Հայերեն   English   Русский  

Մոսուլի եւ Ռաքքայի տարբերությունները


  
դիտումներ: 2317

«Իսլամական պետության» դեմ շղթայազերծվող պատերազմը ըստ ձեւի եւ ըստ էության հիմնական տարբերություններ է դրսեւորում տարածաշրջանի երկու կարեւոր կենտրոններում։ Խոսքը բնականաբար Իրաքի եւ Սիրիայի մասին է, ուր կատաղի մարտեր են մղվում ԻՊ-ը արմատախիլ անելու կարգախոսերի տակ։ Իրաքի կառավարական ուժերը հայտարարում են, որ նկատելի տարածք են ազատագրել Մոսուլի շրջանից եւ երկու տարվա ընթացքում առաջին անգամ մուտք են գործել Մոսուլ քաղաք։

Պաշտոնական Վաշինգտոնը պարզաբանեց, որ Մոսուլի ազատագրությանը հաջորդելու է Ռաքքան, այլ խոսքով՝ ԻՊ-ի սիրիական կենտրոնը եւ թե այդ գործողությանը պիտի մասնակցեն միջազգային դաշինքի անդամ պետությունները, ներառել Թուրքիան։

Ահա այստեղ լուսարձակի տակ է գալիս գալիս հակասությունը Բաղդադի եւ Վաշինգտոնի միջեւ։ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին զգուշացրել է թուրքական կառավարությանը պատասխան քայլերի մասին, որը Բաղդադը պատրաստ է կիրառել Թուրքիայի ներխուժման դեպքում:

«Եթե Թուրքիան ներխուժի Իրաք, մենք նրան կվերաբերվենք որպես ագրեսորի: Մենք չենք ուզում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ ենք յուրաքանչյուր ագրեսիային պատասխանել: Վտանգը, որ թուրքերը նման անխոհեմ քայլ կկատարեն, մնում է»,- նշել է Իրաքի վարչապետը: Ավելի վաղ թուրքական «Դողան» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան տանկերի և այլ զրահատեխնիկայի մեծաքանակ կուտակումներ է կատարել Իրաքի հետ սահմանին: Անկարան մտահոգություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Թալլ-Աֆար և Սանջար քաղաքների ազատագրմանը շիական ազգային անկանոն զորքերի մասնակցության առնչությամբ:

Շրջանները, որոնք մատնանշում է Անկարան, բնակեցված են թուրքմեններով. սա նույն պատրվակն է, որը աշխատեց Սիրիայում, երբ թուրքերը իրենց ցեղակիցներին պատրվակելով ներգրավվեցին ռազմական գործողություններում։ Այն ժամանակ իհարկե լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները եւ թուրքական ներխուժումները ունենում էին կարճատեւ բնույթ եւ ոչ այսօրվա տարողությամբ։

Հիմա Անկարան ուզում է ստանձնել թուրքմենների հովանավորչությունը նաեւ Իրաքում, միաժամանակ անհանգստություն ցուցաբերելով շիական զինյալ երեւույթի դրսեւորումներով նույն տարածքներում։

Սիրիայում, Անկարան պատրվակելով ԻՊ-ի դեմ պատերազմին մասնակցելու իր որոշումը, խորքում կանխարգելիչ գործողություններ ձեռնակեց քրդական զինյալների դեմ եւ ներխուժեց Ճարապլոս՝ կասեցնելու համար քրդական զինյալների կողմից վերահսկողության գոտու ձեւաւորումը։

Հիմա, այս անգամ Իրաքում քրդական գործոնի ծաւալման միտումներով մտահոգ եւ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում եւ շիական երեւույթի կայացման դիմաց անհանգստության մատնվելով, Անկարան պատրվակում է թուրքմենների պաշտպանության անհրաժեշտությունը եւ աշխատում է մասնակցել ռազմական գործողություններին։

Իրաքի վարչապետի սպառնալիքը նման քայլի դիմելու դեպքում` իր հերթին։ Թվում է, թե բաւական բացատրողական է Պենտագոնի պահվածքը այս ուղղությամբ. երբ ասվում է, թե Մոսուլից հետո Ռաքքայի հերթն է, եւ թե Ռաքքայի ազատագրությանը կարող են մասնակցել միջազգային դաշինքի պետությունները, ընդ որում Թուրքիան, պարզ տեսքով ասվում է, թե Անկարան չի կարող մասնակցել Մոսուլի գործողությանը. նա կարող է Սիրիայում մասնակցել Ռաքքայի գործողությանը։

Քաոսային իրավիճակներում ճշտվում են տարբեր շահագրգիռ կողմերի տեղաշարժերի սահմանները. ԻՊ-ի, քրդերի, շիաների. այդ թվում` թուրքերի։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: