Հայերեն   English   Русский  

​ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 6134

1045 թ., երբ կործանվեց Բագրատունիների թագավորությունը, հայության քաղաքական կենտրոնը դարձավ Լոռին, որտեղ Բագրատունյաց հարստության կրտսեր ճյուղը՝ Կյուրիկյանները, պահպանում էին ազգային պետականությունը:

Կյուրիկյան թագավորության ստեղծման բուն տարեթիվն անհայտ է: Առավել հավանական է, որ Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի թագավորությունը հռչակվել է 962 թ.:

961 թ. հայոց արքա Աշոտ Գ Ողորմածը (954-977) բարեփոխումներ արեց Հայաստանում: Կազմվեց դաշնային թագավորություն՝ Հայոց տունը, որի մեջ Անիի Բագրատունիների գերագահությամբ մտան Վանանդի թագավորությունը, Լոռվա Կյուրիկյան թագավորությունը, հետագայում՝ Սյունաց թագավորությունը, Տայքի կյուրոպաղատությունը:

Պատմագիտությանն անհայտ է նաև Կյուրիկե անվան ծագումը: Շատերը համարում են, որ Կյուրիկեն թագավորության հիմնադրի և առաջին գահակալի՝ Գուրգենի անվան Լոռվա բարբառային արտահայտությունն է: Իրականում՝ Գուրգենը Լոռվա բարբառով Կյուրիկե կոչվել չէր կարող: Առավել հավանական է, որ նա կրկնանուն է ունեցել՝ Գուրգեն-Կյուրիկե: Ինչևէ, Գուրգեն-Կյուրիկեից սկիզբ առավ արքայական այս տոհմն ու փառահեղ էջեր գրեց հայոց պատմության մատյանում:

Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը սկզբում Սամշուլդեն էր Հյուսիսային Լոռիում, ապա՝ Լոռեն: Կյուրիկյանները ամրոցներ, բերդեր կառուցեցին և վերանորոգեցին հները՝ Գագը, Քավարզինը, Մածնաբերդը, Մահկանաբերդը, Կայանը, Կայծոնը… Վարդան Արևելցին հաղորդում է, որ Դավիթ Անհողինն իր տիրակալության ընթացքում 20 բերդ է կառուցել իր թագավորության տարածքում:

Կյուրիկե Ա-ն թագավորեց մինչև 990 թվականը: Նրա պետության մայրաքաղաքը Սամշուլդեն էր: Կյուրիկե Առաջինը ճանաչում էր Անիի թագավորների՝ իր հոր՝ Աշոտ Գ Ողորմածի (954-977) և եղբոր՝ Սմբատ Բ Տիեզերակալի (977-990) գերիշխանությունը:

Քանի որ Սմբատ Երկրորդը զավակ չուներ, նրա մահից հետո Անվո գահը և շահնշահի տիտղոսը պետք է անցներ հենց Կյուրիկեին: Սակայն 990 թ. նրանց կրտսեր եղբայրը՝ Գագիկ արքայազնը, թունավորում է Սմբատին և բռնագրավում Անվո գահը: Այդ մասին բացահայտ գրում է Գագիկի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը: Պատահակա՞ն էր արդյոք միևնույն ժամանակ Կյուրիկե Առաջինի մահը, թե՞ դա էլ սպանություն էր՝ դժվար է ասել: Համենայն դեպս Սանահինում գտնվող նրա տապանաքարի վրա արձանագրված է. «Այս է տապան Գուրգեն շահնշահի», ինչը ևս վկայում է, որ Սմբատից հետո հենց Կյուրիկյանները պետք է Անվո գահ բարձրանային:

Լոռվա թագավորության գահն անցավ Կյուրիկե Առաջինի ավագ որդուն՝ քաջամարտիկ, խելացի, հմուտ դիվանագետ Դավիթ Առաջինին (990-1048): Նա հայոց թագավորների մեջ ամենաերկար գահակալած միապետն է: Դավիթն ի նշան իր հայրենական ժառանգությունից՝ Անիից զրկված լինելու՝ Անհողին կոչվեց: Պատմագիտությունը Դավթի մականունը բացատրում է 1001 թ. Գագիկ Ա-ի (990-1020) դեմ ապստամբության պարտությամբ: Սակայն Դավիթն արդեն 996 թ. Հաղպատի մի արձանագրության մեջ կոչվում է Անհողին և ինքնակալ արքա: Հավանական է՝ նա ապստամբել է Անիի գերագահության դեմ իր թագավորության առաջին իսկ օրից: Ուղղակի Գագիկ Առաջինը (990-1020) միայն 1001 թ. կարողացավ անդրադառնալ Լոռվա թագավորությանը:

Ընդունված տեսակետ է այս պատերազմում Դավթի պարտությունը: Բայց փաստերն այլ բան են ասում: Նախ՝ Գագիկի ամիսներ տևած արշավանքում Լոռվա և Անվո թագավորական զորքերի միջև որևէ բախում չարձանագրվեց: Երկրորդ՝ Շիրակավանի բանակցությունների արդյունքում Դավիթը Գագիկին զիջեց Կայան և Կայծոն բերդերը, սակայն դրանից հետո իր պետությունն անջատեց Բագրատունյաց թագավորությունից: Դավիթ Անհողինի պետությունը կոչվեց Աղվանից թագավորություն: Դավիթ Անհողինը նվաճումներ էր ունեցել Աղվանքում և այդ երկիրը միացրել իր թագավորությանը: Նա նաև Տաշրա թեմը դուրս բերեց ամենայն հայոց կաթողիկոսությունից և դրեց Աղվանից կաթողիկոսության հովանու ներքո: Տեսնում ենք, որ Շիրակավանի բանակցությունների արդյունքում սոսկ փոխզիջման են գնացել կողմերը, և Դավիթ Անհողինը, չկարողանալով տիրանալ Անիի գահին, լիակատար անկախության հասավ Լոռվա կամ Աղվանից թագավորությունում:

Դավիթը Բագրատունյաց ամենազորեղ տիրակալն էր: Իր գահակալման ընթացքում երեք անգամ փորձեց տիրանալ Անիի գահին, սակայն դրանք ապարդյուն փորձեր էին: Նա նվաճումներ ունեցավ Հյուսիսային Աղվանքում, ջախջախեց, իրեն ենթարկեց և հարկատու դարձրեց Տփղիսի Ալի իբն Ջաֆար ամիրային, գրավեց ու Լոռվա թագավորությանը կցեց Դմանիսի ամիրայությունը, 1038 թ. գրավեց Կախեթի թագավորությունն ու այնտեղ գահ բարձրացրեց իր որդի Գագիկին, որ փաստորեն հիմնադիրը դարձավ Կյուրիկյանների արքայատոհմի կրտսեր ճյուղին:

Դավիթ Անհողինի թագավորության տարիներին Լոռվա Կյուրիկյան թագավորությունն իր տարածքով ու ազդեցությամբ գրեթե չէր զիջում Անիի Բագրատունիների թագավորությանը:

Դավիթը 1001 թվականին նախ ջախջախեց Գանձակի Փատլուն ամիրային, ապա՝ 1040 թ.՝ Դվինի ամիրայության զորքերին, որ մտել էին Լոռվա թագավորության տարածքն ու փորձում էին նվաճել: Դվինի Աբուլ Ասվար ամիրայի 100 հազարանոց բանակի դեմ հանելով ընդամենը 20 հազարանոց բանակ, ոչ միայն վճռական ճակատամարտում ջախջախեց նրան, այլև ամբողջ մեկ շաբաթ հալածեց իր երկրի սահմաններից՝ մեծ ավար առնելով նրանից:

XI դարում, երբ ողջ Հայաստանում եկեղեցաշինություն էր ընթանում, Դավիթն իր տիրույթներում բերդաքաղաքներ էր կառուցում: Նա կառուցեց ու շենացրեց Լոռե մայրաքաղաքը, որտեղ մոտ 20 հազար մարդ էր բնակվում: Լոռեն հայոց արքաների կառուցած վերջին քաղաքն է հայոց պատմության մեջ: Այնքան մեծ էր Դավիթ Անհողինի զորությունն ու ազդեցությունը, որ անգամ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող Մատթեոս Ուռհայեցի պատմիչը նրան կոչում է Հայոց ազգապետ:

1041 թվականին նա կրկին փորձեց տիրել Անիին, սակայն այս փորձն էլ, դժբախտաբար, անհաջող եղավ, և Անվո գահին բազմեց թուլամորթ ու կամազուրկ մի պատանի՝ Գագիկ Երկրորդը (1042-1045):

1045 թ. հայ եկեղեցու առաջնորդի՝ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանության հետևանքով կործանվեց Անիի Բագրատունիների թագավորությունը: Անեցիների մի մասը ցանկացավ քաղաքը հանձնել Դավիթ Անհողինին, բայց, ի վերջո, այդ գործարքը չկայացավ: Համենայն դեպս, Կյուրիկյանները դարձան գերագահը հայոց թագավորների մեջ:

1048 թ. հետո Դավիթ Անհողինի մասին հիշատակություն չկա: Նա թաղվել է Սանահինի վանական համալիրում՝ հոր՝ Կյուրիկե Ա-ի կողքին: Սակայն նրա շիրիմն այսօր չկա: Հավանաբար նրա քաղաքականությունից դժգոհ եկեղեցականները հետագայում տարհանել են աճյունը: Անհողինին Լոռվա գահին հաջորդեցին որդիները՝ Կյուրիկե Երկրորդը և Սմբատը՝ Կյուրիկեի գերագահությամբ (1048-1089):

Կյուրիկե Բ-ն միակը եղավ հայ գահակալներից, որ հայատառ դրամներ հատեց Հայաստանում: Նա՝ որպես հայոց թագավոր, Բարսեղ Անեցուն 1081 թ. Հաղպատում օծել տվեց հայոց կաթողիկոս: Իսկ 1064 թ. ընդունեց սելջուկ սուլթան Ալփ-Ասլանի գերիշխանությունը՝ իր երկիրը փրկելով ավերածություններից: Սակայն Կյուրիկեն ստիպված էր բախվել հզորացող Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ի հետ: Բագարատը Քվեշի անտառում ծուղակ սարքեց հայոց արքայի և նրա եղբայր Սմբատի դեմ, գերեց և երկուսին էլ խաչափայտին գամեց: Լոքի և Կաքավաբերդի իշխանների միջնորդությամբ կնքվեց հաշտություն: Կյուրիկե արքան, վրացիներին զիջելով Սամշուլդեն, ազատ արձակվեց: Սակայն երկու տարի անց նա վրեժ լուծեց Բագարատից. հայոց բանակով մտնելով Վրաստան՝ ավերեց երկիրը և մեծ ավար բերեց՝ ազատագրելով նաև Սամշուլդեն:

Կյուրիկյան թագավորության վերջին գահակալները Դավիթ Բ (1089-1145) և Աբաս Ա (1089-1145) թագավորներն էին, որոնք վրացական ճնշման տակ 1118 թ. հանձնեցին իրենց երկիրը վրաց Դավիթ Դ Շինարար թագավորին ու տեղափոխվեցին Տավուշ՝ հաստատվելով Մածնաբերդում և Նոր Բերդում:

Կյուրիկյան այս գահակալները, ինչպես նաև Մածնաբերդի ճյուղը, կրում էին «թագավոր հայոց» տիտղոսը: Բայց նրանց թագավորությունը թույլ էր և անվանական:

Դավիթ Բ արքային Մածնաբերդում հաջորդեց Կյուրիկե Գ-ն (1145-1170), որի դուստրերը՝ Մարիամը, Բորինան և Ռուսուդանը, աչքի ընկան շինարարական բեղուն գործունեությամբ: Նրանք կառուցեցին Ախթալայի և Քոբայրի վանական համալիրները, Սանահինի և Հաղպատի մեծ գավիթները, այլ շինություններ: Փաստորեն, չնայած Կյուրիկյանները զուրկ էին արքայական իրական իշխանությունից, նրանց սոցիալական դրությունը թույլ էր տալիս նման մեծ շինարարական գործունեություն:

Կյուրիկե Գ-ին հաջորդեցին Աբաս Բ, Աղսարթան Ա, Աղսարթան Բ, Թաղիադին, Սարգիս իշխանները: Սարգիսը Մածնաբերդի Կյուրիկյաններից մեզ հայտնի վերջին ներկայացուցիչն է:

Իսկ Կյուրիկյանների կրտսեր արքայատոհմում՝ Կախեթում, Գագիկ Ա-ին (1037-1058) հաջորդեցին Աղսարթան Ա-ն (1058-1084), Կվիրիկե Դ-ն (1084-1102), Աղսարթան Բ-ն (1102-1105): Վերջինս թուլացած Լոռվա թագավորության պարագայում իր իշխանությունը պահպանելու համար հենարան էր փնտրում սելջուկների մոտ և անգամ իսլամ ընդունեց: Սակայն զոհ գնաց Կախեթի և Հերեթի իշխանների կազմակերպած դավին: Իսկ Կախեթի թագավորությունը վրաց պետությանը կցեց Դավիթ Դ Շինարար վրաց արքան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: