Վեդին նոր հուշակոթող-սրբավայր ունի, իսկ քաղաքի թիվ 1 դպրոցը` հերոսի անվամբ դասասենյակ

Հենց նույն դասարանում, որտեղ Անդրանիկն առաջին ոտանավորն էր թոթովել ու առաջին հավասարումը լուծել, բացվեց նրա հուշանկյունը, հայկական եռագույնի ու զինանշանի ներքո փակցվեց նրա լուսանկարն ու վերևում գրվեց. «Անդրանիկ Զոհրաբյան` ներկա՛»: 2016 թ. նոյեմբերի 25-ին լուսավոր, նորոգված ու թարմ կահավորված այս ջերմ դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի անունով:
Տիկին Ալլան որդու հետ կապված ամեն մի մանրուքն է շատ լավ հիշում, քանի որ տղան ոչ միայն տան անդրանիկ զավակն էր, այլև առանձնահատուկ կապվածություն ուներ մոր հետ: Ասում է` երկու դուստրերն ավելի շատ հոր հետ էին մտերիմ, ինքը` Անդրանիկի: Հիշում է, երբ առաջին դասարանում որդուն դպրոց էր բերում, Անդրանիկն ասում էր. «Մա՛մ, կսպասես, մտնեմ դասարան, քեզ պատուհանից ձեռքով անեմ, նոր կգնաս»:
Տիկին Ալլան խոստովանում է, որ բանակ ճանապարհելիս էլ չափազանց դժվար է որդուց բաժանվել: «Երբ իմացա՝

Ղարաբաղ են տանում, մտածեցի` որտեղ էլ լինի, միայն թե անփորձանք վերադառնա տուն: Հիմա ինձ ասում են` հպարտ պիտի լինես, դու ունես Անդրանիկի պես տղա: Ես միշտ եմ հպարտ եղել նրանով, որովհետև նա այն տղան է եղել, որի համար ոչ մի անգամ գլուխս չեմ կախել, ոչ մի տարիքում: Բայց մեկ է, ոչ մի ծնողի չեմ ցանկանա, որ հպարտությունն այսպիսի ցավի վրա ունենա»:
Անդրանիկի հետ հոգևոր կապն այնքան ուժեղ էր, որ մայրը միշտ զգում էր, թե որդին ինչ հոգեվիճակում է, ինչ իրավիճակում: Ապրիլի 1-ի լույս 2-ի չարաբաստիկ գիշերը մայրը ոչ մի վայրկյան աչք չի փակել, թեև պատերազմի մասին դեռ հայտնի չէր: «Չգիտեմ` ինչ էր կատարվում մեր տանը, այդ օրը մենք չէինք կարողանում պառկել»:
Անդրանիկի մահվան լուրն իմանալուց հետո Զոհրաբյանների խաղաղ ու ջերմ ընտանիքում ամեն ինչ տակնուվրա է լինում: Այժմ Անդրանիկի հայրը, մայրը, երկու քույրերը փորձում են վերագտնել իրենց, նորովի ապրել` արդեն իբրև քառօրյա պատերազմի 19-ամյա հերոսի հարազատներ, որոնք պարտավոր են ուժեղ լինել ու շարունակել ապրել հանուն Անդրանիկի վառ հիշատակի:
Անդրանիկի մասին մայրը երբեք անցյալով չի խոսում, որդին նրա համար ողջ է ու հենց նա է իրենց ուժ տալիս. «Ես տան ամեն մի անկյունում զգում եմ նրա ներկայությունը, անընդհատ զրուցում եմ նրա հետ: Նա մեզ հետ է: Ես երբեք նրա մասին անցյալով չեմ խոսում ու… ամեն օր սպասում եմ նրան»:

Նոյեմբերի 25-ը ոչ միայն նշանավոր էր Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի համար, այլև ողջ քաղաքի: Այդ օրը քաղաքի կենտրոնում` մշակույթի տան դիմաց, բացվեց մի գեղեցիկ ցայտաղբյուր-հուշակոթող` նվիրված Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին: Անդրանիկի հայրը` Ատոմ Զոհրաբյանը, բացման արարողության ժամանակ իր երախտիքի խոսքը հայտնելով նախաձեռնության բոլոր հեղինակներին, ասաց. «Այս հուշակոթողը նվիրված է այն տղաներին, ովքեր Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից զենք վերցրեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր երկրի` Հայաստանի ու Արցախի անկախությունն ու ազատությունը, այն տղաներին, ովքեր հետագա տարիներին հայրենիքի զոհասեղանին նվիրաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը, այն տղաներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ իրենք են տերը այս հող ու ջրի, այն արժեքների ու ժառանգության, որ ստացել են իրենց նախորդ սերունդներից»:
Նա համոզմունք հայտնեց, որ այս հուշակոթողը համաքաղաքացիների համար դառնալու է սրբավայր.

«Պատերազմն ամենադաժան արհավիրքն է, որ մարդկությունը երբևէ կարող էր ունենալ: Տղաները ցույց տվեցին, որ բոլոր ժամանակներում իրենք տեր են կանգնելու այն սահմաններին, որոնք գծեցին իրենց արյամբ: Պատերազմի ժամանակ երկիրը պահում են զենքով, իսկ դրանից հետո` այդ պատերազմի մասին վավերագրությամբ ու մշակույթով: Եվ այսօր մենք ունենք այդ վավերագիր-հուշակոթողը, այս քարե կոթողը, որը խորհրդանշելու է մեր բոլոր ժամանակների հերոսներին»,-շարունակեց Անդրանիկի հայրը` իր խոսքն ամփոփելով մի նվիրական ցանկությամբ:- Երբ այցի գնանք մեր զավակների սխրանքի վայրեր, այն դիրքերը, որտեղ նրանք կռվել են ու հերոսացել, այդ դիրքերը թող լինեն մեր խորը թիկունքում, լինեն ազատ, անվտանգ, ու մենք զինվորականների ուղեկցության կարիքը չունենանք, գնանք այնտեղ ազատորեն ու գլուխ խոնարհենք մեր որդիների հիշատակի առաջ»:
Հուշակոթողի բացման և դասասենյակի անվանակոչության արարողություններից հետո Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ անչափ հուզիչ հերոսապատում-ցերեկույթ: «Տարածքը, որի վրա զինվորի արյունն է թափվել, սոսկ հողակտոր չէ, այլ հայրենիք»,- հիշեցրին դպրոցի սաները, որոնց մեջ էր նաև Անդրանիկի դպրոցահասակ քույրը` Մարին: Արցունքն աչքերին, բայց հպարտությունը սրտում նրանք հիշեցին ոչ միայն Անդրանիկին, այլև այն պատմական դիրքը, որտեղ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գրվեց մեր նորօրյա պատմության ամենափառավոր էջերից մեկը: Հենց այդ դիրքում, վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, 6 հոգանոց սահմանապահ խումբը, որոնց մեջ էին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը, կարողացավ ժամեր շարունակ թշնամու մի քանի հարյուր հոգանոց ադրբեջանական հրոսակախմբին քաջաբար

դիմակայել` երկու անգամ հետ շպրտելով թշնամուն ու խոցելով հակառակորդի մեկ տանկ: Ցավոք, անհավասար մարտում նախ զոհվեցին կապիտան Ուրֆանյանն ու գնդացրորդ Քյարամ Սլոյանը: Ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու մյուս երկու զինվորները շարունակեցին մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, Ռոբերտ Աբաջյանը երկու զինվորներին ուղարկեց փամփուշտի, իսկ դիրքում մնացած վիրավոր Ռոբերտն ու Անդրանիկը համառորեն շարունակեցին անհավասար մարտը: Շուտով Անդրանիկն արյունահոսությունից մահացավ, իսկ Ռոբերտը, նկատելով իրեն մոտեցող թշնամուն, բացված նռնակը թաքցրեց ափի մեջ և թույլ տալով, որ բավականաչափ մոտենան իրեն, իր հետ միասին նռնակով պայթեցրեց հակառակորդի մի քանի զինվորի:

«Սա թերևս այս դպրոցի լավագույն դասերից մեկն էր` հայրենասիրության դաս»,-ասաց Անդրանիկի հայրը` իր երախտագիտության խոսքը հայտնելով որդու բոլոր ուսուցիչներին, որոնք քաջության ու հայրենասիրության դասեր են տվել իրենց սաներին:


