Մինչև աշխարհի առաջնությունն Արթուրը պետք է նոր կանոններով գոտեմարտելու փորձ ունենար. Գևորգ Ալեքսանյան
«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի եւ Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:
Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաեւ հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը եւ հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին:
Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը:
Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը.
«Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշեց օլիմպիական չեմպիոնի հայրը: