Հայերեն   English   Русский  

Նոր անարդարություն Բուդապեշտում և մտածելու նոր առիթ


  
դիտումներ: 1683

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները պատվով վերադարձան: Նվաճած մեդալներն էլ վկայում են, որ մերոնք լրջորեն էին նախապատրաստվել այդ փորձությանը:

Չեմպիոն դարձավ ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը (96 կգ) բավարարվեց արծաթե պարգևով, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ կգ) և Ռոման Ամոյանն (55 կգ) արժանացան բրոնզե մեդալների: Այդուհանդերձ, մտահոգողն այն է, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանյանից գողացան ոսկե մեդալը:

22-ամյա մեր ըմբիշը եզրափակչում ամենևին էլ մրցակցին չպարտվեց, բայց մրցագորգի մրցավարը, նրա գործընկերները մեր մարզիկից պարզապես խլեցին բարձրագույն պարգևը: Եվ դա արվեց ակնհայտորեն:

Ալեքսանյանի և ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով, և քանի որ մեր մարզիկը վերջինն էր միավոր վաստակել, նա էլ պետք է ճանաչվեր հաղթող: Բայց մրցագորգի մրցավարն իր սև գործն արել էր, մեր մարզիկին նկատողություն էր հայտարարել, որն էլ մրցակցին առավելություն էր տալիս: Ի դեպ, նա դա արել է այն ժամանակ, երբ Ալեքսանյանը մրցագորգին պառկած փորձում էր պաշտպանվել, որպեսզի ռուսաստանցին գլորում չկարողանա կատարել: Եթե Արթուրը դուրս գար սահմանագծից, ապա կհամարվեր, որ նա կարգը խախտել է, բայց այդպիսի իրավիճակ չկար: Եվ մրցավարը, մեր մարզիկին հանիրավի նկատողություն տալով, նրա մրցակցին էլ 1 միավոր նվիրելով, թույլ տվեց, որ Մելնիկովը նոր գրոհ ձեռնարկի ծնկած դիրքից: Եվ ռուսաստանցին 1 միավոր էլ վաստակեց երկրորդ անգամ ծնկած դիրքից պայքարը շարունակելուց հետո:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, չթաքցնելով իր վրդովմունքը, նշել է, որ մրցավարները ռուս ըմբիշի կողմից էին: Նրանք Արթուրին անհիմն են պատժել, նկատողություն տվել, քանի որ նա մրցագորգի կարմիր շրջագծից ներս է գտնվել: «Բացի այդ, Ալեքսանյանը չէր շարժվում, այլ ռուս ըմբիշն էր նրան դիտմամբ հրում` փորձելով տեղաշարժել: Այս դեպքում մրցավարները լավ չդատեցին, լավ չէին տեսել կամ էլ ռուսների կողմից էին»,- ասել է, նա

Դեր խաղաց ևս մեկ հանգամանք: Նազարյանի սանը` 60 կգ քաշային Իվո Անգելովը մինչև այդ չեմպիոն էր դարձել` հաղթելով ռուսաստանցի Իվան Կուլյակովին: Ռուսաստանի ներկայուցիչները ազդեցիկ դիրքեր ունեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում, և պարզապես բացառվում էր, որ նույն օրը եզրափակիչ դուրս եկած այդ երկրի երկու ներկայացուցիչն էլ վճռական գոտեմարտերում ձեռքից բաց թողնեն ոսկե պարգևները: Ի դեպ, այս տարի Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Ալեքսանյանն անարդարացիորեն կրկին չեմպիոն չէր դարձել, և հաղթող էր ճանաչվել նույն Մելնիկովը: Եթե կազմակերպիչ երկրի ներկայացուցչի համար այդ ճանպարհով հաջողության հասնելն այնքան էլ զարմանալի չէ, ապա այս պարագայում ուղղակի խայտառակություն է: Առավել ևս, որ այդպիսի բաների պատճառով քիչ էր մնում, որ ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանվեր: Այդ կազմակերպության նորընտիր ղեկավարությունը խոստացել է, որ ամեն ինչ արդար կլինի, բայց, ինչպես երևում է, պատկերը գրեթե չի փոխվել:

Մելնիկովը պարգևատրման արարողության ժամանակ ձեռք մեկնեց մեր ըմբիշին: Նա շատ տխուր էր և պատվո պատվանդանից իջնելուց անմիջապես հետո վզից հանեց ոսկե մեդալը: Ինչ վերաբերում է Ալեքսանյանին, ապա մեր մարզիկը շատ ծանր է տանում կատարվածը:

Ի դեպ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մրցավար չուներ: Բանն այն է, որ մեր մրցավարներից որևէ մեկը համապատասխան միջազգային կարգ չունի: Թերևս մրցավարների խմբում մասնագետի բացակայությունը մեծ բաց է: Մտածելու առիթ կա, թե ինչու այդ հարցը երկար ժամանակ չի կարգավորվում: Բայց դա այլ խոսակցության թեմա է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: