Հայերեն   English   Русский  

Հանրապետականն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 1046

«Հանրապետականն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության: Սահմանադրական բարեփոխումների միջոցով մոդելի փոփոխություն ենք բերում: Անձերի փոփոխությունը չի նշանակում իշխանափոխություն, մանավանդ որ հարթակում կանգնած անձինք այս կամ այն կերպ եղել են իշխանությունում»,- այօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` քաղաքական դաշտում նոր մոդելի կարիք կա, և ՀՀԿ-ն երկրի ապագան խորհրդարանական մոդելի մեջ է տեսնում:

Պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը մինչև 2015-ի գարուն հետաձգեց սահմանադրական բարեփոխումների մասին իր դիրքորոշումը հայտնելը, Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական կոնսոլիդացիայի և հանրային քննարկումների կարիք կա: Նրա խոսքով, եթե հանրության ճնշող մեծամասնությունը հայեցակարգին ծանոթանալուց հետո հակասական կարծիք ունենա, չեն բացառվում որոշակի փոփոխությունները:

Անդրադառնալով ընդդիմության 12 պահանջներին` Բաղդասարյանն ասում է, որ իրենք դա դիտարկում են ոչ թե որպես պահանջ, այլ առաջարկություն, մանավանդ որ այդ խնդիրները նաև իրենց ուշադրության կենտրոնում են ու կփորձեն հնարավորության սահմաններում դրանց լուծում տալ:

«Իշխանությունների հեռացման համար հիմք չեմ տեսնում, լինենք մենք, թե ուրիշները»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք ուզում են խնդիրները ոչ թե հակամարտությունների, այլ քննարկումների միջոցով լուծել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: