Հայրենադարձությունը նպաստող միջավայրի ձևավորման խնդիր կա. Վարդան Մարաշլյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ իրենց գործունեությունը սկսելու պատճառն այն էր, որ հոսք կա դեպի Հայաստան, սակայն դա համակարգված չի կազմակերպվում՝ չի կատարվում աշխատանք դրսում, իսկ այստեղ ինտեգրման հարցերը լուծելու ուղղությամբ չեն զբաղվում: Այս կառույցը անհատապես գործում է այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են գալ Հայաստան: Խոսքը վերաբերում է թե´ դասական սփյուռքին, թե´ նրանց, ովքեր Հայաստանը լքել են անկախ հանրապետության տարիներին:
«Կազմակերպությունը փորձում է կապեր հաստատել Սփյուռքի հետ ներկայացնել հայրենադարձության հնարավորությունները Հայաստանում: Սփյուռքի մեծ մասը կայուն կապ չունի Հայաստանի հետ՝ նույնիսկ կրթական, տուրիստական կամ կամավորական ձևով: Մենք փորձում ենք այնպես անել, որ մարդիկ առնվազն տեղեկություններ ունենան նման հնարավորությունների մասին: Եթե մարդիկ ցանկություն են հայտնում ՀՀ տեղափոխվելու, այդ հարցում ևս օգնում ենք»,- նշեց Վարդան Մարաշլյանը:
Երբ մարդիկ մտադրվում են տեղափոխվել Հայաստան, ծագում են մանր խնդիրներ՝ ինչպես տեղափոխել իրերը, հարցեր են առաջանում, թե ինչ կարգավիճակով պետք է նրանք ապրեն Հայաստանում, գործ գտնելը, երեխաների կրթությունը, ինտեգրումը և այլն: Այդ հարցերում օգնելու համար կազմակերպությունը ներգրավում է թե´ մասնագետների, թե´ արդեն իսկ ՀՀ-ում հաստատված հայերին:
Տեղական կազմակերպությունները նույնպես դիմում են հիմնադրամին, քանի որ թեև խոսվում է միայն այն մասին, որ Հայաստանում աշխատանք չկա, սակայն կա նաև որոշակի մասնագետների պակաս: Կա դրական միտում, որ հայրենադարձների մի մասը դառնում է նաև Կառավարության անդամ:
«Մեզ մոտ հայրենադարձությունը նպաստող միջավայրի ձևավորման խնդիր ունենք: Պետությունը չունի հայրենադարձության ակտիվ քաղաքականություն: Սփյուռքի նախարարությունը նման օրենք էր մշակել, որն այդպես էլ չքննարկվեց Ազգային ժողովում: Անգամ սփյուռքում գործող կազմակերպությունների համար հայրենադարձությունը առաջնահերթային խնդիր չէ»,- ընդգծեց Վարդան Մարաշլյանը:
Նա նկատեց, որ սփյուռքում ևս խնդիրներ կան հայրենիքի գաղափարի ընկալման առումով: «Նրանք, ովքեր տարիներ առաջ են հեռացել այստեղից, չեն պատկերացնում, թե ինչպես է զարգացել երկիրը: Սփյուռքում չկա այն գաղափարը, որ Հայաստանն է հայերի կենտրոնը: Այստեղ ևս կան բազում խնդիրներ: Մարդիկ շատ են վատատես: Երբ որևէ գործարար փորձում է գործ սկսել, միանգամից կարծիքներ է լսում, որ դա տապալվելու է: Դա գուցեև այն սխալ պատկերացումներից է, որ դրսում ամեն ինչ շատ հեշտ է տրվում»,- եզրափակեց Վարդան Մարաշլյանը: