Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 6496

Հայ-գերմանական հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Գիտական գրականության մեջ հաճախ է շրջանառվում բավարացիների և գերմանների հայկական ծագման մասին վարկածը:

1080 թ. գրված «Աննոլիդ» մատյանում ասվում է հետևյալը. «Բավարացիները եկել են Արմենիայից, որտեղ Նոյը կանգ է առել Արարատ լեռան գագաթին և իջել տապանից, երբ աղավնին բերել է ձիթենու ճյուղը»:

Նման տեղեկություն կա նաև «Kaiserchronik» գրքում, որ գրվել է 1170 թ., և որում կրկին ասվում է. «Առաջին բավարացիները ծնունդով Արմենիայից են, որտեղ Նոյն իջել է տապանից, երբ աղավնին նրան բերել է ձիթենու ճյուղը, և տապանի հետքերը մինչև հիմա կարելի է տեսնել այդ լեռան վրա, որը նրանց մոտ կոչվում է Արարատ»: Իսկ «Chronica Baioariorum» գրքում, որը համարվում է բավարացիների ազգային էպոսը, ասվում է հետևյալը. «Բայոարիուսը իր ազատասեր ժողովրդի հետ, որի հայրենիքը Արմենիան է, երկար ու դժվար ճանապարհ անցնելով՝ հասել է այս երկիրը, որտեղ հանդիպել է աղքատ ժողովրդի, որը զբաղվում էր ձկնորսությամբ և որսորդությամբ: Հաստատվելով այստեղ՝ նրանք երկիրը կոչում են իրենց առաջնորդի՝ Բայոարիուսի անունով՝ Բավարիա»:

Վաղ քրիստոնեական շրջանում հայազգի շատ քարոզիչներ են հայտնվել Գերմանիայի տարածքում: Ամենահայտնին թերևս սուրբ Բարսեղ Սեբաստացին է, որ քարոզել է Գերմանիայի տարածքում, բժշկություն արել: Սուրբ Բարսեղը նահատակվել է 316 թ.:

Ավելի ուշ շրջանում՝ XI դարում, բավարական Պասսաու քաղաքում գործել է հայազգի Գրիգորիս եպիսկոպոսը: Նրա մարմինն ամփոփված է Նիդեռնբուրգի վանական համալիրում:

Հետագայում հայ-գերմանական հարաբերությունները սերտացան խաչակրաց արշավանքների ժամանակ: Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Ա Բարբարոսան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Կիլիկիո իշխանաց իշխան Լևոն Բ հետ՝ ցանկանալով նրան ճանաչել հայոց թագավոր: Սակայն Ֆրիդրիխ Բարբարոսան խեղդվեց Ջեյհան գետում, և նրան հաջորդած կայսր Հենրիխ Զ առաջինը ճանաչեց Լևոն Բ որպես Կիլիկիայի հայոց թագավորության թագավոր և թագ ուղարկեց նրան:

Ֆրիդրիխ Բարբարոսայի սիրտը և մարմնի այլ մասեր ամփոփվեցին Կիլիկիայում՝ Տարսոնի Մայր տաճարում:

Հայոց Լևոն Բ արքան էլ 1198 թ. հունվարի 6-ին թագադրվեց հենց նույն տաճարում՝ Մայնցի կարդինալ Կոնրադ Վիթելսբախի ձեռքով, կաթոլիկ ծեսով:

XIX-XX դարերում հայ անվանի շատ մտավորականներ իրենց ուսումը ստացան Գերմանիայի ուսումնական հաստատություններում. նկարիչներ Հակոբ Կոջոյան, Վարդգես Սուրենյանց, գրողներ Լևոն Շանթ, Ավետիք Իսահակյան…

Առհասարակ գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ կան հայագիտության ուսումնառության կենտրոններ: Մասնավորապես Բոխումում գործում է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն, Աախենում՝ Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն, Մյունխենում՝ Հայկական հարցերի ուսումնասիրման հաստատություն և այլն:

Հայերը Գերմանիայում ամենուր իրենց դրսևորել են դրական կողմերով՝ հանդես գալով որպես գիտնական, շինարար, առևտրական… Առհասարակ, գերմանացի շատ գործիչներ են արտահայտվել հայերի և Հայաստանի մասին, որոնք վաղուց դարձել են թևավոր խոսքեր: Թերևս ամենաուշագրավը գերմանացի հնագետ Շլիմանի գնահատականն է. «Եվրոպայի ժողովուրդների մեծագույն դժբախտությունն այն է, որ նրանք որպես քաղաքակրթության հիմք ընդունեցին ոչ թե հայկական, այլ հունական քաղաքակրթությունը»:

Նման արտահայտություններ հայերի և հայկական մշակույթի մասին արել են նաև Հենրիխ Աբիխը, Մորից Վագները: «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ», «Հայաստանը լեռնային կղզի է»,- վաղուց արդեն պատմագիտության մեջ շրջանառվող այս արտահայտությունները նույնպես պատկանում են գերմանացի ուսումնասիրողներին:

Գերմանիայի մերօրյա գաղթօջախը ձևավորվեց համեմատաբար վերջին ժամանակներում՝ Թուրքիայից և Մերձավոր Արևելքի երկրներից արտագաղթի հաշվին: Առաջին աշխարհամարտից հետո հայերի հոսքը դեպի Գերմանիա սակավ էր, քանի որ Գերմանիան Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր:

Կայզերական Գերմանիան իր մեղսակցությունն ունի Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքական բանակն իր վայրագ գործունեությունը հայերի նկատմամբ հաճախ կատարում էր գերմանացի սպաների հրահանգներով և անմիջական մասնակցությամբ: Եվ Հայոց ցեղասպանության ծրագրման ու իրականացման գործում, բնականաբար, Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիան անմասն չէր: 2016 թ. Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և Բունդեսթագի բանաձևում, ի պատիվ գերմանացի պառլամենտականների, ակնարկ կա Գերմանիայի մեղսակցության մասին:

1921 թ. հենց Բեռլինում հայոց «Նեմեսիս» շարժումն իրականացրեց իր վրիժառու ծրագրերից մեկը, երբ Սողոմոն Թեհլերյանը սպանեց Ցեղասպանության գլխավոր մեղսագործ Թալեաթ փաշային: Սպանությունից հետո Թեհլերյանը չհեռացավ, հանձնվեց ոստիկանությանը: Եվ գերմանական դատարանը երկարատև քննությունից հետո արդարացրեց հայորդուն՝ դրանով իսկ իր վերաբերմունքն արտահայտելով կատարվածի նկատմամբ:

Պետք է նշել, որ Գերմանիան եզակի երկիր է, որի դեպքում առկա է նաև էթնիկ հակառակ շարժը. շատ գերմանացիներ, լքելով իրենց հայրենիքը, բնակություն են հաստատել Հայաստանում:

Լինելով հավատացյալ բողոքականներ՝ Գերմանիայի Վյուրտեմբերգի, Բավարիայի, Պֆալցի և Հեսսենի երկրամասերի, մասամբ նաև Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի որոշ շրջանների բնակիչներ՝ մոտ 10000 հոգի, XIX դարի սկզբին խմբերով տեղափոխվում են Հայաստան և կարծելով, որ շուտով աստված դարձյալ մարդկությանը պատժելու է համաշխարհային ջրհեղեղով, և ինչպես առաջինի դեպքում, այս անգամ ևս Արարատը փրկելու է մարդկությանը, բնակություն են հաստատում լեռան շրջակայքում: Հավատացյալների նպատակն էր հաստատվել սուրբ լեռան ստորոտում, որպեսզի ջրհեղեղը վրա հասնելու պահին հնարավոր լինի արագ բարձրանալ լեռնագագաթ ու Նոյի օրինակով փրկել իրենց ընտանիքները:

Ի դեպ, մեր մայրաքաղաք Երևանում էլ գերմանական «հետք» կա: XIX դարավերջին և XX դարասկզբին Երևանի նահանգի գլխավոր ճարտարապետը նահանգային ինժեներ Նիկոլաուս ֆոն դեր Նոննեն էր, որ կառուցել է բազում հայտնի շենքեր՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, հայկական դիվիզիայի շտաբը, ներկայիս Հանրապետության փողոցի և այլ վայրերի շատ շենքեր, նախկին նահանգապետի նստավայրը …

Հայ ժողովրդի համար բախտորոշ մի շրջանում՝ 1918 թ., հայ մարտիկների հետ թուրքական բանակի դեմ կռիվ էր տալիս նաև գերմանացի սպա, ծագումով էլզասցի կապիտան Շնեուրը, որ ճակատի հրամանատար Դանիելբեկ Փիրումյանի օգնականն էր: Հետագայում կապիտան Շնեուրը ԱՄն-ում ռուսերեն հրատարակեց իր հուշերը ճակատամարտի մասին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին շատ հայազգի ռազմագերիներ մնացին Գերմանիայում՝ չվերադառնալով հայրենիք: Պատմաբանների առանձնակի ուշադրությանն է արժանի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դրոյի և Նժդեհի հայափրկիչ ծրագիրը, երբ ազգային այդ գործիչները գերմանական բանակի կազմում հայ ռազմագերիներից հայկական լեգեոն ձևավորեցին՝ պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում ապահովելու հայության և Հայաստանի անվտանգությունը:

Շատ պատմաբանների կարծիքով՝ Երկրորդ աշխարհամարտում գերմանական բանակի տանկային զորքերի հրամանատար Հայնց Ֆրիդրիխ Գուդերյանն էլ ազգությամբ հայ էր:

Այսօր Գերմանիայում բնակվում է շուրջ 80 հազար հայ:

Գերմանիայում ներկայումս գործում են հայ առաքելական երեք եկեղեցիներ, հասարակական, բարեգործական կազմակերպություններ՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Գերմանա-հայկական ընկերակցությունը, Հայկական հարցերի հաստատությունը, Ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնը և այլն։ Գործում են նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ՝ Հայ գործարարների միությունը, Հայ բժիշկների և բուժաշխատողների միությունը, Հայ օգնության միությունը, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Տեղեկատվական և փաստագրական կենտրոնը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը և ուրիշներ:

2008 թվականից Գերմանիայում բացվել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: