Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ Հայաստանի գրոսմայստերները ձախողվեցին Տրոմսյոյում


  
դիտումներ: 1838

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես էր գալիս չորս գրոսմայստեր: Ցավոք, մերոնք անհաջող հանդես եկան: Թե ինչո՞ւ` փորձեցինք պարզել այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից:

- Նոր ձևաչափով հինգերորդ անգամ էր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար անցկացվում: Նախկինում կազմակերպվել են այլ կարգի, նաև նոկաուտ համակարգով մի շարք ստուգատեսներ, որոնք անվանվել են աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարեր: Ի դեպ, դրանք կոչվել են նաև աշխարհի առաջնություններ: Իսկ գավաթի խաղարկությունը ներկայիս ձևաչափով առաջին անգամ անցկացվել է 2005-ին, և հաղթել է Լևոն Արոնյանը: Ցավոք, դրանով էլ ավարտվել է մերոնց հաջողությունը: Ինձ հետաքրքրում էր նաև Տրոմսյոն, քանի որ 2014-ին Նորվեգիայի այդ քաղաքը հյուրընկալելու է առաջիկա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին:

Այս մրցաշարն անցկացվում էր «Սկանդիկ» հյուրանոցում: Այն առանձնապես բարձր մակարդակի չէր, սակայն դրականն այն է, որ շախմատիստները իջևանել և խաղում էին նույն կառույցում: Եթե մրցաշարը տևական է, ապա այդ հանգամանքը շատ կարևոր է: Բացի այդ, եղանակն էլ նպաստավոր էր: Ջերմաստիճանը տատանվում էր 7-14-ի սահմաններում: Տրոմսյոն Հյուսիսային բևեռին մոտ է գտնվում: Ավելի մոտ միայն Շպիցբերգենն է: Ընդհանուր առմամբ, մրցաշարը լավ էր կազմակերպվել: Կային մի շարք կազմակերպչական թերացումներ, որոնց մասին անմիջապես հայտնեցինք, և նորվեգացիները փորձեցին հնարավորինս արագորեն շտկել դրանք: Ամեն դիտողություն հաշվի էր առնվում, և խնդիր էր դրվում, որ հաջորդ տարի կայանալիք օլիմպիադայի ժամանակ այն չկրկնվի:

Մասնավորապես, սննդի հետ կապված խնդիրներ կային: Երբեմն բոլոր մասնակիցներին առաջարկում էին միայն խոզի մսով կերակուրներ: Սակայն մի շարք ազգերի, կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում` հրեաները, մահմեդականները, խուսափում էին նման կերակուրից: Սակայն այլընտրանք չունեին: Բացի այդ, Նորվեգիան թանկ երկիր է: Ամեն մասնակցի սնվելու համար հաստատագրված գումար կար: Եվ ստացվում էր, որ այդ գումարի սահմաններում հատկացված սնունդն ընդունելով` կարելի է կիսաքաղցած մնալ, մինչդեռ, Հայաստանում կամ այլ երկրներում այդ փողով հնարավոր է ճոխ ուտել: Դահլիճում թերություններ կային: Եվ կազմակերպիչներն այդ ամենը կարգավորեցին առանց լրացուցիչ ծախսերի: Նորվեգացիները խնդիր են դրել Շախմատի համաշխարհային օլիմպիադան բարձր մակարդակով անցկացնել: Նրանց դա կհաջողվի, թե ոչ, կպարզվի 2014-ին:

Ի դեպ, հավանական է, որ այդ հյուրանոցն օլիմպիադայի օրերին չօգտագործվի: Այն օդանավակայանին մոտ է գտնվում և բավականին հեռու է քաղաքի կենտրոնից: Կենտրոնում կառուցվում է հինգաստղանի հյուրանոց, որը կացարան է դառնալու օլիմպիադայի մասնակիցների մեծ մասի համար: Գրեթե պատրաստ է այն դահլիճը, որտեղ կայանալու են մրցամարտերը: Արվում է հնարավորը, որ մասնակիցները հետիոտն իրենց կացարաններից 5-15 րոպեում հասնեն մրցավայր:

- Ի՞նչ պատահեց մեր շախմատիստներին:

- Խաղում էին Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի մյուս փորձառու անդամները` Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, նաև շնորհալի երիտասարդ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Ցավոք, մերոնք դուրս մնացին պայքարից: Ընդ որում, գրոսմայստերները տարբեր ճակատագրեր ունեցան: Մովսիսյանը, Հակոբյանը, Մելքումյանն առաջին փուլում պարտվեցին, համապատասխանաբար, Յոն Լյուդվիգ Համերին (Նորվեգիա), Նգուեն Սոնին (Վիետնամ), Գրանադա Զունիգային (Պերու): Ընդհանրականն այն է, որ Հայաստանի շախմատիստներից ոչ ոք հաջող չխաղաց: Հակոբյանը չկարողացավ հունի մեջ մտնել` թերևս թերագնահատելով մրցակցին, զիջեց: Իսկ երկրորդ պարտիայում թեև առավելություն, հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ, սակայն փոքրիկ վրիպումից հետո ստիպված էր բավարարվել խաղաղ արդյունքով: Մովսիսյանն ակնհայտորեն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Վերջին շրջանում նա տարբեր միջազգային մրցաշարերում մարտական խաղ էր ցուցադրում, արդյունավետ պարտիաներ անցկացնում, սակայն այս անգամ ակտիվ չէր: Պարզապես Նորվեգիայում նրա խաղը չստացվեց: Ինչ վերաբերում է Հրանտ Մելքումյանին, ապա նրա մրցակիցն այս ստուգատեսի հայտնությունն էր: Զունիգան փորձառու շախմատիստ է, նաև գործարար է: Նա հողատեր է և լոլիկ է աճեցնում: Երբեմն այդ գրոսմայստերին թերագնահատում են, լուրջ շախմատիստ չեն համարում: Բայց նա բարձր վարկանիշ ունի և այս մրցաշարում էլ փայլուն խաղաց ու լրացուցիչ մրցամարտում կորզեց հաղթանակը: Ընդ որում, Մելքումյանը մրցամարտում երկու անգամ առջևում էր: Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա մեր երկրի հավաքականի առաջատարը վերջին շրջանի երրորդ խոշոր մրցաշարում առաջին օրվանից հիվանդ էր: Նկատի ունեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների 2012-ին Կազանում անցկացված ստուգատեսը, երբ պարտվեց Ալեքսանդր Գրեշչուկին, 2013-ի սկզբին Լոնդոնում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Ի դեպ, նա չի սիրում արդարանալ, բայց ինքս տեսա, որ այս անգամ 7 օր շարունակ Արոնյանը վատառողջ էր: Թե ինչ էր պատահել, թերևս ավելի ստույգ պատասխանի Հայաստանի շախմատի հավաքականի բժիշկ Արմեն Աղուզումցյանը, որը նույնպես մրցավայրում էր: Հնարավորն արվում էր, որ մեր շախմատիստը լավ խաղա, բայց հիվանդությունն իր դերը կատարեց: Լևոնը պետք է հետևություն անի և հաջորդ պատասխանատու մրցումներին ֆիզիկապես ավելի պատրաստ ներկայանա: Իսկ նա հաղթեց ղրղզստանցի Միխայիլ Մարկովին, ռուսաստանցի Իգոր Լիսիին և զիջեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն: Վերջինս արժանի խաղ ցուցադրեց, թերևս իր կյանքում նա ամենափայլուն պարտիաներն անցկացրեց: Ի դեպ, երկու պարտիայում էլ Լևոնն առավելություն ուներ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Համակարգչով այդ քայլերն ակնհայտորեն տեսանելի էին: Վատառողջ լինելու հանգամանքն Արոնյանին խանգարեց: Ի դեպ, առաջին պարտիայում հաղթելուց հետո Տոմաշևսկին պաշտպանության չանցավ: Երկրորդ պարտիայում նա համարձակ քայլի դիմեց, երբ կասկածելի դիրք ուներ, ֆիգուր զոհաբերեց, թաքնված գրոհ ձեռնարկեց, ամեն ինչ խճճեց և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

- Օրինաչա՞փ էր ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հաղթանակը:

- Նա արժանի էր դրան: Կրամնիկը լրջորեն էր նախապատրաստվել, բարձրակարգ խաղ ցուցադրեց: Եզրափակչում նա առավելության հասավ ռուսաստանցի 22-ամյա շախմատիստ Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ: Այդուհանդերձ, նաև Կրամնիկի բախտը բերեց, քանի որ մրցաշարում պարտվեցին և եզրափակիչ չհասան այն խաղացողները, որոնք նրան կարող էին ավելի լուրջ դիմադրել, խանգարել ուժեղագույն ճանաչվելուն: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր էր խաղարկվում: Արոնյանը և Կրամնիկն այդ ստուգատեսում խաղալու իրավունք արդեն ունեին: Եվ եթե նրանցից որևէ մեկը 1-2-րդ տեղերում լիներ, օգտվելու էր համապատասխան վարկանիշ ունեցող ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, նրան էր հանձնվելու ուղեգիրը: Այդպես էլ եղավ:

- Մերոնց հետ կատարվածից ի՞նչ դասեր կարելի է քաղել:

- Ծանր մրցաշար է: Շախմատիստներից ոմանք փորձում էին երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի արդյունքի հասնել և մրցակիցներին շրջանցել «արագ» շախմատի լրացուցիչ հանդիպումներում: Վերջիններում խաղացողների կարգերի տարբերությունն էլ փոքրանում է: Մասնավորապես, Անդրեյկինը դասական շախմատի պարտիաներում միայն մեկ հաղթանակ էր տարել և հասել մինչև եզրափակիչ: Այստեղ նա պարտվեց: Ստացվեց, որ եզրափակչի մասնակիցը դասական շախմատի պարտիաներում 1-ական հաղթանակ և պարտություն ունի: Եվ խաղացողները պետք է մտածեն և այս կարգի մրցաշարին մոտենան համապատասխան պատրաստականությամբ: Այս ստուգատեսը էականորեն տարբերվում է մյուսներից:

- Դուք «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրենն եք: Ակումբը նախապատրաստվո՞ւմ է Եվրոպայի ակումբային առաջնությանը:

- Հոկտեմբերի 19-27-ը Եվրոպայի ակումբային առաջնությունը կայանալու է Հունաստանի Հռոդոս կղզում: «Միկա» ակումբի միայն կանանց թիմը կխաղա, իսկ տղամարդկանց հավաքական չենք ունենա:

- Փաստորեն, «Միկա» կանանց ակումբն առանց Հայաստանի առաջնության մասնակցելու է դրսի խաղերին:

- Եթե առաջնություն անցկացվեր, Հայաստանում չէր գտնվի կանանց որևէ ակումբ, որը «Միկայի» համար խնդիր ստեղծեր, հավակնորդ չկար: «Միկայի» կազմում են նույն խաղացողները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնավալին, Լեյլա Ջավախիշվիլին: Եվրոպայի ակումբային առաջնությունում թիմը մեկական անգամ չեմպիոն և արծաթե մեդալակիր է դարձել, երեք անգամ էլ բրոնզե պարգևների տիրացել:

- Մեր ուժեղագույն շախմատիստները խաղում են տարբեր երկրների լավագույն ակումբներում: Նախատեսվում էր, որ սեպտեմբերին Գյումրիում պետք է անցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն: Ինչո՞ւ այն չի կայանալու:

- Ամեն ինչ նախապատրաստվել էր, սակայն թիմեր չեղան, որոնք շահագրգռված լինեին մասնակցելու այդ առաջնությանը: Գործարարները, տարբեր ֆիրմաները ձեռք չեն մեկնում, որ շախմատային ակումբներին օգնեն:

- Բայց ձևավորված կենտրոններ կան` ՖԻՄԱ-ն, Հայաստանի շախմատի ակադեմիան, «Միկան» և այլն:

- Հնարավոր է մրցասպարեզ հանել երիտասարդների թիմեր, սակայն ակումբային առաջնությունն այլ բան է պահանջում: Դա ինքնանպատակ չի կարելի անել: Մեծ թվով գրոսմայստերներ ունենք և ի վիճակի ենք ակումբային հզոր առաջնություն կազմակերպել: Պետք է այնպես արվի, որ մեր ուժեղագույնները խաղան, նրանց կողքին էլ աճեն երիտասարդները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: