Բոլոր այն շարժումները, որ պատերազմ կհայտարարեն իշխանություններին, զոհվելու են. Ա.Պեպանյան
«Նայե՛ք անցյալ 20 տարվա շարժումների պատմությունը: Իմ ասածից բացառություն կա ՞, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը դասական քաղաքական պայքարի հակացուցվածության, քաղաքական հետընթացի պատճառների և սպասվող հնարավոր զարգացումների մասին խոսելիս նշեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:
Այդ շարժումների բոլոր առաջնորդներն, ըստ նրա, բարոյապես մեռած են: Ժողովուրդը ևս ջախջախվելով մեռնում է:
«Երբ Րաֆֆին սկսեց իր շարժումը, ես նրան խնդրում էի մարդկանց ևս մեկ անգամ չտանել հուսալքության: Այդ շարժումից հետո ժողովրդի մեջ այլևս հույս չմնաց: Ժողովրդի մի մասն արտագաղթեց, մի մասը պարփակվեց` առանց փոփոխությունների որևէ հույսի, որոշեց չարձագանքել «պայքար-պայքար» կոչերին»,-նշեց բանախոսը:
Ըստ Պեպանյանի` բացի Վազգեն Մանուկյանից` բոլոր նրանց, ովքեր շարժում են ղեկավարել և մարդկանց տարել հրապարակ, հարկավոր է կանչել Ազատության հրապարակ ու գանահարել,-«Ավելին եմ ասում` նրանք հանցագործ են այն իմաստով, որ նրանցից յուրաքանչյուրը չի կարող ասել «ես տեղյակ չէի», բայց, իրականում, պարտավոր էր անցյալը հաշվի առնել:
Բանախոսի կարծիքով Վազգեն Մանուկյանն ուներ որոշակի թվով հետևորդներ, գաղափարական տարր, իսկ իր դեմ կարդացած-գրող տղաներ էին, միասին ազգային շարժումից դուրս եկած տղաներ, ովքեր կմտածեին արժե կրակել, թե ոչ,սակայն կրակեցին, իսկ այս իշխանությունները փողոցից են եկել, կոմպլեքս չունեն, իսկ ընդդիմությունն ավելի քիչ թվով հետևորդներ ունի, քան Մանուկյանն այն ժամանակ:
Իսկ ո՞րն է այս ամենի պատճառը
«Մոտ 100 տարի առաջ ֆրանսիացի հոգեբան Լեբոնի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե ինչ-որ ժողովրդի Սահմանդրություն բերում են ու տալիս այլ ժողովրդին, ապա տվյալ ժողովրդի ազգային ոգին պիտի բարձրացվի ու համապատասխանեցվի դրան: Եթե դա չանեք, ժողովուրդը կկործանվի: Մենք գնացինք-բերեցինք Եվրոպական օրենքներ, չնայեցինք` մեր կազմակերպվածության առումով հարի՞ր ենք այդ Սահմանադրությանը»,-նշեց Պեպանյանը:
Ազգային ոգին, ըստ նրա, այն է, ինչ մարդիկ մտածում են իրենց մասին, ինչ պատմություն, հերոսներ, ինչ քաղաքական անցյալ են ունեցել: Նույն ֆրանսիացիներն, ըստ Պեպանյանի, մի քանի հարյուր տարի խորհել են ու եկել գիտակցությանը, թե ինչ ձևով ապրեն, որպեսզի առաջ գնան: Այս գիտակցությունը ֆրանսիացիներն արդեն ունեն ու իրենց մեջ նստած է «չի կարելիների համակարգ», որ օրենքի տեսք է ստացել:
Այսինքն, ըստ, բանախոսի, մինչև «իշխանությունը պատկանում է ժողովրդին» հոդվածը կարդալով մարդկանց հրապարակ տանելը` պետք էր ստեղծել անկախ դատական համակարգ, օրենսդիր մարմին, անհրաժեշտ էր ունենալ համապատասխան մակարդակի ընտրող, ու տեղական իշխանություններ, որ այս մեքենան աշխատեր: Հակառակ դեպքում` մարդը սկսում է մեղադրել իրեն`«ազգ չենք» ու այլ խոսքերով: Նման պետությունը քաղաքացու համար դառում է դժոխք:
«Մարդ, որ 7 տարի եղել է իշխանության ու տեսել այս ամենը, հիմա քաղաքական պայքարի դրոշ է բարձրացնում 2-րդ անգամ»,-ասաց Պեպանյանը:
Ի՞նչ պետք է արվի
Ըստ Պեպանյանի` երկու ճանապարհ կա: Կամ ի հայտ է գալիս էլիտա, որը հասկանում է ժողովրդի գիտակցության և օրենքի միջև դիսբալանսի առկայությունը և լծվում է ազգային ոգին փոխելու բարդ գործին կամ մտովի Սահմանադրությունը, ընտրությունները դնում ենք մի կողմ, փորձում հասկանալ ով ենք, ինչ քայլեր պիտի անենք այս վիճակից դուրս գալու համար:
«Մի
քանի շարժում կա հանրապետությունում, որ այս ուղղությամբ է ընթանում: Դրանցից է Նախախորհրդարանը,
որ հայտարարում է, որ չի մասնակցում այս խաղին, ձևական ընտրություններին»: Հաջորդ նախաձեռնությունը,
որ կարևորում է Պեպանյանը, Նիկոլ Փաշինյանի
և ընկերների «Քաղաքացիական պայմանագիր» շարժումն
է, որ համարյա նույն միտքն է արտահայտում` պետք է իմի բերել ամեն ինչ, միկրոպետության
պես կառույց ստեղծել, որն էլ աստիճանաբար կսկսի մեծանալ ու տարածվել:
Երրորդն նման շարժումն էլ Պեպանյանը համարում է իր կողմից համակարգվող «Վերելք» ակումբը,
որն այս ուղղությամբ է աշխատում 2006թ.-ից: Պեպանյանի խոսքերով`շարժումը կոչ է անում մի կողմ թողնել այս ձևական ընտրությունները,
հավաքել իրենց պես մտածողներին, ստեղծել մի կառույց, որն ունի այլ արժեքներ, պետության
համարյա բոլոր գործառույթները և որը հաջող կազմակերպման դեպքում կծավալվի ու արդեն ինքը
կդառնա որոշող:
Իսկ այս ամենն, ըստ Պեպանյանի, չի կարող անել մի քաղաքական ուժի ղեկավար, ով հանրությանը խորհուրդ է տալիս Նժդեհ չընթերցել` նրա ուսմունքն արդեն հին համարելով, այն դեպքում, երբ հենց Նժդեհն է տալիս ազգային որգին նորոգելու իրական դեղատոմսը: