Այլալեզու կրթությունը անընդունելի է. Դավիթ Գասպարյան
Խոսքը վերաբերում է Նիկոլայ Ռիժկովի այն հայտարարությանը, թե պետք է ռուսական դպրոցները Հայաստանում շատացնել,։ Նշենք, որ նույն անձնավորությունը խոսելով Ղրիմի հիմնախնդրից նշել է, որ Ղարաբաղի խնդիրը այլ է և պետք չէ դրանք համեմատել։
Արտեմ Հարությունյանը կողմ արտահայտվեց նաև ռուսալեզու դպրոցների բացմանը. «Հայոց լեզվի վրա ոչ մեկ «վրա տալ» չի կարող։ Եվ ես գտնում եմ, որ ռուսական դպրոցները պետք է շատացնել», -նշեց նա։
Չհամաձայնվելով բանաստեղծի հետ՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ այս հարցը բավականին լուրջ է. «Այլալեզու կրթությունը անընդունելի է։ Մեր դպրոցը պետք է այնպիսի կրթություն տա, որ երիտասարդները լեզվական դժվարությունների չբախվեն։ Մենք գիտենք մեր հիվանդությունները, սակայն երբ դրա մասին ասում են դրսից, օտարները, անհարգալից է», - ասաց նա՝ ընդգծելով, որ ռուս գործիչները նման հայտարարություններ իրենց թույլ չէին տա Վրաստանում կամ Ադրբեջանում. «Մենք հեշտությամբ մեր ազատությունը մատուցեցինք մեր վաղեմի բարեկամին, մենք կողմ ենք բարեկամությանը, սակայն այդ բարեկամությունը միակողմանի չպետք է լինի», - ասաց Դավիթ Գասպարյանը։
«Ղարաբաղը շահեկան դիրքում է, քանի որ այն պատմականորեն հայկական հող է, իսկ Ղրիմը ցարական ժամանակներից նվաճված և վերանվաճված հող է։ Ղարաբաղը իր տեղում է՝ Հայաստան եղել է, Հայաստան էլ կմնա», - ասաց գրականագետը մեկնաբանելով Ռիժկովի՝ Ղարաբաղի մասին արված հայտարարությունը։