Հայերեն   English   Русский  

ՊԱԼՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ


  
դիտումներ: 7219

Ստամբուլի Դոլմաբախչեի պալատը՝ կառուցված Պալյանների գերդաստանի կողմից:

Կան քաղաքներ, որոնք ուրույն մշակույթ ունեն, և դժվար է խոսել այդ քաղաքների ազգային պատկանելության մասին. օրինակ՝ Բաքուն, Թիֆլիսը, Ստամբուլը, Օդեսան…

Այս շարքում Ստամբուլն, ինչ խոսք, ամենախայտաբղետ, ամենագեղեցիկ ու ամենաբազմամշակութային քաղաքն է: Ստամբուլի շատ պատմական շինություններ հեղինակել են մեր հայրենակիցները, հատկապես՝ Պալյանների հռչակավոր տոհմը:

Պալյանների գերդաստանը, հենվելով հայկական և բյուզանդական ճարտարապետական ավանդույթների վրա, փաստորեն, հայազգի մյուս մեծահամբավ ճարտարապետից՝ Սինանից հետո նոր շունչ հաղորդեց և արդիականացրեց թուրքական ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը:

Տոհմի առաջին ներկայացուցիչը Կայսերի քաղաքում բնակվող հայազգի Պալի Քալֆան էր, որ «Հասսա» ճարտարապետական ընկերության կողմից հրավիրվեց Կոստանդնուպոլիս: Մինչ այդ վարպետ Պալին, որ ճարտարապետական կրթություն չուներ, Կայսերիում հայտնի էր որպես հմուտ քարագործ. գեղեցիկ շինություններ էր կառուցում: Քալֆա թուրքերեն նշանակում է ինքնուս վարպետ:

Վարպետ Պալին երեք որդի ուներ՝ Գրիգորը, Սենեքերիմը և Պետրոսը: Նրանք փառավորեցին իրենց և Պալյանների տոհմի անունը՝ կառուցելով բազում հիասքանչ շինություններ մայրաքաղաքում:

Գրիգոր Պալյանը ծնվել է 1764 թ.: Սելիմ Գ սուլթանը նրան նշանակեց Պոլսի կառուցապատման պատասխանատու, «Հասսա» ճարտարապետական ընկերության գլխավոր ճարտարապետ: Նա միաժամանակ սուլթանի խորհրդականն էր: Գրիգոր Պալյանը կառուցեց Դավութ փաշայի պալատը, Ռամի պալատը, Սելիմյե և Թաքսիմի զորանոցները, Նյուսրեթիյե մզկիթը: Առանց չափազանցության, այս կառույցներից մանավանդ Դավութ փաշայի և Ռամի պալատները Պոլսի այցեքարտերից են համարվում: Գրիգոր Պալյանը մահացել է 1831 թ.: Նա կառուցել է նաև Բեշիկթաշի թագավորական և այլ պալատներ, նաև՝ Քասր-ը-Ջեդիդը, Թերսանեի դղյակը, Թոփխանեի մզկիթը, Գում Գափուի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բախչեքյոյի Վալիդե ամբարտակը, եկեղեցի Կեսարիայում և այլն:

Գրիգոր Պալյանի կրտսեր եղբայրն է Սենեքերիմ Պալյանը, որ ծնվել է 1768 թ., մահացել՝ 1833 թ.: Նա Պոլսում կառուցել է 85 մ բարձրությամբ Բեյազետի աշտարակը:

Առավել աչքի ընկավ Գրիգոր Պալյանի որդին՝ Կարապետը (1800-1866): Նրա ստեղծագործությունների պսակն է Դոլմաբախչեի պալատը, որ ունի 285 սենյակ, 43 սրահ, 43 զարդասենյակ, 6 թուրքական բաղնիք: Դոլմաբախչեի պալատը Օսմանյան սուլթանների վերջին նստավայրն էր: Կարապետ Պալյանն այն կառուցեց Աբդուլ Մեջիդ Ա սուլթանի պատվերով: Դոլմաբախչեն 1921 թվականին դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նստավայը, որտեղ էլ նա մահացավ 1938 թ.: Դոլմաբախչեի պալատն այժմ թանգարան է, որտեղ բոլոր ժամացույցները կանգնեցված են և ազդարարում են Աթաթուրքի մահվան ժամը:

Դոլմաբախչեի պալատում պահպանվում և ցուցադրվում է հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ամենամեծ հավաքածուն:

Կարապետ Պալյանն իր գործունեությունից առաջ երկար շրջագայեց Անիում՝ ուսումնասիրելով հայկական միջնադարյան ճարտարապետությունը, արդիականացնելով և կիրառելով այն նորովի:

Կարապետ Պալյանի գործերից են նաև Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Ելդըզի հին ապարանքը, Եդիքուլեի «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը, կից՝ Սուրբ Հակոբ, Բեշիկթաշի Սուրբ Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները, Դոլմաբախչեի մզկիթը, նաև ամբարտակներ, գործարաններ և այլն: Նա ընդհանուր առմամբ կառուցել է 7 պալատ, 4 գործարան, մզկիթ, զորանոցներ, 4 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց և այլ շինություններ:

Կարապետ Պալյանը ակտիվ մասնակցում էր հայության հասարակական կյանքին: Նա հայոց ազգային, հոգևոր ժողովների անդամ էր: Հոգացել է Սկյուտարում իր կառուցած ճեմարանի ծախսերը, նյութապես օժանդակել «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցի շինարարությանը, որին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան: Պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով:

Իսկ Կարապետ Պալյանի որդին՝ Նիկողայոսը (1826-1858), շարունակեց հոր գործը՝ զարդարելով Դոլմաբախչեի պալատի ճակատային մասը: Նիկողայոս Պալյանը 1845 թ. ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Նա մասնավոր արվեստանոց բացեց Պոլսում, որտեղ սովորեցնում էր հայ որմնանկարիչներին, քարագործ վարպետներին: Նա նաև ակտիվորեն մասնակցում էր պոլսահայերի հասարակական կյանքին: Մասնակցել է 1863 թ. սուլթանի կողմից հաստատված Ազգային սահմանադրության մշակմանն ու քննարկմանը: Նիկողայոս Պալյանը մահացավ երիտասարդ հասակում, բայց հասցրեց կառուցել նաև Դոլմաբախչեի ժամի աշտարակը, թագադրության սրահը, պալատական թատրոնը, Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը, Դոլմաբախչեի և Օրթաքյո մզկիթները: Նա նաև Չըրաղանի հին պալատի գրադարանի կառուցողն է և նոր պալատի նախագծողը:

Պալյանների գերդաստանի ամենահռչակավոր ու ամենաանվանի ներկայացուցիչը Սարգիս Կարապետի Պալյանն է: Նա XIX դարի Օսմանյան կայսրության ամենահանճարեղ ու ամենահեղինակավոր ճարտարապետն էր, Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետը: Ծնվել է 1835 թ., Կոստանդնուպոլսում, սովորել Փարիզի Սեն Բարբ բարձրագույն դպրոցի ճարտարապետության բաժնում, ապա՝ Էկոլ Սանտրալի արվեստի բաժնում, Փարիզի գեղարվեստի դպրոցում: Սարգիս Պալյանը նաև մեծ գյուտարար էր: Նա երկու մեքենայի գյուտի հեղինակ է, որոնք Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում մրցանակի են արժանացել, դրանց համար նա բրիտանական կառավարությունից մենաշնորհ է ստացել: Մահացել է դարավերջին՝ 1899 թ.:

Սարգիս Պալյանի գործերից ավելի քան հիսունն այսօր էլ կանգուն են և զարդարում են Ստամբուլը՝ վեհություն ու նրբաճաշակ շունչ հաղորդելով քաղաքին: Իսկ Սարգիս Պալյանի ամենահրաշագեղ կառույցը Չըրղան պալատն է:

Սարգիս Պալյանի գործերն են նաև հայտնի Ելդըզի պալատը, Բեյլերբեյի պալատը, Չըրաղանի նոր պալատը, Գանտիլլի Աթիլե սուլթանի, Բալթալիմանի ծովափնյա, 12 կայսերական ու մեծահարուստների ապարանքները, 4 մզկիթ, Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը, Համիդիեի ժամացույցի աշտարակը և այլն:

Սարգիս Պալյանը 1873 թ. հիմնել է շինարարական մեծ ընկերություն, որը զբաղվում էր կամուրջների ու երկաթուղիների կառուցման աշխատանքներով:

Օսմանյան սուլթանները շռայլորեն պարգևատրել են Սարգիս Պալյանին իր ծառայությունների համար: Պետք է նշել, սակայն, որ հայկական միջավայրում անվանի ճարտարապետը հալածանքների ու բանադրանքների էր ենթարկվում իր զբաղեցրած բարձր դիրքի պատճառով: Չնայած դրան՝ նա սիրահոժար աջակցում էր հայ համայնքին դրամական միջոցներով: Մասնավորապես՝ իր միջոցներով կառուցել է Տոլաբդերեի Արշակունյաց և Վանի նահանգի Մերամեթ գյուղի վարժարանները: Նա իր պալատում է հյուրընկալել անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, որի աշխատանքներով ոգեշնչված՝ ինքն էլ նկարում էր, նաև հրաշալի դաշնակահար էր: Սարգիս Պալյանն է Այվազովսկուն ներկայացրել սուլթան Աբդուլ Ազիզին, և վերջինս մեծ պատվերներով ապահովել է ծովանկարչին:

Սարգիս Պալյանն ապրում էր Պոլսի մոտ գտնվող իր Գուրուչեշմեի կղզյակում, որտեղ էլ մահացավ:

Նրա եղբայրը՝ Հակոբ Պալյանը (1838-1875), սուլթան Աբդուլ Ազիզի պատվերով կառուցեց Բեյլեբեյի հսկա պալատը, որի կառուցմանը միաժամանակ 5000 բանվոր է մասնակցել: Կառուցել է նաև Բեյքոզի, Սկյուտարի Գոշուելուի Մայր թագուհու և 2 փաշաների ապարանքները, Աքսարայի Բերթևնիյալ Մայր թագուհու մզկիթը, այլ կառույցներ: Նա ևս հովանավորում էր Ստամբուլի հայ գործիչներին, իր հարկի տակ հավաքում նրանց: Նրա միջոցներով կառուցվել է Արևելյան թատրոնը և վերակառուցվել Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքերը:

Հայտնի է, որ Տիգրան Չուխաջյանն իր «Արշակ Երկրորդ» օպերան ձոնել է վաղամեռիկ Հակոբ Պալյանին, որը մեծահարգ մեկենաս էր և հաճախ էր իր տանը կազմակերպում պոլսահայ մտավորականների, արվեստագետների հավաքներ ու ճաշկերույթներ: «Արշակ Երկրորդ» օպերայի նախերգանքը կատարվել է Հակոբ Պալյանի ապարանքում, 1868 թվականին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: