Հայերեն   English   Русский  

Շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով


  
դիտումներ: 1734

Շախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում, որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:

- Նախատեսված էր սեպտեմբերին Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն անցկացնել: Հաղթող թիմը խաղալու էր հոկտեմբերի 19-27-ը Հունաստանի Հռոդոս կղզում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությունում, սակայն մեր հայտարարությունից հետո ոչ մի արձագանք չեղավ: Ընդ որում, մի շարք կազմակերպությունների, շախմատի կենտրոնների դիմեցինք, բայց ցանկացողներ չեղան: Թերևս պատճառն այն է, որ շախմատային ակումբներ, որպես այդպիսին, Հայաստանում չկան, չեն ձևավորվել: Նաև հետաքրքրվեցինք, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ նախկինում եղել են «Միկա», «Բանկային արքա», ՖԻՄԱ-յի շախմատիստների թիմերը, որոնք հաջող են հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնությունում, բայց դրանք ցրվել են, քանի որ Հայաստանում միջավայր չկա ակումբային շախմատի զարգացման համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մարզերի ֆեդերացիաների ուժերով փորձում ենք ակումբային շարժում ձևավորել, որպեսզի եկող տարի առաջնություն կազմակերպվի:

- Հնարավո՞ր է, որ նախապես որոշվել էր առաջնությունը Գյումրիում անցկացնել, և դա պատճառ դարձավ, որ թիմերը չխաղան:

- Այդ հանգամանքը ոչ մի դեր չի խաղացել: Պարզապես չունենք շախմատի ակումբային այնպիսի շարժում, ինպիսին եվրոպական երկրներում կամ Չինաստանում է: Հայաստանում կա շախմատի շարժում կրթօջախներում, շախմատն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Կարծում եմ` շախմատի զարգացման համար պետք է խրախուսել ոչ թե դպրոցներում շախմատի քարոզչությունը և տարածումը, այլ` ակումբային շախմատը: Շախմատը ոչ թե խաղ է բոլորի, այլ առավել օժտվածների համար:

- Անդրադարձաք եվրոպական երկրներին, Չինաստանին: Շախմատի ներուժով Հայաստանը շատ երկրներից առաջ է: Ինչո՞ւ են մեր երկրի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և ուիշները, խաղում արտասահմանյան լավագույն ակումբներում, քանիցս դարձել են տարբեր երկրների չեմպիոններ և մրցանակակիրներ, սակայն Հայաստանում հանդես գալու հնարավորություն չկա: Գուցե պետք է մե՞ծ փողեր ներդրվեն, գործարարներն այդ աշխատանքում ներգրավվեն:

- Անպայման պետք է գործարարները մասնակցեն այդ շարժմանը: Այդուհանդերձ, գործարար աշխարհի ներկայացուցիչները հենց այնպես փողեր չեն տրամադրում: Նրանք պետք հետաքրքրություն, շահագրգռություն ունենան: Մեր շախմատիստներին և շախմատիստուհիներին եվրոպական և չինական ակումբները գումարներ են տալիս:

- Բայց շախմատի ակումբային առաջնության անցկացումը մի՞թե կարող է եկամտաբեր դառնալ: Հայաստանում մրցամարտերի ընթացքին հետևելու ցանկություն այդքան շատ մարդ կունենա՞, կատարված ծախսերը կփոխհատուցվե՞ն:

1- nyut լաMagnus-Carlsen-levon-aronian-london-classics2012 - Հայաստանում մեծ թվով մարդիկ չեն ցանկանա ակումբային առաջնությանը հետևել: Այժմ մեր երկրում անցկացվում են բարձր վարկանիշով միջազգային մրցաշարեր, բարձրակարգ շախմատիստներ են խաղում նաև Հայաստանի տղամարդկանց առաջնություններում, սակայն խաղասրահները նախկինի պես մարդաշատ, լեփ-լեցուն չեն: Կարելի է ասել, որ դրանք նույնիսկ կիսադատարկ չեն: Այնպես որ եկամտի մասին խոսելն ավելորդ է: Իսկ խոշոր կազմակերպություններին ձեռնտու չէ թիմեր պահելը, քանի որ ոչնչով չեն նպաստի դրանց աշխատանքի բարելավմանը, ո՛չ գովազդի, ո՛չ աշխույժ առևտրի առումով:

- Այն տպավորությունն է, որ հայկական շախմատը սկսել է դոփել տեղում:

- Զարմանալի է, որ նկատել եք դա: Մի բան է, երբ հաջողություններ են լինում, նկատի ունեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի առաջնությունում հաղթանակները, մեկ այլ բան է շախմատի ընդհանուր վիճակը: Հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր լավագույն խաղացողներով համալրված հավաքականի նախապատրաստությանը և մրցելույթների ընթացքին: Մնացածը, որը պետք է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամներն անեն, այն չէ: Ինձ ևս թվում է, որ շատ բան դոփում է տեղում: Փաստն այն է, որ անկախացումից հետո ունենք նոր սերնդի շախմատիստներ, որոնք հասնում են գրոսմայստերի մակարդակի, բայց դրանից հետո նրանց արդյունքները սկսում են նվազել: Այդ հատվածի հետ աշխատող օղակ չունենք: Չկա որևէ մարմին, որը գրոսմայստերների հետագա աճն ապահովի: Մի տեսակ ստացվում է, որ շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայումս համալրված է խորհրդային ժամանակների շախմատիստներով: 23 տարի է անցել, բայց հավաքականում նոր խաղացողներ չկան, ոչ էլ մրցասպարեզում են նշմարվում խաղացողներ, որոնք կարող են թիմը համալրել:

- Թուրքիայում օրերս կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը չդարձավ մրցանակակիր: Ընդ որում, այդ տարիքի շախմատիստների մրցումներում նախկինում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, լինելով տարիքով ավելի փոքր, համեմատաբար լավ էր հանդես գալիս իրենից ավելի մեծերի հետ պայքարում: Ո՞րն է պատճառը:

- Համամիտ եմ: Կա նաև խրախուսելու, քարոզչության խնդիր: Երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երկրորդ անգամ որպես գլխավոր մրցավար կսպասարկի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Բայց այդ մասին գրեթե չի խոսվում: Մարզիչներն էլ ուշադրության կարիք ունեն: Մասնավորապես Վրեժ Օրդյանը մեր լավագույն մասնագետներից է, բայց նա այլևս Հայաստանում չի աշխատում, դուրս է եկել, շախմատի հեռակա դպրոց է հիմնել և օգնում է դրսի խաղացողներին: Շախմատային մթնոլորտն այն չէ, կազմակերպչական աշխատանքը կաղում է: Եթե այսպես շարունակվի, արդյունքներն էլ կնվազեն:

- Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում տարաձայնություններ, խմորումներ կա՞ն: Օրինակ` կազմակերպության փոխնախագահ, Հայաստանի շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից դժգոհողները քիչ չեն:

- Ժամանակին առաջին բողոքը բարձրացրել է, չի ցանկացել համատեղ աշխատել Բարսեղ Բեգլարյանը և հրաժարվել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից: Ֆեդերացիայի կանանց շախմատի հանձնաժողովի նախագահ Արգեն Գեղամյանը հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել, և նա վերընտրվել է: Ինձ համար անհասկանալի է Հայաստանում շախմատային ակադեմիայի գործունեությունը: Ակադեմիան ենթադրում է ապահովել բարձր մակարդակի շախմատ, սակայն այն զբաղվում է գյուղական բնակավայրերում շախմատը մասսայականացնելու, ինչ-ինչ հարցերով: Ի վերջո, ակադեմիան անցած ժամանակահատվածում պետք է կադրեր աճեցներ օլիմպիադայի մասնակցող հավաքականի համար: Չէի ցանկանա ներքին խնդիրների անդրադառնալ և գործընկերներիս մասին հանդիմանական բաներ ասել:

- Բայց կարելի է մեկ անգամ հավաքվել և շիտակ զրույց սկսել, կնճռոտ հարցերին անդրադառնալ:

- Այո, դրա անհրաժեշտությունը կա:

- Ինչո՞ւ վերջին շրջանում մեր առաջատար շախմատիստները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և մյուսներն իրենց նման չեն: Մեծ ներուժ ունեցող շախմատիստներ կան, բայց դա դրսևորել չեն կարողանում:

- Կազմակերպչական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը խանգարում է: Այս մասին նախագահը տեղյակ չէ: Մասնավորապես, ինքս հարց եմ բարձրացրել, որ այդ մակարդակի խաղացողներն օգնության կարիք ունեն: Փորձառու շախմատիստների հետ համատեղ աշխատելու լուրջ խնդիր կա: Վերջերս Արոնյանին ասել եմ, որ իր արդյունքներն իջնում են, քանի որ ճիշտ չի աշխատում: Լևոնը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Էլինա Դանիելյանն իմ սաներն են եղել: Ինքս վրդովված եմ, քանի որ բոլորն էլ մեծ օգնության կարիք ունեն: Մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը, վերջին երեք տարին տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում, սակայն շախմատային ոչ մի աշխատանքում ներգրավված չէ: Նա ընտրվել է ֆեդերացիայի գրոսմայստերի հանձնաժողովի նախագահ, բայց աշխատանք դեռևս չի ծավալել:

- Խնդիրը ֆինանսների բացակայության հե՞տ է կապված:

- Ոչ, սոսկ կազմակերպչական բնույթի է: Շեշտը դրվել է շախմատը մասսայականացնելու վրա, բայց դա խանգարում է պրոֆեսիոնալիզմին, այն ճանապարհը, որ ընտրվել է, սխալ է: Ինքս դեմ եմ, որ շախմատը որպես առարկա դասավանդվի հանրակրթական դպրոցներում: Ի դեպ, 1980-84 թվականներին իմ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ շախմատը դասավանդվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: Արդյունքը բացասական էր: Ուսումնասիրություններ կատարեցինք պրոֆեսորներ Լալայանի և Քալայանի հետ միասին: Համոզվելու համար միայն մեր փորձին չապավինեցինք : Ժամանակին` 1950-70-ական թվականներին, շախմատը դասավանդվել է եվրոպական երկրների դպրոցներում, և բացահայտվել է, որ երեխաներին չի կարելի սահմանափակել, ստիպել ավելորդ ժամանակ վատնել մի բանի վրա, որը նրանց սրտով չէ: Եթե նախասիրություն չկա, պարտադրաբար չի կարելի շախմատով զբաղվել: Կարելի է դպրոցներում արտադասարանական պարապմունքներ կազմակերպել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: