Հայերեն   English   Русский  

ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը


  
դիտումներ: 1861

Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը Սեբաստիան Կուրցի հետ ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաջնահերթությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ավստրիա հարաբերությունների շուրջ:

-2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են լինելու ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, ով, բարեբախտաբար, միայն պատմության գրքերից գիտի, թե ինչ բան է Սառը պատերազմը: Սակայն մեր օրերում մենք ականատեսն ենք լինում սառը պատերազմի բնույթ ունեցող թշնամանքի վերադրսևորման որոշ միտումների, հետևաբար մենք՝ թե՛ Ավստրիայի, թե՛ Կովկասի երիտասարդներս, պետք է տքնաջան աշխատենք ապահով և կայուն Եվրոպայի համար: Մեր նախագահության ընթացքում մեր գլխավոր թեման լինելու է «անվտանգության և վստահության ամրապնդումը»: Կկենտրոնանանք երեք ոլորտների վրա՝ տարածաշրջանային հակամարտություններ, արմատականացում և բռնի ծայրահեղականություն, վստահության վերականգնում: Ոչինչ ցույց չի տալիս միջազգային համակարգի թուլությունը, ինչպես բացահայտ ռազմական թշնամանքն ու տարածաշրջանային հակամարտությունները: Քաղաքացիներն ակնկալում են, որ մենք աշխատենք հանուն խաղաղության, հետևաբար մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ԵԱՀԿ տարածաշրջանում գոյություն ունեցող ձգձգված հակամարտություններին: Արմատականացումը և բռնի ծայրահեղականությունն այսուհետ մեր քաղաքացիների համար ամենամեծ մտահոգվելու առարկան են, և մենք հավատում ենք, որ պետք է ակտիվորեն համագործակցենք և կանխենք արմատականությունը դրա վաղ փուլում: Եվ վերջապես, այսօր հիմնական խնդիրներից մեկն էլ վստահության պակասն է: Սա լրջագույն խնդիր է ԵԱՀԿ-ում, սակայն, անշուշտ, ավելի լայն մակարդակում ևս:

-Ձեր ելույթներից մեկում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը սպառնացող երեք հիմնական սպառնալիքների մեջ նշել եք ռազմական հակամարտությունների աճը, ծայրահեղականության և ահաբեկչության աճը և պետությունների միջև վստահության մակարդակի նվազումը. որն է լինելու Ավստրիայի դերը այս երեք հիմնական սպառնալիքները հաղթահարելու գործում:

-Ինչպես տեսնում եք, մենք այս հիմնական սպառնալիքները ԵԱՀԿ նախագահության շրջանում վերածել ենք մեր հիմնական առաջնահերթությունների՝ հետևելով գործընկերների խորհրդատվությանը: Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունի շատ երկրների և մասնավորապես ԵԱՀԿ-ում 56 մասնակից պետությունների հետ՝ մի կառույց, որին իսկապես հավատում ենք և ցանկանում ենք ուժեղ տեսնել: Եվրոպան կրկին անվտանգ դարձնելու համար մենք պետք է վերադառնանք արմատներին և կենտրոնանանք անվտանգության ու համագործակցության վրա: ԵԱՀԿ-ն դրա կարևորագույն հիմքն է, և ներկա իրադրության պայմաններում, թեևբոլոր 57 մասնակից պետություններնէլսեղանիշուրջեն և որոշումները կայացվումենկոնսենսուսիմիջոցով, մարտահրավերները հսկայական են:

Սակայն, եթե գտնվեն միասնական լուծումներ և համաձայնություններ, դրանք հատկապես ամուր և ուժեղ կլինեն: Հետևաբար` մենք կաշխատենք զարգացնել ընդհանուր նպատակները, այլ ոչ թե բաժանարար դիրքորոշումները: Ավստրիան հին ավանդույթ ունի ՝ որպես երկխոսության վայր, և մենք ցանկանում ենք նպաստել անվստահության հաղթահարմանը: Կան մի շարք ծրագրված հստակ իրադարձություններ, և մենք հուսով ենք ստանալ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների աջակցությունն այս ուղղությամբ: Վստահության ավելացման և գլոբալ առումով համագործակցության գլուխկոտրուկի լուծմանն ավելի մոտենալը նաև դրականորեն կազդի Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների վրա:

- Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման:

-Ունենալո՞ւ եք արդյոք որևէ առանձնահատուկ նախաձեռնություն, որը կարող է խթանել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումը:

-Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ:

- Ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

-ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու: Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է ձեր գնահատմամբ ընթանում քաղաքական երկխոսությունը, ի՞նչ հեռանկարներ կան տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից:

-Ավստրիայի և Հայաստանի միջև փայլուն հարաբերություններ են: Մենք հաճախակի քաղաքական խորհրդակցություններ ենք ունենում. նախարար Նալբանդյանի հետ իմ վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ դրանից միայն մի քանի օր անց մեր գլխավոր քարտուղարն ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեց Երևանում: Ավստրիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև ամենասերտ հնարավոր հարաբերություններին, հետևաբար մենք շատ գոհ ենք այն առաջընթացով, որը գրանցվել է Համընդհանուր համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բացի այդ, մենք լիակատար մշակութային համագործակցություն ունենք` հատկապես Երևանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարանի միջոցով:

Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակում Հայաստանն առաջնահերթություն համարվող երկիր է: Այդ պատճառով էլ 2014 թվականի սեպտեմբերին նախարար Նալբանդյանն ու ես Երևանում բացեցինք Ավստրիական զարգացման գրասենյակը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: