Հայերեն   English   Русский  

Եռյակ, քառյակ, թե տասնհինգյակ լինի, չունի արտահերթ ընտրությունների անցկացում պարտադրելու ռեսուրսներ. քաղաքագետ


  
դիտումներ: 1083

«Ներքին քաղաքական դաշտում ոչինչ տեղի չի ունենում»,-այսօր լրագորղների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Սա մինչ այդ տեղի ունեցածի բնական հետևանքն է, և իրավիճակը նույնը կմնա»:

Խոսելով Ազատության հրապարակի հարթակից հանդես եկող քաղաքական ուժերի` իշխանություններին ներկայացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի մասին` քաղաքագետը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման հասնելու համար նախ պետք է ստիպել իշխանություններին հայտարարել դրանք:

Իսկ ընդդիմությունը նման ռեսուրսներ չունի: «Շատ բան կարելի է խոսել. իշխանությունների համար արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորում չկա: Ով էլ լինի, չեմ կարծում կարողանա այս պահին իշխանություններին ստիպել անցկացնել արտահերթ ընտրություններ»:

«Այն ժամանակ, երբ Հայաստանում որևէ քաղաքական ուժ հրապարակ դուրս բերի 50.000-ից ավելի մարդ ու պահի այնտեղ կես տարի, այդ ժամանակ կխոսենք: Ինձ համար խոսքերը բավական չեն, անհրաժեշտ են այլ ցուցիչներ»,-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Իսկանդարյանը կարծում է` Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև այդ հարցում կոնսենսուս չկա և չի էլ լինի:

«Եթե իշխանությունն անցկացնի այդ բարեփոխումները, ինչն ինձ համար դեռ հարց է, ապա քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսին ուշադրություն չի դարձնի»,-նշեց Իսկանդարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: