի քիչ գաղափար ունենաս, կարելի է սկսել ինչ-որ բան արտադրել: Դրա համար պետք է ուսումնասիրել շուկան ու հասկանալ պահանջարկը, որպեսզի դրանից բխի քո առաջարկը: Օրինակ՝ եթե առաջարկես ժամացույցի որակ կամ ձև, որն ընդունված չէ հանրության կողմից, որքան էլ այն լավորակ լինի, միևնույն է, լավ վաճառք չես կարող ունենալ: Իսկ վատ վաճառքը բիզնեսի բարգավաճման չի բերի բնականաբար: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է ուզում շուկան: Բացի այդ, հնարավոր սխալները պետք է շտկել, որոնք կարող են լինել ֆինանսական, ժամանակային կորուստներ, տեխնիկական և այլն: Այսինքն՝ յուրաքանչյուր գործ էլ պահանջում է որոշակի չարչարանք. դա ինչ-որ գծագիր չէ, որ նայես ու ամեն ինչ պարզ լինի: Բիզնեսը գիտություն է, մասնագիտություն է, չարչարանք է: Եվ որպեսզի բիզնեսը կայանա ու չկործանվի, շատ բան է հարկավոր: Պետք է հասկանաս, թե ինչու է վաճառվում Ա ապրանքը, այլ ոչ Բ-ն, կամ ինչու են մարդիկ նախընտրում Գ ապրանքը և չեն ընտրում Դ-ն: Եթե չպատկերացնես, թե ինչու է մեկի վաճառքը լավ ու մյուսինը՝ վատ, չես կարող հասկանալ, թե ինչ է պետք ներդնել: Երբ հասկանում ես, թե ինչու է վաճառվում սա, սկսում ես շտկել, օրինակ, որակը, մտածում ես՝ ինչը փոխես, որպեսզի չվաճառվող ապրանքը դառնա վաճառվող»,- բիզնեսի բնագավառում տարիներով ձեռք բերված իր փորձը սիրահոժար մեզ է փոխանցում Արմեն Բալայանը, որ, ի դեպ, կրթությամբ ու մասնագիտությամբ բժիշկ է, բայց զբաղվելով ընտանեկան բիզնեսով` ժամացույցների արտադրությամբ, հընթացս ուսումնասիրել է մարքեթինգ, մենեջմենթ, հասցրել է յուրացնել բիզնեսի ու տնտեսվարման նրբություններն ու գաղտնիքները: Ուստի կարևորում է գիտելիքները ու վստահ նշում, որ հատկապես տեխնիկայի ու տեխնոլոգիայի ներկա դարում առանց գիտելիքների, նորարարություններին ու տեխնոլոգիաներին ծանոթ լինելու հնարավոր չէ հաջողակ բիզնես վարել:
«Մեզ համար գլխավոր դժվարությունը եղել է ինֆորմացիայի պակասը, որը մենք ընթացքում լրացրել ենք, շատ բաներից գաղափար չենք ունեցել և ընթացքում ենք կարողացել հասկանալ ու շտկել: Այսինքն՝ քիչ տարիների փորձը ինչ-որ տեղ կարող է բերել որոշ դժվարությունների: Սկսնակը, բնականաբար, ունենում է ավելի շատ ու ավելի մեծ դժվարություններ, իսկ փորձառուն գիտի խնդիրը, գիտի՝ ինչպես կարող է լուծել այն և այլն: Այդ կարգի դժվարություններ են եղել նաև մեզ մոտ: Լուրջ դժվարություններ ենք ունեցել բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու հարցում, որի համար պետք է եղել ուսումնասիրել ժամանակակից բիզնեսի աշխատանքային ձևերը: Այսինքն՝ սա ինչ-որ սենյակ չէ, որտեղ կարողանում ես աշխատել, ներդնել մտքերդ: Անընդհատ պետք է մտածես, ուսումնասիրես թե՛ շուկան, թե՛ մրցակիցներիդ, թե՛ մյուս արտադրողներին, որոնք նույնիսկ մրցակիցներդ չեն, շատ բաներ նաև նրանցից ենք սովորել»,- պատմեց ընկերության մենեջերը:
Արմեն Բալայանը նաև նշում է՝ ինչ բիզնես էլ անես, որ ոլորտում էլ գործես, ինչ ընկերություն էլ հիմնես, միևնույն է, պետք է անընդհատ զբաղվես քո ընկերությունով, փայփայես, արդիականացնես ու միշտ ուշադրության կենտրոնում պահես այն: Չի կարելի բիզնեսը գցել հետին պլան: Ընդ որում, զբաղվել չի նշանակում միայն ներդրում անել, ու վերջ. դա կարող է լինել նոր տեխնոլոգիայի ձեռքբերում, նոր գիտելիքի կամ նոր մոտեցման ներդրում, ընկերությունն ու արտադրանքդ նոր ձևով, ճիշտ ներկայացնել և այլն: Բիզնեսում հատկապես կարևոր է, նշում է մենեջերը, ճկուն լինելը:
«Եթե ճկուն չլինես և մտածես, թե այն, ինչ անում ես, ճիշտ է, ժամանակի ընթացքում որակի փոփոխություն չես ունենա: Իսկ դա հաստատ խանգարում է բիզնեսի զարգացմանը»,- նշում է Արմեն Բալայանը ու հավելում, որ Հայաստանում բիզնես անելը դժվար է, որովհետև շատերը զարտուղի ճանապարհներով, բարեկամ-ծանոթ-խնամիական կապերի շնորհիվ ձեռք են բերում մրցակցային առավելություններ, ինչը ամբողջ դաշտի համար դառնում է թերություն: Բայց ամեն խնդիր էլ հաղթահարելի է, թեև դժվար հաղթահարելի:
«Իհարկե, դա հիմք չէ ասելու համար՝ չարժե ոչինչ անել, և ես երբեք ոչ ոքի չեմ ասի՝ ոչինչ մի արեք, այս երկրում անիմաստ է: Իհարկե ամեն ինչ էլ արժե փորձել: Բնագավառներ կան, որտեղ դու կարող ես մրցակից չունենալ, և այդպիսի բնագավառներից կարելի է սկսել: Բայց ինձ թվում է՝ միանգամից չարժե մեծ մրցակցության մեջ մտնել: Ամեն դեպքում՝ ինչ-որ բան անելը չանելուց լավ է, բայց այդ ինչ-որ բանն անելուց էլ է պետք խելացի սկսել: Այսինքն` պետք է հստակ գիտակցել, թե ինչու ես հենց դա սկսում և ոչ թե այլ բան: Պետք է կոնկրետ ու հստակ իմանաս, թե ինչ արժե անել: Եվ ի սկզբանե պետք է հասկանաս՝ ընկերություններ կան, որոնց հետ չես կարող մրցել, ինչքան էլ խելացի լինես ու հետաքրքիր մտքեր, գաղափարներ առաջարկես»,- նշում է նա:
Ի դեպ, կրկնօրինակման մասին: Բալայանը շեշտում է` դա ցանկալի չէ, և եթե անգամ կրկնօրինակում ես՝ գոնե ինչ-որ առավելություն, տարբերություն պետք է ունենաս: Եթե երկու ընկերություն պետք է անեն նույն բանը՝ արտադրեն նույն որակի, նույն գնի նույն ապրանքից, ապա իրար խանգարելու են ու խնդիրներ ստեղծեն իրար համար: Կամ ի՞նչ իմաստ ունի նույնը անել. պետք է միշտ լինել նոր ու թարմ: